Արտաշար համայնքի ջրի խնդիրները

Արտաշար համայնքի ջրի խնդիրները

ԷկոԼուր

Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղաջրերը, խառնվելով Ախուրյան-Արաքս ջրատարի ոռոգման ջրին, օգտագործվում են Արտաշարի գյուղատնտեսական հողերի ոռոգման համար: Այդ ջրերն ամռանը համայնքում տարածում են գարշահոտություն և ստեղծում հակասանիտարական վիճակ:

Ըստ Արտաշարի համայնքի ղեկավար Մանվել Օհանյանի` այս վիճակի պատճառը կեղտաջրերի մաքրման կայանի բացակայությունն է: Նախկինում կեղտաջրերը ենթարկվել են մաքրման, այնուհետև բաց թողնվել ջրատար:

Ներկայումս Արտաշարը ոռոգում իրականացնում է`

• Ախուրյան-Արաքս ջրատարով

• համայնքի տարածքում գտնվող չգործող ավազի հանքի տարածքում կուտակվող ընդերքից դուրս եկող ջրերով

• հողատարածքներում բնակիչների կողմից փորված արտեզյան հորերի ջրերով:

Համայնքի ոռոգման համակարգը սպասարկում է «Արմավիր» ՋՕԸ-ն: Մատակարարված ջուրն ամբողջապես չի բավարարում համայնքի կարիքները ինչպես որակի, այնպես էլ քանակի տեսակետից:

Արտաշարի ընդհանուր ոռոգելի վարելահողերը 354 հեկտար են, որոնցից, ըստ համայնքապետի, շուրջ 70 հեկտարը չի ոռոգվում ջրի սակավության կամ բացակայության պատճառով: Համայնքի 46 հա հողերն աղակալված են և շուրջ 70 հեկտարն էլ` ճահճացած և ենթակա չեն մշակման:

Կոյուղաջրերով ոռոգման ջրերի աղտոտման հարցը բազմիցս բարձրաձայնվել է պատկան մարմինների մոտ, սակայն հարցը դեռևս լուծում չի ստացել: Արտաշարի համայնքապետը հայտնեց, որ խնդրի մասին հայտնել են ՀՀ Առողջապահության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարություններին: «Խնդիրը գտնվում է նախարարների ուշադրության կենտրոնում, և նրանք խոստացել են լուծել այն», - ասաց Մանվել Օհանյանը:

Նա նշեց, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը այդ ջրի մեջ հայտնաբերել է խոլերայի բացիլներ: Վարակի` խմելու ջրի համակարգ ներթափանցման կանխարգելման և վերահսկման նպատակով ամեն ամիս Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը Արտաշարի խմելու ջրից նմուշառում է իրականացնում: Բարեբախտաբար, չեն արձանագրվել խմելու ջրի կենսաբանական աղտոտման դեպքեր:

Կեղտաջրերով ոռոգումից խուսափելու համար համայնքի բնակիչների մի մասն իրենց հողամասերում, ինչպես նաև տնամերձներում հորատանցքեր են փորել, որոնց ջրերով իրականացնում են ոռոգում: «Մարդիկ իրենց հողամասերում 16-18 մետր խորությամբ հորատանցքեր են արել, բենզինով պոմպերը դրել, իրենց հողերը ոռոգում են: Ոռոգման սեզոնին պոմպի աշխատանքի արդյունքում էլեկտրաէներգիայի ամսական ծախսը կազմում է մոտ 30 հազար դրամ»,- ասաց համայնքի ղեկավարը: Հորերի համար համապատասխան ջրօգտագործման թույլտվության բացակայությունը համայնքապետը հիմնավորեց այսպես. «Գյուղացին 10 տարի իր տնամերձը ոռոգելու խնդիր է ունեցել, ոչ մեկ չի կարողացել ապահովել ջրով, և ինքը ստիպված իր գլխի ճարը տեսել է, որպեսզի իր երեխան սոված չմնա: Այդ ջուրը հող մշակելու համար էլ ձեռնտու չէ, որովհետև աղի ջրեր են, հողի որակն էլ են գցում, ուրիշ բան, 60-80 մ հորատած լինեին և հասնեին քաղցրահամ ջրի շերտերին, հողին այդքան վնաս չէր լինի»:

Արտաշարի բնակիչները հայտնեցին, որ ոռոգման դիմաց վճարումները համարժեք չեն մատուցված ջրի քանակին: Ջրաչափ չունենալով` մարդիկ չգիտեն, թե 3000 քառակուսի մետր ջրելու դեպքում որքան պետք է վճարեն: Ավելին, ցանկացած տեսակի կուլտուրա մշակելու դեպքում մեկ հեկտար հողատարածքի համար ՋՕԸ-ն տարեկան 110 հազար դրամ գումար է պահանջում: «Մենք ցորեն էինք ցանում, եթե չորս ջուր ջրեինք, մեկ հեկտարի համար վճարում էինք 56 հազար դրամ, եթե ջրում էինք երկու ջուր, վճարում էինք՝ 28 հազար դրամ: Հիմա կարող է` չորս ջուր չջրեմ, այլ՝ երկու, ինքը հաշվում է 110 հազար դրամ: Կուլտուրա կա` երկու ջուր է ջրվում, կուլտուրա կա՝ 18: Ամենաբարձր գներով են հաշվում»,- ասաց Արտաշարի բնակիչ Ջուլիետա Սարգսյանը: Ջուլիետա Սարգսյանի խոսքով` բնակիչների մեծ մասը ջուր չունենալու պատճառով հարևան համայնքներում է հողեր վարձակալում և մշակում:

