KfW գերմանական բանկը մտադիր է վարկ տրամադրել Սևանա լճի ավազանում «Դարանակ» ՓՀԷԿ-ի կառուցման համար

KfW  գերմանական բանկը մտադիր է վարկ տրամադրել Սևանա լճի ավազանում  «Դարանակ» ՓՀԷԿ-ի կառուցման համար

ԷկոԼուր

KfW գերմանական զարգացման բանկը դրական է վերաբերում «Դարանակ» փոքր ՀԷԿ-ին վարկ տրամադրելու հարցին: Այդպիսին է բանկի աշխատակազմի, Հայաստանում փոքր ՀԷԿ-երի նախագծերը ֆինանսավորող Գերմանա-հայկական հիմնադրամի (GAF) և նրանց խորհրդականների տրամադրվածությունը: 

Սեպտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում «Դարանակ» ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ: «Դարանակ» ՓՀԷԿ-ը ներկայացված է KfW գերմանական  զարգացման բանկի  ֆինանասավորմանը: Ֆինանսավորումը իրականացվում է  GAF-ի միջոցով: Բանկային սեկտորի խորհրդատու Մկրտիչ Թադևոսյանը նշեց, որ իրենք ուզում են լսել տեղի բնակչության կարծիքը: «Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ՓՀԷԿ-ը համայնքի համար: Այստեղ գտնվելու մեր այսօրվա նպատակը սա է»,-ասաց  նա:

Գյուղի բնակիչները անհանգստացած էին խմելու և ոռոգման ջրի հարցով:  «Մենք՝ ամբողջ  գյուղը, ոռոգման ջուրը ստանում ենք այդ գետից  (Դարանակ գետ): Եթե գետը չորանա, ամբողջ գյուղը առանց ջրի կմնա...» ... «Դուք, որ ուզում եք ձեր էշին խմացնեք, ամբողջ ջուրը փակում, նոր եք խմացնում» ...  Դարանակ գյուղի բնակիչ տիկին Գյուլնարա.  «Ձեր բանվորն էլ լվացվելուց ջրերը փակում նոր է լվացվում»...«Մեզ համար ուրախություն է այս ՓՀԷԿ-ի կառուցումը, շարժ կլինի մեր գյուղում, ջահելները կաշխատեն, իմ տղան էլ է աշխատում հիմա այնտեղ»,-ասաց Դարանակի գյուղապետի կինը՝ Մարիամ Մանուկյանը… «Գյուղացիների կարծիքը հաշվի չեն առնում, մի երկու հոգի հավաքվում են, նստում ժողով են անում և վերջ: Հասարակական լսմանը մի երկու հոգի է մասնակցել, որը անցկացվել է Երևանում, ինչ-որ մի շենքի խանութի պահեստում և ժողովրդին ոչ ոք չի տեղեկացրել»,- նշեց Դարանակի բնակիչը: 

«Դարանակ» ՓՀԷԿ-ի տնօրեն Հայկ Հարությունյանի խոսքով՝  ոռոգման ջուրը կավելանա, չի պակասի:  Իսկ գյուղացիների հարցին, թե ինչպե՞ս է ավելանալու, Հարությունյանը պատասխանեց, որ կան փախնոխ ջրեր, և նրանք հավաքել են այդ ջրերը: Սակայն պարզվեց, որ այդ ջրերը անասունների խմելու ջրերն են, և հարց առաջացավ,  թե որտեղի՞ց են նրանք ջուր խմելու:  Ըստ ՓՀԷԿ-ի տնօրենի՝ կա մի ծրագիր, համաձայն որի՝ անասուների համար սարում խմոցներ են սարքում: «Գյուղին օգուտ կտանք: Գյուղի ոռոգման ջուրը հանգույցից վերև է գտնվում, այսինքն՝ ՓՀԷԿ-ը չի կարող վնասել ձեզ: Ոռոգման սեզոնին պետք լինի ՓՀԷԿ-ը չի աշխատի»,- ասաց տնօրենը:

«ԷկոԼուր» ՀԿ-ի  նախագահ Ինգա Զարաֆյանը  նշեց,  որ,  ըստ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի, Դարանակ գետը մտնում է Սևանա լճի ջրահավաք ավազանի մեջ և որպես էկոհամակարգ պետք է պահպանվի «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով: Այն գետերի վրա, որոնք մտնում են Սևանա լճի ջրահավաք ավազանի մեջ և որտեղ ձվադրում են էնդեմիկ ձկնատեսակները,  ՓՀԷԿ-երի կառուցումը օրենքով արգելված է: 

GAF-ի  խորհրդականն էլ  ասաց.  «Բնապահպանական թողքը քննարկելու և  լուծելու  տեղը և  ժամանակը չէ... այս հարցը պետք է քննարկվի ավելի բարձր օղակներում»:

Գեղարքունիքի մարզի մարզպետարանի բնապահպանական բաժնի վարիչ Համբարձում  Համբարձումյանի կարծիքով էլ՝ պետք է զարգացնել տնտեսությունը. «Մենք պետք է աշխատատեղեր ստեղծենք` միաժամանակ խստագույնս պահպանելով բոլոր և բնապահպանական, և քաղաքաշինական, և գյուղատնտեսական ու զուտ մարդկային կանոններն ու  օրենքները: Որպես բնապահպան կասեմ, որ պետք էր արգելվեր Սևան թափվող այն գետերի վրա ՓՀԷԿ-երի կառուցումը, որտեղ ձվադրում և բազմանում են էնդեմիկ ձկնատեսակները: Բոլոր նմանատիպ գետերի վրա արդեն կառուցվածեն ՓՀԷԿ-եր»,- նշեց նա:

Մկրտիչ Թադևոսյանը խոսք տվեց գյուղացիներին, որ  կազմակերպությունը կանցկացնի մոնիտորինգ և կհետևի, որպեսզի կառուցող ընկերության խոստումները ջրի ապահովման հարցում կատարվեն:

Հանդիպումն ամփոփեց Գերմանիայի Fichtner ընկերության փորձագետը. «Ես հասկացա, որ խնդիրը այստեղ խմելու և ոռոգման ջուրն է, և ՓՀԷԿ-ի տերը պարտավորություն  է վերցնում, որ կապահովի և խմելու ջուրը, և ոռոգմանը: Ջուրը նորից լինելու է անվճար, ինչպես նախկինում, իսկ այն ժամանակ, երբ  ՀԷԿ-ը չի աշխատելու, ջուրը մնալու է իր սովորական հունի մեջ, սովորական հունով էլ հոսելու է»:

«Դարանակ» ՓՀԷԿ-ի նախագծից. «...Սևանա լիճ թափվող բոլոր գետերը և վտակները համարվել են որպես ձկնատնտեսական ջրային օբյեկտ: Դարանակ գետը և նրա վտակները իշխան ձկան գետեր են: Այստեղ հանդիպում են գետի իշխան, կուրիլյան բեղլու, արևելյան արագաշարժ, ուկլեյա ձկնատեսակներ:... Դարանակ և Ձախակողմյա գետերի էկոլոգիական հավասարակշռության համար անհրաժեշտ են սանիտարական ելքերը համապատասխանաբար՝ 0.013մ3 /վրկ և 0.007մ3 /վրկ չափով» ։Այսինքն, Դարանակ գետից՝ գետի երկայնքի մեկ երրորդ մասով,  ամբողջ էկոհամակարգի  և բնակիչներին ջրով ապահովելու համար կմնա ընդամենը կես դույլ ջուր:

Հոկտեմբեր 01, 2013 at 10:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր