Ահազանգ. Հրազդան գետի ափին քանդում են տուֆից քանդակագործությունը, ստորգետնյա աղբյուրը, հատում ծառերը

Ահազանգ. Հրազդան գետի ափին քանդում են տուֆից քանդակագործությունը, ստորգետնյա աղբյուրը, հատում ծառերը

ԷկոԼուր

Մայրաքաղաք Երևանում Հրազդանի կիրճում գետի ձախ ափին՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի դիմացի ափին, քանդում են տուֆից քանդակագործությունը, ստորգետնյա աղբյուրը, հատում ծառերը: Այս մասին ահազանգում է քաղաքացին, ով դեռ մեկ ամիս առաջ կատարվածի վերաբերյալ տեսանյութ էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: Տեսանյութում նա ցույց է տալիս քանդված տուֆից քանդակագործությունը, գետի ափի աղտոտված տարածքը: 

«Հարգելի Երևանի քաղաքապետարան, ես հասկանում եմ, որ այս օրերին դուք շատ ծանրաբեռնված եք, հաշվի առնելով մեր երկրում տիրող արտակարգ իրավիճակը, բայց նաև չեմ կարող լուռ մնալ և անտեսել այս խայտառակությունը։

Կորոնավիրուսը եկել և տարածվել է ուրիշ երկրից, բայց մենք չպետք է անտեսենք մեր երկրի վարակների օջախները։ Ջուրը վիրուսների տարածման հիմնական աղբյուրներից մեկն է։ Հրազդան գետը և նրա աղբյուրները մեր պետության և ժողովրդի սեփականությունն է, պետք է ուշադիր լինել և չթողնել, որ ինչ-որ անձիք աղտոտեն այն։

Տեսահոլովակում ես ներկայացնում եմ, թե ինչ վայրագություններ են արել՝ քանդելով գեղեցիկ տուֆից քանդակագործությունը, որտեղից և բխում էր աղբյուրը», - տեսանյութին կից գրել էր քաղաքացին։

Վերջինս ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ այդ ժամանակ Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ պատկան մարմինները կզբաղվեն խնդրով, սակայն մինչ օրս ոչինչ չի փոխվել: Ավելին, այդ տարածքում եղած երկու մեծ ընկույզի ծառերն էլ են հատել:

Իսկ թե ովքեր և ինչի համար են քանդում քանդակագործությունը, նա տեղյակ չէ: Ասում է՝ կամայական են անում, տարածքում ոչ մի ցուցանակ չկա այն մասին, թե ինչ նպատակով են այդ աշխատանքներն արվում:

ԷկոԼուրն ահազանգը ուղղում է Երևանի քաղաքապետարանին և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

18:38 Մայիս 04, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news