Արտաշար համայնքին անհրաժեշտ ոռոգման ջրի խնդրին արձագանքեց «Արմավիր» ՋՕԸ-ի «Սևջուր-Ախթամար» տեղամասի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամսոն Գալոյանը։
«Ամռանը բնակիչները ջուր չեն ունենում, որովհետև Սևջուր գետն անցել է «պատմության գիրկը»: 17-25 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյան-Արաքս ջրատարից ենք օգտվում, որին միանում են նաև Մեծամոր և Հոկտեմբերյան քաղաքների կոյուղաջրերը: Եթե այդ ջրի քանակը շատ է լինում, կոյուղաջրերի բացասական ազդեցությունը նվազում է: Իսկ եթե քիչ է, գարշահոտությունը հա էլ կա: Ջրի կորուստ ենք ունենում, ջրատարը ճահճակալած է։ Երեկ` առավոտ, ժամը 10-ին, ջուրը բաց են թողել, այսօր` ժամը 2-ին, նոր ջուրը հասել է Զարթոնքի պոմպակայան, Արտաշար գնացող ջրատարն էլ դեռ չի լցվել»,- ասաց նա։

Սամսոն Գալոյանը սակայն հերքեց, թե իրենք ջրի հարկի մոտավոր հաշվարկներ են անում։ «Ֆիզիկապես ու գործանականում հնարավոր չէ բոլորի հողերը չափել: Հավաքվում են մի 5-10 հոգի մարդ, շարժական ջրաչափական գործիքներով չափում են: Կարող է 110 հազար վճարեն, կարող է քիչ, կարող է շատ: Հաշվարկում է` որքան ջուր է օգտագործել, քանի անգամ է ջրել: Գիտենք, որ մեկ հեկտար առվույտը նախատեսված է 850 խմ ջրով ոռոգել»,- նշեց նա:

Արտաշարի բնակիչները որպես խմելու ջուր օգտագործում են արտեզյան ջրերը: Ըստ համայնքապետի` նախկինում խմելու ջուրը եղել է ինքնահոս, ներկայումս ջրերի հորիզոնների իջեցման պատճառով խմելու ջուրն արտամղում են պոմպերի միջոցով, ինչը լրացուցիչ ծախս է պահանջում: Խմելու ջրի ներհամայնքային ցանցը կառուցվել է 1970-ական թվականներին և ունի վերանորոգման անհրաժեշտություն:

Ինչպես ԷկոԼուրին հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի լրատվության պատասխանատու Մարգարիտ Սարգսյանը, KfW բանկի «Համայնքային Ենթակառուցվածքի Ծրագիր (ՀԵԾ) II Փուլ 3» ծրագրի շրջանակներում նախատեսված է Արմավիրում կոյուղու մաքրման կայանի (ԿՄԿ) կառուցում: «Արմավիր քաղաքի ԿՄԿ-ն իրենից ներկայացնելու է կենսաբանական մաքրման 400x900մ չափերով լճակներ, որոնք նախատեսվում է կառուցել Մեծամոր քաղաքի հարավային տարածքում՝ Երևան-Արմավիր ատոմայրուղու ձախակողմյան հատվածում։ Արմավիրի ԿՄԿ-ն, որի հաշվարկային հզորությունը կազմելու է 10 հազ․մ3/օր, նախատեսված է մոտ 40 հազար բնակչության՝ Արմավիր, Մեծամոր քաղաքների և Նորապատ գյուղի համար։ ԿՄԿ-ում նախատեսված է նաև տարածքում առկա կիսաքանդ պոմպակայանի հիմնովին վերակառուցում, մեխանիկական մաքրման գլխամասային նոր կառուցվածքի, ինչպես նաև պոմպակայանից մինչև ԿՄԿ-ի լճակներ մղման նոր խողովակաշարի կառուցում։ ԿՄԿ-ի ընդհանուր համալիրի տարածքը զբաղեցնելու է մոտ 55 հա։

Համաձայն մշակված կոնցեպտուալ նախագծի նախահաշիվների` ԿՄԿ-ի համալիրի նախահաշվային արժեքը կազմում է մոտ 2,991 միլիարդ ՀՀ դրամ, այդ թվում ԱԱՀ-ն:

ԿՄԿ-ի շահագործման, սպասարկման և պահպանման ծախսերը, ըստ նախնական գնահատումների կազմում են մոտ 63,8 միլիոն ՀՀ դրամ/տարի։

Ներկայումս ԿՄԿ-ի կառուցման նախագիծը, ըստ Մարգարիտ Սարգսյանի, մտել նախաորակավորման փուլ», - նշված է ԷկոԼուրին ուղարկված պատասխան գրությունում։

Սույն  նյութը պատրաստվել է «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որի ընթացքում արտահայտված տեսակետները կամ ներկայացված նյութերի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

 

17:35 Մայիս 21, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news