Բնապահպանության նախարարությունը պետք է կողմնորոշվի, թե ինչը պաշտպանի՝ Սեւանը, թե բիզնեսը

Բնապահպանության նախարարությունը պետք է կողմնորոշվի, թե ինչը պաշտպանի՝ Սեւանը, թե բիզնեսը

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՀՀ բնապահպանության նախարարությանն է ուղարկել կարծիք «Դարանակ» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, ազդակիր համայնքի ղեկավարի և հասարակական կարծիքի շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումների մասին: Նամակում ասված է. «Հենց այն փաստը, որ Բնապահպանության նախարարությունը դիտարկման է ընդունել Դարանակ գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագիծը, զարմանք է հարուցում: Ինչպես հայտնի է, ՀՀ Ազգային ժողովի օրակարգում է  «Սեւանա լճի մասին օրենքում լրացումներ անելու մասին» օրինագիծը, որի համաձայն՝ Սեւանի ավազանում փոքր ՀԷԿ-երի կառուցումը կարգելվի: Որպես օրինագծի հիմնավորում նշված են Սեւանա լճի էկոհամակարգի համար ռիսկերը: Դարանակ փոքր ՀԷԿ-ի նախագիծը դիտարկման ընդունելը նշանակում է, որ Բնապահպանության նախարարությունն անտեսում է այդ ռիսկերը:

Նշենք, որ փոքր ՀԷԿ-ի խողովակների երկարությունը 1729 մետր է, իսկ սանիտարական հոսքը, որը ենթադրվում է, որ կթողնվի գետի համար, կազմում է 0,013 լիտր վայրկյանում եւ 0,007 լիտր վայրկյանում ՀԷԿ-ի ամեն հանգույցի համար: Այսինքն, եթե գետի երկարությունը 6,5 կմ է, ապա նրա գրեթե մեկ երրորդ մասը կվերցվի խողովակների մեջ: Նախագծում նշված է, որ գետային լանդշաֆտը ներկայացված է ալպիական մարգագետիններով,  դաշտերով, տափաստանային գոտիներով եւ ունի լեռնային լանդշաֆտին բնորոշ հարուստ կենսաբազմազանություն: Ասված է, որ ավազանում բազմանում են Կարմիր գրքում գրանցված տեսակներ, ընդամենը 120-130 տեսակի ողնաշարավորներ եւ 650 տեսակի անողնաշարավորներ, բայց որ Կարմիր գրքում գրանցված տեսակներ նախագծի տարածքում չկան: Դրա հետ մեկտեղ նախագիծը հղում է անում 1987թ. Կարմիր գրքի վրա, որը վաղուց ուժը կորցրել է: 2011թ. հրատարակվել է նոր Կարմիր գիրքը, որի մեջ ընդգրկվել են 452 տեսակի բույսեր նախկին 367-ի փոխարեն եւ 153 տեսակի ողնաշարավոր կենդանիներ նախկին 99-ի փոխարեն: Բացի այդ ընդգրկվել են 155 տեսակի անողնաշարավորներ: Սա նշանակում է, որ նախագծում արտացոլված չէ կենսաբազմազանության հետ կապված իրական պատկերը եւ խախտվում է   «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքների դրույթները, Lանդշաֆտների եվրոպական կոնվենցիայի, ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի դրույթները եւ վերջապես «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը:

Լանդշաֆտն ամենախոցելի տեղն է նախագծում, քանի որ հենց նրա վրա է ամենից շատ ազդում հիդրոէլեկտրակայանը: Բացասական ազդեցություն են թողնում շինարարական աշխատանքները, ջրի ինքնամաքրման ռեժիմի փոփոխումները եւ խախտումները: Արդյունքում տեղի է ունենում ձկների ձվադրման վայրերի կորուստ, ջրի որակի վատթարացում, գետի էկոհամակարգի ոչնչացում: Հիշեցնենք, որ Հայաստանում մշակված նոր Կարմիր գրքում ընդգրկվել են անողնաշարավորներ, որոնց վերաբերյալ ուսումնասիրություն ընդհանարապես չի կատարվել, քանի որ նախագծում հղում է արվում հին Կարմիր գրքի վրա, որտեղ անողնաշարավորներ չկային: Փետրվարի 19-ին տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ բերվեցին այս փաստարկները լսումների  մասնակիցներ Սիլվա Ադամյանի («Թռչնասերների կենտրոն» ՀԿ), Ինգա Զարաֆյանի («ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ) կողմից: Լսումների տեսագրությունը հրապարակված է «ԷկոԼուր»-ի կայքում(http://www.ecolur.org/hy/news/water/governmental-decision-higher-for-environmental-expertise-than-environmental-laws/4596/):

Կարծում ենք, որ վերոնշյալի հիման վրա Բնապահպանության նախարարությունը պետք է մերժի Դարանակ գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագիծը»:

Մարտ 12, 2013 at 19:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր