Անգեղակոթցին կարտոֆիլ աճեցնելու ջուր չունի, պատճառը…. (Լուսանկարներ)

Անգեղակոթցին կարտոֆիլ աճեցնելու ջուր չունի, պատճառը…. (Լուսանկարներ)

ԷկոԼուր 

ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղը ոռոգման ջրի խիստ կարիք ունի: 1860 բնակչություն ունեցող գյուղը ջրի պատճառով զրկվում է եկամտի իր հիմնական աղբյուրից՝ գյուղատնտեսությունից: Անգեղակոթ համայնքը ոռոգման ջուր ստանում է Սպանդարյանի ջրանցքից: Գյուղի բնակիչները նշեցին, որ գյուղը ջրազրկել են իրենց դաշտերից վերև գտնվող երեք փոքր ՀԷԿ-երը, որոնք չեն մտնում Անգեղակոթի վարչական տարածքի մեջ, սակայն օգտվում են Սպանդարյանի ջրանցքի ջրից: Իսկ Անգեղակոթի վարչական տարածքում գտնվող փոքր ՀԷԿ-երը չեն խանգարում ոռոգմանը, քանի որ գտնվում են գյուղի դաշտերից ներքև:

 «Ոռոգման ջուր չունենք, այս տարի մարդիկ կարտոֆիլ չեն ջրել: Ջրի կանալը մեր դաշտերի վերևում է, մեր հին պապեկան կանալն է, այնտեղից մենք ջուր էինք բերում, ոռոգում էինք մեր հողերը: Հիմա ՀԷԿ-եր են դրել, ու դրանք ջուր չեն տալիս, ինչ ուզում ես արա, ջուրը չի գալիս, քիչա, չի հերիքում: Մարդ կա` էսօրվա դրությամբ ընդամենը ոռոգելա 2-3 անգամ: Էլ որտեղի՞ց կարտոֆիլ լինի գյուղացուն, կլինի՞, չի լինի, այ էսա Անգեղակոթ գյուղի վիճակը», - ԷկոԼուրին ասաց Անգեղակոթի բնակիչը:

«Մեր գյուղում կառուցած ՀԷԿ-երը մեզ չեն խանգարում, վերևը կառուցած երեք ՀԷԿ-երն են խանգարում՝ Գորայքից սկսած մինչև Սիսիանի շրջան, - ասաց Անգեղակոթի մեկ այլ բնակիչ, - մեր ոռոգման ջուրը կտրում են, շաբաթը մի անգամ մի հոգու համար ջուր չի գալիս, որ ժողովուրդը ջրեն, կարտոֆիլը չոր չորա: Ջրի կարիք կա, ոչ ոք չի պահանջում, ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Համապատասխան մարմինները թող գան, իրանց աչքով տեսնեն, գյուղացու վիճակը պատկերացնեն»:

Խնդրի վերաբերյալ ԷկոԼուրը զրուցեց նաև Անգեղակոթի համայնքապետ Արմեն Խաչատրյանի հետ: Վերջինս պնդեց, որ ՓՀԷԿ-երը ոչ մի կապ չունեն ջրի պակասի հետ, միակ պատճառը Սպանդարյանի ջրանցքի ոչ բարվոք վիճակն է:

«Փոքր ՀԷԿ-երը խնդիր չեն առաջացնում՝ ոռոգման հետ կապված: Անգեղակոթ համայնքն ունի ոռոգման խնդիր՝ կապված Սպանդարյանի ջրանցքի հետ, որը գտնվում է անմխիթար վիճակում: Մենք դիմել ենք համապատասխան մարմիններին, իշխանություններին ջրանցքը վերանորոգելու համար, որովհետև ջրանցք մտնող 1 խմ/վրկ ջրից Անգեղակոթ համայնք հասնում է ընդամենը 40 լիտր: Դա է Անգեղակոթի խնդիրն այսօր», - նշեց Անգեղակոթի համայնքապետը:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում:  

 
 
 
 
 
 
 


Սեպտեմբեր 16, 2015 at 14:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր