ԷկոԼուր
2018թ. ընթացքում Սևանա լճից շուրջ 40 միլիոն խմ հավելյալ ջրառի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքի լրացուցիչ գումարը կփոխանցվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաբյուջետային հաշվին: Կառավարությունը հունվարի 17-ի նիստում ընդունեց 2018թ. հավելյալ ջրառի հաշվին արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից առաջացող լրացուցիչ գումարների հաշվարկման և վճարման կարգի վերաբերյալ որոշում:
Հաշվարկված է, որ հավելյալ շուրջ 40 միլիոն խմ ջրառի արդյունքում կարտադրվի շուրջ 38 միլիոն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա:
Որոշման համաձայն՝ այդ գումարները կառավարության որոշումներով կուղղվեն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 2018թ. ժամանակավոր ծրագրով նախատեսված առաջնային խնդիրների լուծմանը: Օրենքում ներդրումային ստույգ ծրագրեր նախանշված չեն:
Հիշեցնենք, որ 2017թ-ին Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջրառի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից գոյացել է 1.6 միլիարդ դրամ, որը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համաձայն՝ արտաբյուջետային հաշվից փոխանցվել է պետական բյուջե: Ստացվում է, որ այս տարի կրկին անգամ արտաբյուջետային հաշիվ է բացվում, որին կփոխանցվի հավելյալ ջրառից առաջացած գումարը:
2018թ-ին Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ կառավարության քննարկման ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ այդ 1.6 միլիարդը կուղղվիՍևանից ջրառի նվազեցման միջոցառումներին: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն էլ նշել էր, որ այդ 40 միլիոն խմլրացուցիչ ջրառից առաջացած հավելյալ միջոցները կծախսվեն Սևանի բնապահպանական խնդիրները լուծելու համար: Մինչդեռ հայտնի չէ, թե 2017 թ. հավելյալ ջրառից գոյացած լրացուցիչ գումարներն ինչպես են տնօրինվել և ինչ խնդիրների լուծմանն են ուղղվել:
Հունվար 17, 2019 at 16:21