ԷկոԼուր
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան բնակավայրի բնակիչները նամակներով դիմել են ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին, «Ագարակի պղնձամոլիբդենային գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովին և Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին՝ պահանջելով լուծում տալ կոմբինատի կողմից իրենց հողատարածքների պարբերաբար աղտոտման խնդրին:
Նամակներում ասված է, որ «Ագարակի պղնձամոլիբդենային գործարան» ՓԲԸ-ի հանքից դուրս եկող արդյունաբերական կեղտաջրերը սխալ ջրահեռացման հետևանքով Կարճևան գետի հունով հոսում, լցվում են կարճևանցիների այգիները, թունավորում հողը՝ դարձնելով անպիտան, իսկ բերքը՝ վնասակար առողջության համար: Այդ կեղտաջրերից հողի վրա առաջանում է ծանր մետաղներ պարունակող հաստ շերտով նստվածք:
ԷկոԼուրի հետ զրույցում Կարճևանի բնակիչը հայտնեց, որ արդեն երկար ժամանակ է իր և համագյուղացիների այգիներն ու բանջարանոցները աղտոտվում են հանքավայրի պատից դուրս եկող հանքի ջրերով: «Հանքի թունելից ջրահեռացման ռետինե խողովակ է դուրս գալիս դեպի «Դյուզ» կոչվող ձորը: Կեղտաջրերը թափվում են անմիջապես ձորի մեջ: Բայց այդ` մոտ 2 կմ-անոց խողովակն ինչ-որ տեղ վնասված է: Արդյունքում կեղտաջրերը լցվում և աղտոտում են գյուղի հողերը»,- ասաց նա:
Փետրվարի 26-ին բնակիչները նամակով դիմել են Մեղրիի քաղաքապետին: Տեղյակ են, որ քաղաքապետարանից դիմում է գնացել կոմբինատի ղեկավարությանը, որը դեռևս անարձագանք է մնացել: Մարտի 5-ին նամակ են ուղարկել «Ագարակի պղնձամոլիբդենային գործարան»-ի գլխավոր տնօրենին: Առ այսօր այդ նամակը նույնպես անարձագանք է: Նամակն ուղարկելու հաջորդ օրը նամակի հեղինակներից մեկին էր հանդիպել կոմբինատի բնապահպան Արթուր Նիկողոսյանը և ասել, թե ինչ ծանր մետաղների մասին է խոսքը, նման բան չկա:
Մարտի 7-ից հետո հանքից դուրս եկող կեղտաջրերի հոսքը դադարել է: Սակայն ամիսներ շարունակ հոսող կեղտաջրի 10-20 սմ հաստությամբ նստվածքն արդեն իսկ հասցրել է փչացնել կարճևանցիների հողատարածքները: Գյուղացիներից մի քանիսի այգիները վերածվել են ճահճի:
Կարճևանի բնակիչը նաև տեղեկացրեց, որ ինքն ու իր հարևանները մտադիր են փորձագետներ հրավիրել հողից նմուշներ վերցնելու և փորձաքննության ենթարկելու նպատակով:
«11 օր է անցել, պատասխան չկա: Ես հիմա արհամարված եմ, ոչ մի լուծում չկա: Կարճևան գետի հունը չորացել է, գետ չկա էնտեղ, փոխարենը կեղտաջրերն էին հոսում: Քանի օր է` կտրվել է հոսքը, բայց կեղտաջրերի նստվածքները մնացել են: 700 մ խաղողի այգի ունեի: Բահով մարգը որ փորում ես, հանքի ավազն է, հող չի, տարբերվում է, բայց պետք է` փորձագետը գա, տեսնի: Խնդրում եմ բարձրաձայնել այս մասին, որպեսզի այս խնդիրը լուծվի», - նշեց նա և հավելեց, որ այստեղ արդար լուծում չլինելու դեպքում կդիմեն Եվրոդատարան:
Մարտ 21, 2019 at 18:05