ՀՀ վարչապետի անդրադարձը բնական ռեսուրսների օգտագործմանը, բնապահպանական խախտումներին, անտառին

ՀՀ վարչապետի անդրադարձը բնական ռեսուրսների օգտագործմանը, բնապահպանական խախտումներին, անտառին

ԷկոԼուր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի շրջանակում հրապարակել է 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին:

Փաստերի թվում անդրադարձ կա նաև ընդերքօգտագործմանը, ջրային ռեսուրսներին, բնապահպանական խախտումներին, կենսաբազմազանությանը և անտառին: Հրապարակման մեջ, մասնավորապես, նշված է.

«82. Վերջին ամիսների ընթացքում դադարեցվել է թվով 11 ընդերքօգտագործման իրավունք, որից 4-ը՝ 4 մետաղական հանքի շահագործման իրավունք։ Հանքերից 3-ը եղել են ոսկու, 1-ը՝ պղնձի հանքավայր։ 569 զգուշացում է ուղարկվել ընդերքօգտագործման վճարման ապառքների մասով, և զգուշացումների հիմքերը չվերացնելու համար ներկայացվել է 86 միջնորդագիր՝ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման նպատակով։ Արդյունքում շուրջ 695 մլն դրամ ապառք է վճարվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

83. 2019 թվականին ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքների շրջանակում Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվել են 8 խորքային հորի լուծարման և 43-ի կոնսերվացման աշխատանքներ։ Ջրօգտագործողների միջոցների հաշվին կոնսերվացվել է ևս 28 խորքային հոր։ Փականային ռեժիմի է բերվել 20 խորքային հոր։ Խնայվել է 3,017.8 լ/վրկ ջրաքանակ: Աշխատանքների շնորհիվ ջրօգտագործողների մոտ հայտնաբերվելէ 382 խախտում։

84. 2019 թվականին արձանագրվել է 1863 բնապահպանական իրավախախտում, որը նախորդ տարվա համեմատ 71 տոկոս ավելի է, որոնց հիմքով հարուցվել է 1228 վարչական վարույթ, աճը՝ 13.6 տոկոս, վարչական տույժի է ենթարկվել 914 անձ՝ նախորդող տարվա 774-ի փոխարեն: 2019 թվականի ընթացքում վերահսկողական աշխատանքների շնորհիվ իրականացվել է 1358 վնասի հաշվարկ. հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 2 մլրդ 658.7 մլն դրամի չափով վնաս, աճը՝ 64 տոկոս: 2019 թվականի ընթացքում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում արձանագրված խախտումների փոխհատուցման մասով պետական բյուջե է մուտքագրվել512.3 մլն դրամ գումար՝ 2018 թվականի 172.6 մլն դրամի և 2017 թվականի 63.7 մլն դրամի համեմատ:

85. 2019 թվականին Հայաստանում ապօրինի անտառհատման և որսագողության դեպքերը ակնհայտ նվազել են, որի արդյունքում մարդկանց և տեխնիկայի մուտքն անտառներ ավելի հազվադեպ կամ ավելի քիչ է դարձել։ Արդյունքում կենդանիների համար կերային բազայի առկայությունը մեծացավ։ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում կովկասյան ընձառյուծի հայտնվելը կարող է արդյունք լինել թվարկված դրական գործոնների և կերային շղթայի վերականգնման։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում այստեղ տեսել են 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ թվով 4-րդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում։

86. 2019 թվականի ընթացքում 160 հա տարածքի վրա տնկվել է մոտ 500000 հատ ծառ»:

 

Մայիս 18, 2020 at 11:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր