Եվ կրկին Քաղցրաշենի ոռոգման համակարգը. այս անգամ քննարկում Երևանում

Եվ կրկին Քաղցրաշենի ոռոգման համակարգը. այս անգամ քննարկում Երևանում

ԷկոԼուր

Վաղը՝ հունվարի 22-ին, ժամը 11:00-ին, «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ում (Մոսկովյան փող., 33ա շենք) կանցկացվի քննարկում «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի վերաբերյալ: Քննարկումը կազմակերպել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ը:

Քաղցրաշենի ծրագրով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից 820-:-1,020 մմ տրամագծով 27,685 մ երկարությամբ պողպատե խողովակաշարով գետի ջուրը տանել Արարատի մարզի Այգեստան, Բերդիկ, Գետազատ, Դեղձուտ, Հնաբերդ, Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Նորաշեն, Վարդաշեն, Վերին Դվին, Քաղցրաշեն համայնքներ լրացուցիչ  387 հա տարածքի ոռոգման համար` Ազատ գետում թողնելով  0.85մ3/վրկ ջուր` որպես բնապահպանական ելք:

Քաղցրաշենի ծրագրի ազդեցության տակ գտնվող Գառնի համայնքի բնակիչները բազմիցս դեմ են հանդես եկել այս ծրագրի իրականացմանը: Իսկ 2015 թվականի դեկտեմբերի 21-ին «Ազատություն Ազատ գետին», «Փրկենք մեր գետը, մեր բնությունը, մեր պատիվը» պաստառները ձեռքներին գառնեցիները փակել էին Գառնի-Երեւան ավտոճանապարհը` պահանջելով չիրականացնել «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրը:

Ի աջակցություն գառնեցիների բնապահպանների կողմից ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է իվենթ «Օգնենք գառնեցիներին և միասին փրկենք Ազատ գետը» խորագրով, որում ասված է. «Հարգելի բնասերներ․ Համաշխարհային բանկի միջոցով հերթական հակաէկոլոգիական նախագիծն են ուզում ամեն կերպ իրականացնել։ Գառնու գեղատեսիլ կիրճով հոսող Ազատ գետի ջուրն ուզում են մտցնել մոտ 27 կմ երկարության խողովակների մեջ և տեղափոխել Արարատի մարզ՝ ոռոգման նպատակով օգագործելու համար։ Եթե ծրագիրն իրականացվի, ապա հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում հայտնի Քարերի սիմֆոնիայի մոտից 500 մետր ներքև ընկած հատվածից սկսած մինչև ջրամբար՝ Ազատ գետն ըստ էության կջրազրկվի։

Գառնեցիները մեկ տարուց ավել է գրեթե միայնակ կռիվ են տալիս և հիմա ունեն մեր օգնության կարիքը։ Հունվարի 22-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեն հերթական քննարկումն է կազմակերպելու «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի վերաբերյալ, ուր բերելու են նաև Արարատի մարզի գյուղացիներին, որ ցույց տան, իբր թե նրանց շատ պետք է այդ ջուրը, իսկ գառնեցիները չուզողություն են անում։

Քննարկմանը մասնակցելու և գառնեցիներին թիկունք կանգնելու համար հավաքվում ենք հունվարի 22-ին՝ ժամը 10։45, Սարյանի արձանի մոտ, որտեղից կգնանք քննարկման անցկացման վայր»։

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումը նախատեսված է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ոռոգման համակարգի բարելավման ծրագրի» շրջանակներում: Ծրագիրն իրականացնող մարմինը ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն է:

Հունվար 21, 2016 at 16:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր