ԷկոԼուր
«Եթե հիմնավորում եք, որ բերքը թունավոր է, արգելեք, թող բերք չարտադրեն»: Այսպես արձագանքեց Մեծ Այրումի համյանքապետ Սահակ Նազարյանը փորձագետ Սեյրան Մինասյանին:
Փորձագետը Սահակ Նազարյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Մեծ Այրում և Ճոճկան համայնքերի դեղձի նմուշների 60-70 տոկոսում կապարի պարունակությունը 2-4 անգամ գերազանցում է թույլատրելի սանիտարական և առողջապահական նորմը Նահատակ պոչամբարի շահագործման արդյուքնում:
«500 հեկտար վարելահող ունենք, և հողի վրա մարդիկ այսօր միլիոնավոր վարկեր են վերցնում, ներդրում կատարում... Եթե հիմնավորում եք, որ բերքը թունավոր է, արգելեք, թող բերք չարտադրեն», - ասաց Սահակ Նազարյանը:
Մեծ Այրումի համայնքապետը ապրիլի 17-ին հանդիպեց մեդիա արշավի մասնակիցների հետ: Մեդիա-արշավի նպատակն էր ՀՀ Լոռու մարզի Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի Նահատակ պոչամբարի իրական վիճակին ծանոթացնելը:
«Տարիներ շարունակ այստեղ տեղի է ունենում բնապահպանական և առողջապահական ոչ պաշտոնական աղետ. նորմային չհամապատասխանող պոչամբար, հիվանդությունների աճ, բնամթերքի անկում և այլն», - ասաց Մեծ Այրում համայնքի ավագանու անդամ,
«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:
Նա նշեց, որ արդեն 5 տարի պոչամբարը գործում է: Չնայած նրան, որ այն պետք է ավելի երկար շահագործվեր, այսօր արդեն լցված է, և ընկերությունը մտադիր է կառուցել նոր պոչամբար:
«Նոր պոչամբարը լինելու է տվյալ պոչամբարի տրամաբանական շարունակությունը, ընդ որում, դեպի Դեբետ գետ, ինչին դեմ են համայնքի բնակիչները, բնապահպանները և հասարակական կազմակերպությունները: Իսկ առարկելու հիմնական պատճառն այն է, որ այս ընկերության անցած նախկին ճանապարհը և համայնքին հասցված վնասը թույլ չի տալիս հավատքով կամ վստահությամբ լցվել ապագա գործընթացների հանդեպ», - ասաց Օլեգ Դուլգարյանը:
Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նշեց, թե Ախթալայի կոմբինատի ռեկուլտիվացված և գործող պոչամբարները ինչ վնաս են հասցրել և շարունակում են հասցնել ջրային ռեսուրսներին: «Նազիկ պոչամբարից, որը համարվում է ռեկուլտիվացված, կան արտազատումներ, և այդ պոչանքները լցվում են Ախթալա գետ, այնուհետև Դեբեդ գետ: Այս գործող Նահատակ պոչամբարի պոչանքներն էլ են լցվում ուղիղ Դեբեդ», - ասաց Հակոբ Սանասարյանը:
«Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը նշեց, որ պոչամբարներում առկա թունավոր մետաղները, տարածվելով շրջակա միջավայր, հողի, ջրի, բույսերի հետ միասին մտնում են սննդային շղթայի մեջ: Իսկ կենսաքիմիկ Դոլորես Ղափանցյանի խոսքով` ծանր մետաղները, թափանցելով մարդու օրգանիզմ, այնտեղ չեն յուրացվում, կուտակվում են կենսականորեն կարևոր օրգաններում՝ թոքեր, լյարդ, փայծաղ, և առաջացնում ոչ միայն տարբեր հիվանդություններ, այդ թվում օնկոլոգիական, այլ նաև գենետիկական շեղումներ:
Ապրիլ 20, 2015 at 12:49