

ԷկոԼուր
Սույն թվականի սեպտեմբերի 4-ին գործադիրը որոշեց «Սևանի իշխան» ՓԲԸ-ին առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 180 հեկտար հողամաս: Հողամասը գտնվում է Գեղարքունիքի մարզի Լիճք և Կարճաղբյուր գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում: Այս հողերը տրամադրվում են Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման համար: Կարճաղբյուր համայնքի 120 հա տարածքում ստեղծվելու է Սևանա լճից անկախ ջրամատակարարմամբ մանրաձկան տնտեսություն, որտեղ իրականացվելու է մայրական վտառի կազմավորում, շարունակական ապահովում, զարգացում, սելոկցիան, ձկնկիթի ստացում, բեղմավորում և ինկուբացիա, թրթուրի և մանրաձկան աճեցում, կենսունակ մանրաձկան տեղափոխում Սևանա լիճ: Լիճք համայնքի վարչական տարածքում գտվող 60 հա տարածքում կառուցվելու է ցանցավանդակներում բուծված իշխանի վերամշակման գործարան, որտեղ իրականացվելու է ձկան մաքրում, պաղեցում, խորը սառեցում, ծխեցում, ֆիլեավորում և պահածոյացում:
Հիշեցնենք, Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսվում է մինչեւ 2023թ-ը Սեւանա լճում ցանցավանդակային եղանակով բուծել 50 հազար տոննա ձուկ, որի ընդամենը 1,5 տոկոսը բաց կթողնվի Սեւանա լիճ: Ցանցավանդակային ձկնաբուծարանի ստեղծմանը ներգրավվելու են մոտ 80-100 կազմակերպություններ: Ձկները կերակրվելու են ֆոսֆոր եւ ազոտ պարունակող արհեստական կերով:
Սեպտեմբեր 04, 2014 at 14:48
