ԷկոԼուր
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը որոշել է դադարեցնել ԷկոԼուրի ուղարկած Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բողոքի քննարկումը: Բողոքը ՀՀ Օմբուդսմենին է ուղարկվել 2018թ-ի սեպտեմբերին, որում ներկայացված էր Աստղաձորի բնակիչների ջրի իրավունքի ոտնահարման խնդիրը: Աստղաձորը մնացել է առանց խմելու և ոռոգման ջրի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրականացրած «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի» և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Զոլաքար համայնքին տրամադրված ջրօգտագործման թույլտվության շնորհիվ, երբ 2016թ-ին «Գռան» և «Մեծ ձորի թմբան տակի» կոչվող չորս բնական աղբյուրից գումարային 23.1 լ/վ ջուրը տեղափոխվել է Զոլաքար համայնք: Արդյունքում Սևանա լիճ թափվող Աստղաձոր գետն ամբողջովին ցամաքել է, ինչի հետևանքով այդ գետից նախկինում օգտվող Աստղաձոր համայնքի մոտ 4679 բնակիչ վերջին մի քանի տարում մնացել է առանց ջրի։ Աստղաձորցիները ստիպված որպես խմելու ջուր օգտագործում են խորհրդային տարիներին Հայաստանում ուրանային հումքի երկրաբանական ուսումնասիրությունների ժամանակ հորատվաված հորերի ջուրը, ինչը խմելու համար հակացուցված է:
Բողոքի քննարկումը դադարեցնելու մասին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ-ի 11.05.2020թ. թիվ 1/8475-18 որոշման մեջ ներկայացված է փաստաթղթային նամակագրություն ՀՀ բնապահպանության նախարարության հետ: Այդպիսով, նախարարությունից հայտնել են, որ Զոլաքար համայնքը երկու անգամ 2015 և 2016 թվականներին դիմել է նախարարություն խմելու-կենցաղային նպատակով ջրօգտագործման թույլտվություն ստանալու: 2015թ-ին Զոլաքարը դիմել է համայնքի վարչական տարածքում գտնվող «Գռան» կոչվող աղբյուրից 10.8 լ/վ ջրաքանակով ջրօգտագործման թույլտվության հայտով, իսկ 2016թ-ին խմելու-կենցաղային նպատակով 10.8լ/վ ջրաքանակով 2015 թվականին տրամադրված N 000350 ջրօգտագործման թույլտվությունը համայնքի վարչական տարածքում գտնվող «Գռան» և «Մեծ ձորի թմբան տակի» կոչվող չորս բնական աղբյուրից 23.1 լ/վ գումարային ջրաքանակով վերաձևակերպելու նպատակով: Նախարարությունը երկրորդ հայտն էլ է բավարարել:
«…նախագիծը ներկայացվել հանրային ծանուցման 2016 թվականի մարտի 24-ի «Голос Армении» թերթում՝ ապահովելով պատշաճ ծանուցում:… ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը որևէ դիտողություն և առաջարկություն չի ստացել:
2016 թվականի ապրիլի 15-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական է գնահատել համայքնապետարանի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը և Զոլաքար համայնքին տրամադրել է N000078 ջրօգտագործման թույլտվություն մինչև 15.04.2021թ. ժամկետով «Գռան» և «Մեծ ձորի թմբան տակի» կոչվող չորս բնական աղբյուրից 23.1 լ/վ գումարային ջրաքանակով:
Նախարարությունից հայտնել են նաև, որ Զոլաքար համայնքին ջրօգտագործման թույլտվություններ տրամադրվել է ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N218-Ն որոշման պահանջների համաձայն: Ըստ նախարարության՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունն իրավաչափ է և ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացն իրականացվել է՝ ապահովելով ընդունված համապատասխան վարչական ակտին ներկայացվող բոլոր էական փաստական և իրավական հիմքերը:
Դրանից բացի, Նախարարությունից նշել են, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի կողմից հիշյալ աղբյուրների առնչությամբ շարունակ բարձրացվող խնդրի վերաբերյալ Աստղաձոր համայնքին Նախարարության ուղարկած մի շարք գրություններով տեղեկացվել է, որ Զոլաքար համայնքի վերոհիշյալ «Գռան» և «Մեծ ձորի թմբան տակի» կոչվող աղբյուրների ազատ հոսքից ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար Աստղաձոր համայնքը, ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N218-Ն որոշման պահանջների համաձայն, կարող է դիմել շրջակա միջավայրի նախարարություն ջրօգտագործման թույլտվության ստացման հայտով՝ կցելով վերոնշյալ որոշմամբ պահանջվող փաստաթղթերը:
Ըստ նախարարության՝ Աստղաձոր համայնքը ջրօգտագործման թույլտվության ստացման նպատակով շրջակա միջավայրի նախարարություն՝ ջրօգտաքգործման թույլտվության ստացման հայտ չի ներկայացրել»,- մասնավորապես նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշման մեջ:
Մեր կողմից նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից «Голос Армении» թերթում՝ նախագծի ներկայացումը հանրային ծանուցման, չի կարող համարվել պատշաճ, քանի որ Աստղաձոր համայնքը չի ստանում այդ թերթը, իրազեկված չի եղել և չէր կարող դիտողություն ուղարկել նախագծի վերաբերյալ նախարարություն: ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ տրամադրելով N000078 ջրօգտագործման թույլտվությունը, հաշվի չի առել Աստղաձոր համայնքի բնակիչների շահերը՝ խախտելով ջրի նկակտմամբ նրանց իրավունքը: Երրորդ, այս ՋԹ-ով իրականացվող ջրառի արդյունքում ամռան ընթացքում Աստղաձոր գետն ամբողջովին ցամաքում է, և աստղաձորցիները տարակուսած են, թե այս պարագայում ինչ ազատ հոսքից է հնարավոր իրենց համար ջրօգտագործման թույլտվություն տալ: Եվ նրանք շարունակում են մինչ օրս պահանջել, որ Աստղաձորի և Զոլաքարի միջև ջրի բաշխումը կատարվի նախկինի պես՝ մինչ Զոլաքարին նոր ջրօգտագործման թույլտվություն տալը:
Իր որոշման մեջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը առաջարկել է. «Այսպիսով, փաստերի նման դասավորվածության պարագայում բարձրացված հարցը վարչական կարգով վիճարկելու եղանակները սպառվել են և վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների հետագա գնահատումը հնարավոր է միայն դատարանի կողմից»:
Քանի որ դատարանը, ինչպես նաև պատասխանատու մարմինները ևս հրաժարվել են դիտարկել Աստղաձորի ջրի իրավունքի խախտման խնդիրը, Աստղաձոր համայնքի բնակիչները դիմել են Բնապահպանբական հանրային դատարան: Դատարանը, քննելով ներկայացված փաստաթղթերը և ապացուցողական փաստերը, Աստղաձոր գետի էկոհամակարգի վնասումը և ազդեցությունը Սևանա լճի վրա և դրա հետևանքով ստեղծված ծանր սոցիալական վիճակը, ճանաչեց էկոլոգիական հանցագործություն: Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ուղարկվել է ՀՀ կառավարություն և ՀՀ դատախազություն:
Հունիս 01, 2020 at 12:43