Սիս համայնքում օրինականացվել է ապօրինի կառուցված ձկնաբուծարան

Սիս համայնքում օրինականացվել է ապօրինի կառուցված ձկնաբուծարան

Արարատի մարզի Սիս համայնքում օրինականացվել է ապօրինի կառուցված ձկնաբուծարան: ՀՀ դատախազության հաղորդագրության համաձայն՝ 2004թ․ հունիսի 3-ին կնքված պայմանագրով Արարատի մարզի Սիս համայնքից վարձակալած 11,32 հա հողամասի վրա N ընկերության կողմից 2007թ․ կառուցվել է 5 հա մակերեսով ամբողջությամբ ինքնակամ՝ քարաբետոնե ձկնաբուծական լճակներից և այլ ինքնակամ շինություններից կազմված ձկնաբուծարան: Ընկերությունն այդ հողատարածքը վարձակալել էր ենթավարձակալության պայմանագրով: 2007թ. մինչ օրս այդ ձկնաբուծարանը գույքահարկ չի վճարել Սիս համայնքին, քանի որ ինքնակամ շինությունները պետական գրանցման ենթարկված չեն եղել:

Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ համայնքի նախկին և ներկա ղեկավարները, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները:

Հետաքննության մարմնի կողմից որոշում է կայացվել Սիս համայնքի նախկին ղեկավարի պարագայում վաղեմությունն անցած լինելու, իսկ գործող համայնքապետի պարագայում՝ համաներման ակտի կիրառման հիմքերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հաշվի առնելով դրա դեմ նրանց կողմից չառարկելու հանգամանքը։

Արարատի մարզի դատախազը գրություն է հասցեագրել Սիս համայնքի ղեկավարին՝ միջոցներ ձեռնարկելու վարձակալության պայմանագիրը օրենքով սահմանված կարգով լուծելու կամ ՀՀ Կառավարության 2006թ․ մայիսի 28-ի թիվ 912-ն որոշմամբ հաստատված կարգով ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու ուղղությամբ:

Արդյունքում Սիս համայնքի ղեկավարի 2020թ․ հունիսի 3-ի որոշմամբ կառուցված ինքնակամ կառույցներն օրինականացվել են և ճանաչվել համայնքային սեփականություն։ Համայնքի կողմից առաջարկվել է ուղղակի վաճառքով գնել նշված կառույցները և դրանց սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ 10,75876 հա հողատարածքը։ Գնման առաջարկն ընդունվել է և հունիսի 30-ին նշված կառույցների և հողամասի գնման համար համայնքի հաշվեհամարին փոխանցվել է ընդհանուր շուրջ 111 մլն ՀՀ դրամ։ Բացի այդ, այսուհետ ձկնաբուծարանի սեփականատերը պարտավոր է յուրաքանյուր տարի Սիս համայնքի բյուջե վճարել սահմանված չափով գույքահարկ:

Հուլիս 06, 2020 at 15:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր