Դավիթ Բաբայան. Ջրային անվտանգությունը հայոց պետականության անվտանգության կարևոր բաղադրամասերից մեկն է

Դավիթ Բաբայան. Ջրային անվտանգությունը հայոց պետականության անվտանգության կարևոր բաղադրամասերից մեկն է

ԷկոԼուր

«Ջրային անվտանգությունը հայոց պետականության անվտանգության կարևոր բաղադրամասերից մեկն է: Այս պարագայում առանցքային դերակատարություն ունի Արցախի Հանրապետության Քարվաճառի կամ Շահումյանի շրջանը, որից կախված է և՛ Մայր Հայաստանի, և՛ Արցախի Հանրապետության ապագան և բնականոն զարգացման հեռանկարները»: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ` ներկայացնելով իր հեղինակած «Արցախա-ադրբեջանական հակամարտության հիդրոքաղաքականությունը» գիրքը:

«Եթե մենք չկարողանանք ապահովել մեր ջրային անվտանգությունը, ինչքան ուզում է հզոր բանակ լինի, ինչքան ուզում է լինեն երաշխիքներ տարբեր երկրներից, միջազգային հանրությունից, տեխնոգեն կամ պատահական խնդիրների պատճառով, ինչ-որ թունավոր նյութերով այդ ջրերի աղտոտումը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների», - ասել է Դավիթ Բաբայանը: Հատկապես ընդգծելով Քարվաճառի շրջանը, նա ասել է.

«Քարվաճառի շրջանում են սկիզբ առնում Արփա և Որոտան գետերը, որոնք սնում են հայոց պետականության ամենամեծ նյութական արժեք ունեցող հարստությունը՝ Սևանա լիճը: Պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե հակառակորդը վերահսկողություն հաստատի այդ կարևարգույն տարածքի վրա: Չհաշված այն հանգամանքը, որ հենց Քարվաճառում է սկիզբ առնում նախկին ԼՂԻՄի ջրային պաշարների 85 տոկոսը: Իսկ որպեսզի մենք այդ ամենը իմանանք և պատկերացնենք ողջ կարևորությունը, մենք պետք է ծանոթ լինենք այդ հիմնախնդրին: Ինչպիսի հարստություն ունենք մենք և ինչ կարող է լինել, եթե մենք կորցնենք այդ հարստությունը: Եվ վերջապես ինչպիսի քաղաքականություն է վարել մեր հակառակորդը մեր նկատմամբ: Մենք սա պիտի լավ իմանանք, որպեսզի թույլ չտանք նմանատիպ զարգացումներ ապագայում»:

Դավիթ Բաբայանի խոսքով` ջուրը ռազմավարական նշանակություն և ներուժ ունի: Պետք է խնայողաբար վերաբերվել դրան: Ջրային հիմնախնդիրը, էկոլոգիական անվտանգությունը հայ ժողովրդի կենսունակության ապահովման կարևորագույն մեխանիզմներից է:



12:17 Փետրվար 19, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news