Ավելի քան 200 ձկնաբուծարան ապօրինի գործունեություն է ծավալում. ՀՀ գլխավոր դատախազ

Ավելի քան 200 ձկնաբուծարան ապօրինի գործունեություն է ծավալում. ՀՀ գլխավոր դատախազ

ԷկոԼուր

Ավելի քան 200 ձկնաբուծական տնտեսություն ժամանակին ջրօգտագործման թույլտվություն է ստացել առանց փորձաքննության և ներկայում ապօրինի գործունեություն է ծավալում: Այս մասին ՀՀ կառավարության ս.թ. օգոստոսի 29-ի նիստին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ նշելով, որ ապօրինի թույլտվությունները տրամադրել է «բնապահպանության հայտնի նախարարը»:

Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Շատ բարդ իրավիճակ է, որովհետև 200 տնտեսությունը, եթե նայենք մեր վիճակագրությանը, արտահանման ծավալների, արտադրության ծավալների մեջ, մեր տնտեսության շոշափելի մասն է կազմում: Այստեղ պետք է շատ նուրբ լուծումներ գտնել, բայց պետք է գտնել լուծումներ»:

Նշենք, որ Արարատյան դաշտում գործող ձկնաբուծարանները խախտել են Արարատյան արտեզյան ավազան հաշվեկշիռը՝ օգտագործելով ստորգետնյա ջրերի վերականգնման ծավալից 40% ավելի ջուր։ Արդյունքում իջել են ստորգետնյա ջրերի հորիզոնները 10֊15մ։ Շատ ինքնաշատրվանող աղբյուրներ ցամաքել են, ակտիվացել են անապատացման գործընթացները։

Հիշեցնենք, որ ԷկոԼուրը «Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշռի խախտման վերաբերյալ» Բնապահպանական հանրային դատ կազմակերպեց, որի վճռի կապակցությամբ Գլխավոր դատախազությունը հայտնեց , որ վճռում բարձրացված հարցերի առնչությամբ դեռևս 27.12.2013 թ-ին ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 27124313 քրեական գործը:

ՀՀ գլխավոր դատախազը նշված քրեական գործը 27.12.2018 թ-ին ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վարույթից վերցրել և հանձնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ՝ դրա փաստական հանգամանքներով պայմանավորված՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ նշեց. «Մենք պետք է հաշվի առնենք, որ ձկնարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության կայացած ճյուղերից է, և պարզ է, որ դրա արդյունքում մենք նաև լուրջ խնդիրներ և ռիսկեր ենք ունեցել: Մենք մի ժամանակ հաշվարկել էինք, որ տարեկան 1 մլրդ դոլարի ջուր ենք սպառում, որպեսզի 150-200 մլն դոլարի ձուկ արտադրենք: Բայց մենք ունենք իրողություններ, և ընտրությունը հետևյալն է. կամ, ասենք, արտեզյան ավազանի վրա խաչ ենք քաշում, որը չենք կարող անել, կամ էլ ասում ենք՝ ձկնարդյունաբերության վրա ենք խաչ քաշում, որը կրկին չենք կարող անել, որովհետև երկու դեպքում էլ նշանակում է հարվածել տնտեսությանը: Դրա համար էլ մենք պետք է քայլ-քայլ գնանք, որպեսզի կարողանանք այս ռիսկերը և հնարավորությունները կառավարել և գալ հավասարակշռված լուծումների»:

ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց սուբսիդավորել ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 6.0 մլն դրամը:

Այս նպատակով փոփոխություններ և լրացում կատարվեց կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում:

Փոփոխություններով սահմանվել են նաև այնպիսի կարգավորումներ, որոնք կապի մեջ են դնում օգտագործված ջրի քանակը և այդ ջուրն օգտագործելու արդյունքում արդյունաբերական արտադրանքի քանակը:

Կառավարության պաշտոնական կայքի համաձայն՝ ՀՀ-ում արդյունագործական ձկան արտադրության ծավալը կազմում է շուրջ 17000 տոննա, որից Արարատյան հարթավայրում՝ շուրջ 14000 տոննա։

Հանրապետությունում արդյունագործական ձկնաբուծության նպատակով հիմնականում բուծվում են իշխանազգի, թառափազգի և կարպազգի ձկնատեսակներ։ Արարատյան հարթավայրի արդյունագործական ձկնաբուծարաններում 1 լ/վ ջրահոսքով արտադրվում է ավելի քան 500 կգ ձուկ։

15:45 Սեպտեմբեր 02, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news