7,12 մլրդ դրամի պետական միջոցները ոչ նպատակային ծախսվելու հետևանքով չեն կանխվել հնարավոր էկոլոգիական վտանգները՝ առաջացնելով ծանր հետևանքներ

7,12 մլրդ դրամի պետական միջոցները ոչ նպատակային ծախսվելու հետևանքով չեն կանխվել հնարավոր էկոլոգիական վտանգները՝ առաջացնելով ծանր հետևանքներ

ԷկոԼուր

ՀՀ Դատախազությունը հաղորդագրություն է տարածել հերթական խոշոր չափի գումարի ոչ նպատակային ծախսման և դա արդյունքում էկոլոգիական վտանգների առաջացրած ծանր հետևանքների մասին:

Դատախազության հաղոդագրության մեջ նշված է.

«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեից ստացված՝ Երևանի քաղաքի ջրային համակարգի բարելավման և մաքրման վարկային ծրագրի իրականացման վերաբերյալ փաստաթղթերը, որի շրջանակում անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջվել և ստացվել նաև ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից: Արդյունքում ի հայտ են բերվել ՀՀ ջրային կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դրսևորումների մասին փաստական տվյալներ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության կողմից ՀՀ կառավարությանը հատկացված պետական-վարկային միջոցներով նախատեսվել է իրականացնել Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման և մաքրման աշխատանքներ, մասնավորապես՝ կեղտաջրերի սկզբնական և ցեխանստվածքների նախնական մշակման բարելավման միջոցով վերականգնել ջրազտման «Աերացիա» կայանը: 

Ըստ այդմ՝ Երևանի քաղաքապետարանի «Համայնքային զարգացման ԾԻԳ» ՊՀ-ի և ֆրանսիական մի կազմակերպության միջև 30.12.2014թ. կնքվել է 10.4 մլն եվրո արժեքով պայմանագիր, որով շինարարության վերջնաժամկետ է նախատեսվել 20 ամիս, այսինքն կայանը պետք է շահագործման հանձնվեր ոչ ուշ, քան 2016թ. սեպտեմբերի 1-ին:

Նշված ԾԻԳ ՊՀ-ի տնօրենի և ֆրանսիական կազմակերպության կողմից, առանց ամսաթվի նշմամբ, կազմվել է ավարտական ակտ, ինչպես նաև 2017թ. օգոստոսի 31-ի թվագրմամբ կազմվել է հաշվետվություն, համաձայն որոնց՝ վերականգնման շինարարական աշխատանքների դիմաց վճարվել է շուրջ 7,12 մլրդ. ՀՀ դրամին համարժեք մոտ 15 մլն ԱՄՆ դոլար: Մինչդեռ, պարզվել է, որ Երևանի «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանը մինչ օրս շահագործման չի հանձնվել:

Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման ծրագրի արդյունքում ստեղծված գույքն ամրացվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին, որի հիմնական գործառությներից է եղել պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարումն ու անվտանգ օգտագործման ապահովումը:

Մինչդեռ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Երևան քաղաքից 9կմ ներքև հատվածում իրականացված Հրազդան գետի ջրի որակի մոնիթորինգի արդյունքում այդ դիտակետում 2014-2019թթ ընթացքում ջրի որակը գնահատվել է բացառապես 5-րդ դասի, այսինքն վատ որակի՝ պայմանավորված Երևան քաղաքի չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերի ազդեցությամբ:

Այսինքն «Աերացիա» ԿՄԿ-ն մինչ օրս շահագործման չհանձնվելու և Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման և մաքրման նպատակով հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 7,12 մլրդ. ՀՀ դրամի պետական միջոցները ոչ նպատակային ծախսվելու հետևանքով չեն կանխվել հնարավոր էկոլոգիական վտանգները՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»:

09:16 Մայիս 06, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news