Գնդեվազ գյուղում ցիանային ֆաբրիկայի կառուցման համար հատում են ծիրանի այգիները (Լուսանկարներ)

Գնդեվազ գյուղում ցիանային ֆաբրիկայի կառուցման համար հատում են ծիրանի այգիները (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման ծրագրի շրջանակներում ցիանային ֆաբրիկայի կառուցման համար հատում են ծիրանի այգիները: Հիմա Գնդեվազում ծիրանենիների ծաղկման ժամանակաշրջանն է: Այստեղ ծիրանենիները ծաղկում են մեկ ամիս ավելի ուշ, քան դաշտավայրերում, այդ իսկ պատճառով ավելի քիչ են վտանգված եղանակի քմահաճույքից: 2015 թվականին այգիների սեփականատերերը վաճառեցին իրենց հողերն Ամուլսարի ծրագիրը իրականացնող «Գեոթիմ» ընկերությանը: Ծրագրին դեմ հանդես եկող բնակիչները կարծում են, որ անգամ այդ մարդիկ  ափսոսում են իրենց գյուղի համար, բայց մտել են գործարքի մեջ, որովհետև այլ ելք չեն տեսել: Այդ մասին նրանք ասացին Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի գրասենյակի (CAО/IFC) թիմի հետ հանդիպման ժամանակ, ովքեր եկել են Հայաստան Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող IFC-ի դեմ ուղղված Ամուլսարի ոսկու և արծաթի բաց եղանակով արդյունահանման ծրագրի սոցիալական և էկոլոգիական պատասխանատվության չափանիշների անհամապատասխանության վերաբերյալ բողոքը հետաքննելու նպատակով:

«Նայեք, ցիանային ֆաբրիկայի տարածքի վրա ծիրանի այգիների 50-60 տոկոսը հատված է: Մեր միջև կոնֆլիկտ կա: Մի կողմից, ընկերության փողերով գնել են տրակտորներ, վերանորոգել Մշակույթի տունը: Բայց այն մարդիկ, ովքեր վաճառել են իրենց հողերը, նրանք ուղղակի ստացել են գումար իրենց հողի դիմաց: Սեփականատերերի մեծ մասը վաճառել են հողերը 1-3 միլիոն դրամով /2-6 հազար դոլար/, և հիմնականում գնել են իրենց համար մեքենաներ: Միայն մի քանի հոգի են ստացել մեծ գումարներ՝ 100-200 հազար դոլար...Իսկ համաձայնվեցին, որովհետև ընկերությունը բոլորին հավատացրեց, որ ունի կառավարության համաձայնությունը և ցույց տվեց Սևանի հանձնաժողովի և բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունները: Մարդիկ էլ մտածեցին, որ ավելի լավ է գոնե ինչ-որ մի բան ստանան, քան ընդհանրապես ոչինչ չստանան...Ինձ համոզում էին, որ եթե չհամաձայնվեմ, միևնույն է, հողը ինձանից կվերցնեն «գերակա հանրային շահի անվան տակ», և այդ ժամանակ մենք ոչինչ չենք ստանա...Այդպես ոմանք կորցրեցին հույսը: Կա մեկ գործոն էլ՝ ֆաբրիկայում աշխատանք ստանալու խոստումները: Եթե ինչ-որ մեկը դեմ խոսի, ապա աշխատանք չի ստանա...Բոլորն էլ հասկանում են իրենց համար ռիսկերը, բայց նրանք, ովքեր ստացել են գումարներ, կգնան, իսկ մենք՝ բոլորս, կմնանք...», - ասացին բնակիչները:

Շարունակելի

 
 
 
 
 
 

Ապրիլ 28, 2016 at 13:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր