Կարո՞ղ է 25 միլիոն տոննա պղնձամոլիբդենային հանքաքարը հարկադրաբար վերաբնակեցման պատճառ դառնալ

Կարո՞ղ է 25 միլիոն տոննա պղնձամոլիբդենային հանքաքարը հարկադրաբար վերաբնակեցման  պատճառ դառնալ

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն նամակ է ուղարկել Բնապահպանության նախարարություն, որում ասված է.

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) ծրագրում է ավելացնել հանքաքարի վերամշակումը տարեկան մինչեւ 25 միլիոն տոննայի եւ նոր սարքավորում է տեղադրում: «Երբ նոր աղացը սկսի աշխատել, ապա այս սարերից ոչինչ չի մնա»,- ասում են տեղի բնակիչները:

Քաջարանց գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանն ասում է. «Անում են, ինչ ուզում են: Այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ բոլորը վախենում են խոսել այդ մասին: 10 մարդ հարստանում է, իսկ մեր մարդիկ պարտքի, վարկի տակ են, բանկերին ամենափոքր գումարն էլ չեն կարողանում տալ: Սա մեր հողի վրա ամենաթողություն է: Իսկ ի՞նչ կա արդյունքում: Նայեք, ամբողջ փոշին գնում է քաղաքի վրա»:

Ցուցանիշների էքստենսիվ աճը բնորոշ երեւույթ է ԶՊՄԿ-ի համար: 2011թ. ընթացքում կոմբինատը վերամշակեց 15 միլիոն տոննա հանքաքար: 2012թ.` 17 միլիոն տոննա: Առաջացող պոչերի համար ծրագրվում է ընդլայնել գործող Արծվանիկի պոչամբարը: Պոչերը կլցվեն «հանրային գերակա շահ» ձեւակերպման տակ հայտնված Չափնի եւ Սեւաքար գյուղերի տարածք:

Առաջին հերթին սրան պետք է ուշադրություն դարձնի Բնապահպանության նախարարությունը: Մեկ տարվա ընթացքում արտադրությունը 2 միլիոն տոննայով ավելացնելը հավասարազոր է նրան, որ հանքարդյունաբերության մեջ նոր ձեռնարկություն հայտնվի: Համեմատության համար ասենք, որ Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը վերամշակում է տարեկան 600 000 տոննա հանքաքար, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը` տարեկան 3,5 միլիոն տոննա:  

Մենք փորձեցինք,  բայց այդպես էլ Բնապահպանության նախարարարության կայքում որեւէ տեղեկատվություն չգտանք, որը կվկայեր, որ Քաջարանում հասարակական լսումներ են անցկացվել 2011 եւ 2012 թվականներին հանքարդյունահանման ծավալների ավելացման նախագծի վերաբերյալ:

Տեղի բնակիչները բողոքում են, որ Քաջարանի հանքում պայթյուններից հետո փոշին գալիս է քաղաքի վրա: Այդ փոշին պետք է պարունակի ծանր եւ տոքսիկ տարրեր: Բայց նախարարության կայքում բացակայում են Քաջարանի մթնոլորտային օդի աղտոտման մասին տվյալները:

Հաշվի առնելով Քաջարանի հանքավայրում հանքաքարի արդյունահանման աննախադեպ աճը եւ նախատեսվող ծավալը` 25 միլիոն տոննա, անհրաժեշտ ենք համարում, որպեսզի Բնապահպանության նախարարությունը հրապարակի հետեւյալ տվյալները`

1. Քաջարան քաղաքում մթնոլորտային օդի աղտոտվածության մասին

2. ԶՊՄԿ-ի լցակույտերի ծավալի եւ այդ լցակույտերի տակ հայտնված տարածքի չափի մասին

3. 2012թ. կոմբինատի բնօգտագործման եւ բնապահպանական վճարների մասին:

Նաեւ անհրաժեշտ ենք համարում, որպեսզի սահմանվի ԶՊՄԿ-ի գործունեությունից առավելագույն ծանրաբեռնվածությունը շրջակա միջավայրի վրա, որից հետո կարող է օգտագործվել «հարկադրաբար վերաբնակեցման» եզրը»:

Տեղեկություն: ԶՊՄԿ-ն շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը, որը մտնում է պղնձի եւ մոլիբդենի պաշարներով աշխարհի ամենախոշոր հանքավայրերի ցուցակի մեջ: ԶՊՄԿ-ի գլխավոր բաժնետերը գերմանական «Cronimet Mining» ընկերությունն է (60%): Բաժնետոմսերի 15%-ը պատկանումէ «Երեւանի Մաքուր երկաթ գործարան» ԲԲԸ-ին: Բաժնետոմսերի 12.5%-ը պատկանում է «Armenian Molybdenum Production» եւ «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ներին:



Հունիս 26, 2013 at 12:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր