

ԷկոԼուր
Սույն թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը որոշեց «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը» ներկայացնել բնապահպանական պետական փորձաքննության եւ տնտեսագիտական անկախ փորձաքննության: Գործադիրը նաեւ որոշեց հիմնադրել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի անդամներն են` ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» ռազմավարական նպատակը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը և Սևանի հիմնախնդիրների լուծումն է: Ըստ Ծրագրի` նպատակին հասնելու ուղիներն են` Սևանա լճում մինչև 2023թ. մոտ 50 000 տոննա լճի էնդեմիկ ձկնատեսակների էկոլոգիապես կայուն արտադրության կազմակերպում և ամբողջական արժեշղթայի զարգացում, բնական վերարտադրության պայմանների ստեղծում, Սևանի հիմնադրամի հզորացում, միջոցների հատկացում Սևանի հիմնախնդիրների լուծմանը:
Ծրագրի իրականացումից ակնկալվող տնտեսական, սոցիալական և բնապահպանական արդյունքներն են. «1. Ծրագրի առաջին 10 տարիների ընթացքում հասնել տարեկան մոտ 50 000 տոննա ձկան արտադրության, վերամշակման և արտահանման, որի արժեքը կկազմի շուրջ 154 մլրդ դրամ: 2. Յուրաքանչյուր տարի արտադրվող ձկան 1.5% լիճ բաց թողնել (ծրագրված հզորության ապահովման պարագայում լիճ բաց թողնվող ձկան քաշը կկազմի տարեկան շուրջ 750 տ): 3. Տարեկան 10 000 տ և ավելի ձկան արտադրության պարագայում Հայաստանում ձկան կերի արտադրության լուրջ նախադրյալներ կստեղծվեն: Սա իր հերթին հնարավորություն կտա խթանելու բուսաբուծությունը, քանի որ ձկան կերի բաղադրության ավելի քան 50-70%-ը տարբեր գյուղատնտեսական մշակաբույսեր են: 4. Սևանի իշխանի արտադրության ոլորտում 2500-3000, իսկ ընդհանուր արժեշղթայում` 5000-6000 աշխատատեղի ստեղծում: 5. Ստեղծվող տնտեսությունների կողմից վճարվող գումարների հաշվին Սևանի հիմնադրամի հզորացում` Սևանա լճի ավազանի խնդիրների լուծման նպատակով: Ծրագրված հզորության ապահովման պարագայում այդ գումարը կկազմի տարեկան շուրջ 23 մլրդ դրամ»:
Էկոլոգիական հասարակական դաշինքը դեմ է այս Ծրագրին, քանի որ կարծում է, որ Սեւանա լիճը կվերածվի մի մեծ ձկնաբուծարանի, եւ ձկների արհեստական կերը կաղտոտի լիճը:
Նշենք, որ Ծրագրի նախագծում անճշտություն կա, որը «Բնապահպանական խնդիրներ» բաժնի հետեւյալ պարբերությունն է. «Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից վարած քաղաքականության շնորհիվ նվազել են նաև Սևանա լճից ջրի բացթողումների ծավալը: Օրենքի համաձայն` թույլատրվում է Սևանից բաց թողնել տարեկան մինչև 170 միլիոն մ3 ջուր: Վերջին տարիներին այդ ծավալները տատանվել են 150 միլիոնի սահմաններում (2012թ.-ին 169մլն մ3)»: Ի գիտություն Ծրագրի նախագծողների` 2012թ. Սեւանա լճից բաց է թողնվել 319.2 միլիոն խմ ջուր, եւ 2012թ. Սեւանա լճի հաշվեկշիռը բացասական է եղել: Իսկ 2008թ. Սեւանա լճից բաց թողնվեց 360 միլիոն խմ ջուր:
Դեկտեմբեր 20, 2013 at 14:13