

ԷկոԼուր
Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի բնակիչները Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի առնչությամբ նամակով դիմել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին:
Նամակում ասված է.
«ՀՀ բնապահպանության նախարար
պարոն Արամայիս Գրիգորյանին
Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի բնակիչներից
30.05.2015թ.
Դիմում
Պարոն նախարար,
մենք՝ ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի բնակիչներս, 2014 թվականի նոյեմբերի 25-ին տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ կտրականապես մեր անհամաձայնությունն ենք հայտնել Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործման նախագծին: Նախագծի տարածքը գտնվում է անմիջապես մեր տների, արոտավայրերի և մարգագետինների կողքին: Նախագիծը պարունակում է ռիսկեր՝ կապված հողի և ջրի աղտոտման հետ, որոնք Ֆիոլետովոյի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրներն են:
Մեր բողոքը մենք ուղղել ենք ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ կառավարություն, ՀՀ Նախագահին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանին, Հայաստանում ԵԱՀԿ դեսպանին: Նախագծի վերաբերյալ բացասական որոշում են կայացրել Հանրային խորհրդի 4 հանձնաժողովներ:
Բնապահպանության նախարարությունից մենք ստացանք պատասխան, որ «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն կանգնեցրել է տվյալ նախագծի փորձաքննության գործընթացը:
Մենք խնդրում ենք օգնել մեզ հասկանալ՝
- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի ո՞ր կետով է ընկերությունը` ինքը, որոշում կանգնեցնել նախագիծը, թե` ոչ, և այդ պարագայում որո՞նք պետք է լինեն լիազոր մարմնի՝ տվյալ դեպքում «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի, գործողությունները:
- Ինչո՞ւ մեզ՝ Ֆիոլետովո համայնքի բնակիչներիս, չեն տեղեկացնում տվյալ նախագծի կարգավիճակի և բնապահպանական փորձաքննության ընթացքի մասին:
- Ինչո՞ւ լիազոր մարմինը՝ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը, նախագծին բացասական եզրակացություն չի տվել, որի` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված դիտարկման ժամկետները լրացել են:
Պարոն նախարար,
մենք հույս ունենք, որ Դուք կհանձնարարեք լիազոր մարմնին՝ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին, մանրամասն պատասխանել մեր հարցերին և ձեռք առնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի նախագծի դիտարկման գործընթացը համապատասխանի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի դրույթներին և ՀՀ Սահմանադրության մեջ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայում, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում ամրագրված մեր իրավունքների պահպանմանը:
Համայնքապետ Նովիկով Ա.
Ավագանու անդամ Սամոդուրով Պ.»:
Հունիս 04, 2015 at 14:24
