Աշոտ Խոեցյան` Հայաստանը պետք է մշակի ջրային ռեսուրսների կառավարման միասնական քաղաքականություն

Աշոտ Խոեցյան` Հայաստանը պետք է մշակի ջրային ռեսուրսների կառավարման միասնական քաղաքականություն

Տաթևիկ Ենոքյան ԷկոԼուր համար

Հայաստանում չկա ջրային ռեսուրսի կառավարման միասնական քաղաքականություն: Ջրային ռեսուրսներն անխնա կերպով են օգտագործվում, իր տեսակետը հայտնեց Մանկավարժական համալսարանի աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանը:

«Մենք ջրային քաղաքականության լուրջ խնդիրներ ունեցող երկիր ենք»,- ասաց Աշոտ Խոեցյանը: Ներկայացնելով խնդիրները` նա նշեց, որ Հայաստանը Արաքսի ջրերի 20-30 տոկոսից ավելին չի օգտագործում տնտեսական նպատակների համար, որ Սևանա լճի մակարդակը չենք բարձրացնում, երբ լճի մակարդակի ամեն սանտիմետրի բարձրացումը երկրի համար կարևոր նշանակություն ունի, Արարատյան դաշտում անհաշվենկատորեն օգտագործել ենք ստորգետնյա ջրային պաշարները, ինչի արդյունքում Արարատյան դաշտը հայտնվել է աղետալի վիճակում:

«Վերջին 10 տարիների ընթացքում ձկնաբուծության հիվանդագին զարգացումը Արարատյան դաշտում բերեց էկոլոգիական վատ վիճակի։ Ծով չունենք և գերշահագործում ենք ջրային ռեսուրսները ձկնաբուծության համար։ Մենք ձկնաբուծություն զարգացրեցինք ինչի հաշվին՝ Արարատյան արտեզյան ավազանի քայքայման և անապատացման երևույթների զարգացման հաշվին»,- ասաց Աշոտ Խոեցնյանը:

Նա սխալ համարեց Հայաստանում տարածված ոռոգման եղանակը. «Տարիներ շարունակ Հայաստանում ոռոգման պրոցեսն իրականացվել է միջնադարյան առվակային մեթոդով, որտեղ միավոր քանակի ջրի օգտագործման ՕԳԳ-ն սարսափելի ցածր է. ջրի հսկայական քանակն արագ գոլորշիանում է, ներծծվում է: Հողերը էրոզիայի են ենթարկվում։ Չոր, կիսաանապատային, արդի կլիմայական պայմաններում անիմաստ է առվակային մեթոդով ոռոգում անելը»։

Աշոտ Խոեցյանի համոզմամբ` անհրաժեշտ է մշակել ջրային ռեսուրսի կառավարման քաղաքականություն, կառուցել հզոր ծավալների ջրամբարներ, բարձրացնել Սևանա լճի մակարդակը, անցնել կաթիլային ոռոգման։

18:33 Նոյեմբեր 29, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news