Ջրի խնդիրը գառնեցիներին դուրս բերեց փողոց

Ջրի խնդիրը գառնեցիներին դուրս բերեց փողոց

ԷկոԼուր

Գառնի-Երևան ճանապարհը այսօր կրկին փակ էր: Քարերի մի կողմում գառնեցիներն էին, մյուս կողմում` դժգոհ վարորդներն ու ոստիկանությունը: Ակցիայի պատճառը Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումն է, որն իրականացվում է Ազատ գետի հաշվին:

«Այն օրերին, երբ մեր հայրենիքում խառը իրավիճակ էր, և մեր զինվորներն այդ օրհասական պահին պաշտպանում էին մեր հայրենիքը, զոհվում էին, մեր իշխանությունները հանցավոր խմբերի հետ միասին հենց այդ օրերին ոչնչացնում էին Ազատի կիրճը, - բողոքում է Գառնիի բնակչուհի Արուսյակ Այվազյանը. «Մենք պահանջում ենք շտապ դուրս բերել տեխնիկան ձորից, վերջացնել այդ ավերածությունները, պահանջում ենք Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, որովհետև նա լրիվ անգործության է մատնված, գուցե շահառու է այդտեղ, մեզ դա այլևս չի հետաքրքրում: Մեզ հետաքրքրում է նորմալ իշխանություն, որը կլինի մեր համայնքի, մեր հայրենիքի համար»:

«Ամառը մենք երկու-երեք ջուր ենք ջրում: Մենք 1935 թվից ջուր ենք տալիս Արտաշատին, Գառնին 1500 լիտր խմելու ջրով սնուցում է Երևանին, հիմա մենք այսքան ջուր տալիս ենք, մնացել ենք առանց ջուր, ամբողջ գյուղը մնացել է առանց ջուր: Իսկ այսօր մեր ջուրը տանում են Արտաշատին, որ արտեզյան ջուրը լիքն է...սա արդարություն չէ», - բողոքեց Գառնիի մեկ այլ բնակիչ:

Բնակիչները վրդովված հայտնեցին, որ իրենց 1200 հեկտար հողատարածքները լրիվ չորացել են, և այդ տարածքները վերածվել են անապատի:

Գառնիի բնակչուհի լրագրող Սառա Պետրոսյանը նշեց, որ բնակիչների պահանջով 6 ամիս շարունակ ծրագիրը ֆինանսավորող Համաշխարհային բանկի, Հիդրոմետի և «Ոռոգում ԾԻԳ»-ի մասնագետների մասնակցությամբ  Ազատ գետում իրականացվել են ջրաչափումներ և հիմնավորվել է, որ գետում բավարար քանակով ջուր չկա: «Հատկապես այն պիկ ամիսներին՝ հուլիս-օգոստոս-սեպտեմբեր, որի համար իրենք հիմնավորումը տվել էին Համաշխարհային բանկից այդ 10 միլիոն դոլար վարկը վերցնելու համար, որ Արարատյան դաշտավայրի համար սակավաջուր շրջան է և իրենք այստեղից պետք է ջուր տանեն, այդ ամիսներին այստեղ բնապահպանական թողքից ավել ջուր չկա:  Ավելին, հիմա խոսվում է, որ 800 լ/վ բնապահպանական թողքը շատ քիչ է և օրենքում պետք է փոփոխություն կատարել և դարձնել 1200 լ/վ: Այդ դեպքում արդեն ընդհանրապես խոսք չի կարող լինել Ազատ գետից ջուր վերցնելու մասին: Հիմա մնում է հասկանալ՝ ո՞րն է նպատակը 10 միլիոն դոլար վարկ վերցնելու և բնությունն ավիրելու: Փաստորեն մենք կկորցնենք բնությունը, իրենք էլ չեն շահի ոչինչ», - նշեց Սառա Պետրոսյանը:

Փողոց էին դուրս եկել մեծից փոքր: Բնակիչներին հատկապես զայրացրել էր այն հանգամանքը, որ ծրագրի հեղինակները օգտագործել են «պատեհ պահը»՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տիրող լարված իրավիճակը: «Իմ տղեն հենց առավոտը կանչել են, շարժվելա Ղարաբաղ, որ գնա հայրենիքը պաշտպանի, իսկ դրանք եկել են, էդ երեխեքի ջուրն են կտրում: Ո՞նց առնենք դրա դեմը, դե թող ձեր ամբողջ ոստիկանությունը պատասխան տա», - ասաց Գառնիի վրդովված բնակիչը: Գառնիի տարեց բնակչուհին էլ իր հերթին հայտարարեց. «1934 թվի ծնված կին եմ, առ այսօր սով եմ քաշել, պատերազմ եմ քաշել, Գառնին պաշտպանել եմ, էսօր շներն եկած, թառել են Գառնիի գլխին: Մեկա չենք թողի, էդ ջուրը չեք կարա տանի, չենք թողի և վերջ»:

Գառնեցիներն առաջարկում են կառուցել արեւային էլեկտրակայաններ, հողմակայաններ, եւ այդ կայաններից ստացված էլեկտրաէներգիայով աշխատացնել պոմպակայանները:

«Թող արեւային կայանների ու հողմակայանների էլեկտրաէներգիայով աշխատացնեն պոմպակայանները, այլ ոչ թե ցամաքացնեն գետը, թող Քաղցրաշենի անօրինական ծրագրի գումարներն ուղղեն մեր բանակաշինությանը»,- ասացին բնակիչները:

 
 
 
 


18:14 Ապրիլ 13, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news