Հայաստանում 3 պոչամբար պատկանում է ամենավտանգավորների դասին

Հայաստանում 3 պոչամբար պատկանում է ամենավտանգավորների դասին

ԷկոԼուր

Հանքարդյունաբերության պատճառով Հայաստանում խախտվել են հողերը 8000 հա տարածքում: Եւս 1500 հա հողեր գտնվում են պոչամբարների տակ: Կուտակվել է մոտ 1 միլիարդ տոննա հանքարդյունաբերական թափոն: Այս մասին նշված է  «Հայաստանի Հանրապետության հարստապոչերի հետ կապված առաջնահերթ խնդիրները» գիտական աշխատության մեջ, որի հեղինակներն են  Ռ.Ս Մովսեյանը եւ Հ.Ի. Մովսիսյանը, Երեւանի պետական համալսարանի Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման եւ հետախուզման ամբիոն:

«Նշենք, որ ամենից վտանգավորը համարվում են պոչամբարներում կուտակումները, հետո հանքաքարի լցակույտերը եւ մետալուգիական խարամները»,- նշված է աշխատության մեջ:

Ամենավտանգավորը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչերն են: Հեղինակների համաձայն` դրանք պատկանում են ամնավտանգավորների դասին, քանի որ տեխնոլոգիական գործընթացում ցիանիդ են օգտագործում: Վտանգավորության դասով հաջորդ վտանգավորները կապարացինկային,  պղնձային եւ պղնձամոլիբդենային ֆաբրիկաների պոչերն են:

Մեր կողմից նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության «2002թ. շրջակա միջավայրի վիճակի մասին» ազգային զեկույցում պոչամբարները նույնպես ունեին վտանգավորության դաս: Առաջին դասի վտանգավորություն ունեին երեք պոչամբարներ` «GeoProMining Gold» ընկերությանը պատկանող Արարատի ցիանային պոչամբարը, ‹‹Dundee Precious Metals Kapan›› ընկերությանը պատկանող` պղինձ, կապար, ցինկ եւ ոսկի պարունակող Գեղանուշի պոչամբարը եւ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող Նահատակ պոչամբարը:

Համաձայն Ընդերքի մասին ՀՀ նոր օրենսգրքի` 2011թ-ից սկսած պոչամբարների պարունակությունը  դադարեց վտանգավոր թափոն համարվել, եւ պոչամբարները դիտարկվում են որպես երկրորդային հանքավայրեր, որոնք ունեն տեխնոգեն ծագում: Դրա համար էլ հարկման չեն երնթարկվում:

Գիտաշխատության մեջ հեղինակները նկարագրում են պոչերի հետ կապված բացասական հետեւանքներ: «Զգալի վնաս է հասցնում ջրերը պոչամբարներ լցնելը: Լվացվող ջրերը պարունակում են ինչպես ծանր մետաղներ, այնպես եւ վնասակար տարրեր, որոնց կոնցենտրացիան գերազանցում է ջրամբարների համար ՍԹԿ-ն: Աղտոտում կարող են առաջացնել նաեւ պոչամբարների դրենաժային ջրերը: Ներծծվելով ամբարտակի միջով` դրանք կարող են աղտոտել գրունտային ջրերը: Մեծ վտանգ են ներկայացնում նաեւ պոչամբարի մակերեսից փոշու  եւ գազային արտանետումները:  Ընկնելով հողի, ջրամբարների կամ մթնոլորտի մեջ` աղտոտիչները չեն մնում տեղում, այլ  ընդգրկվում են նյութերի բնական շրջապտույտի մեջ եւ շատ դանդաղ են հեռացվում»:

Հանքարդյունաբերական ձեռնարկությունները թարմ ջրի ամենախոշոր օգտագործողներն են…: Դրա հետ մեկտեղ ջրի մեծ մասն աղտոտվում է վնասակար նյութերով…»:

Հեղինակները կարծում են, որ պոչերն առաջին հերթին պետք է դիտարկել որպես թափոն եւ միայն երկրաբանահետախուզական աշխատանքների անցկացումից եւ հարստացման համար տեխնոլոգիական  փորձարկումից ու տնտեսական գնահատականից հետո այդ կուտակումների մի մասը կարելի է որակավորել որպես տեխնոգեն պոչամբար:

Հոկտեմբեր 10, 2014 at 14:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր