«ՋՐԱՌ» ՓԲԸ-ում երկու միլիարդ դրամը գերազանցող խախտումներ են հայտնաբերվել

«ՋՐԱՌ» ՓԲԸ-ում երկու միլիարդ դրամը գերազանցող խախտումներ են հայտնաբերվել

ԷկոԼուր

«ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են 2 միլիարդ 103 միլիոն 987 հազար դրամի խախտումներ և թերություններ: Ինչպես հայտնում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից՝ Ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացված ուսումնասիրությունը վերաբերել է 2014-2018 թթ. գործունեությանը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «ՋՐԱՌ» ՓԲԸ-ի կողմից վերոնշյալ տարիներին իրականացվել են չհիմնավորված և անարժանահավատ ծախսեր, անարդյունավետ կառավարում, աշխատանքի չներկայացած քաղաքացիներին վճարվել են աշխատավարձեր, խախտվել են հաստատված ոռոգման ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները և այլն:

Համաձայն պաշտոնական տեղեկատվության՝

-Գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում առանց աշխատանքների կատարման ծախսը հիմնավորող փաստաթղթերի՝ թերությունների և կատարողական ակտերի, կատարվել են 1 միլիարդ 1 միլիոն 433 հազար դրամի չհիմնավորված և անարժանահավատ ծախսեր:

-Ընկերության պայմանագրային աշխատակիցների անվամբ հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի համաձայն դուրս է գրվել, սակայն այդ անձանց չի վճարվել 40 միլիոն 758 հազար դրամի աշխատավարձ:

- Ընկերությունը 318 միլիոն 618 հազար խմ ոռոգման ջուրը իրական ծավալներով չհաշվառման արդյունքում պակաս է հաշվարկել և ջրի կառավարման համակարգում հասույթ չի ձևավորել 321 միլիոն 804 հազար դրամ:

- էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցության փոխհատուցման համար ՀՀ պետական բյուջեից պահանջել և ստացել են 386 միլիոն 725 հազար դրամ ավելի գումար:

- Խախտելով հաստատված ոռոգման ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները՝ ջրի կորուստի ծավալների ընդունելի մակարդակներից գերազանցել են 90 միլիոն 372 հազար մ³-ով, որը ջրտուքի դեպքում դրամային արտահայտությամբ կազմում է 204 միլիոն 590 հազար դրամ:

- Անարդյունավետ կառավարման արդյունքում ընդհանուր 1 միլիոն 145 հազար կվտ էլեկտրաէներգիայի ավել ծախս է կատարվել 44 միլիոն 105 հազար դրամի չափով, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից նույն գումարի չափով ավելի սուբսիդիայի գումար է ստացվել։

- Ընկերության մի շարք աշխատակիցներ բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, սակայն այդ ընթացքում նրանց վճարվել են աշխատավարձեր՝ 11 միլիոն 897 հազար դրամի չափով։

- Ընկերության կողմից առանց սկզբնական հաշվառման փաստաթղթերի դուրս է գրվել 55 միլիոն 242 հազար դրամ սկզբնական արժեք ունեցող թվով 36 հիմնական միջոցներ, որոնց դուրսգրումն իրականացվել է առանց շուկայական արժեքի գնահատման և դրանց վերաբերյալ չեն կազմվել հիմնական միջոցների շահագործումից հանման ակտեր։

- 2014 թվականի գույքի փոխանցման ակտի և 2017 թվականին կատարված գույքագրման տվյալների համաձայն` առկա է 5 միլիոն 97 հազար դրամի խողովակաշարի պակասուրդ և 407 հազար դրամի խողովակաշարի ավելցուկ:

- ՀՀ կառավարության որոշմամբ դրամաշնորհի ծրագրի շրջանակներում Ընկերությանը տրամադրված գումարից չի ծախսվել 26 միլիոն 668 հազար դրամ, որը ուսումնասիրություն իրականացնող խմբի պահանջով վերադարձվել է ՀՀ պետական բյուջե:

- Ընկերության կողմից Ապարանի ջրամբարից բաց է թողնվել 5 միլիոն 204 հազար խմ չհաշվառված ջուր, որը ինքնահոս եղանակով ոռոգման ջրի մատակարարման 1․01 դրամ սակագնով հաշվարկելիս կազմում է 5 միլիոն 256 հազար դրամ։

- Ընկերությունն իր կարիքների համար խախտելով «Գնումների մասին» օրենքի, ՀՀ Կառավարության 2011 թ. փետրվարի 10-ի թիվ 168-Ն և 2017 թ. մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշումներով սահմանված պահանջները, կատարել է ապրանքների և ծառայությունների գնում:

14:38 Դեկտեմբեր 12, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news