Հայաստանում կսկսեն աղբ վերամշակել

Հայաստանում կսկսեն աղբ վերամշակել

Հայկուհի Բարսեղյան, www.ankakh.com

Սեպտեմբերից Երևանում կգործի պլաստիկի վերամշակման արտադրամաս, իսկ արդեն 2012-ի փետրվար-մարտից գործարանում կսկսեն վերամշակել նաև թուղթը: Շենգավիթ վարչական շրջանում այժմ ընթանում են աղբի վերամշակման գործարանի կառուցման աշխատանքները:

«Քլինլենդ» ընկերությունը հիմնադրվել է երկու տարի առաջ: Աղբի տեսակավորման կայաններ արդեն  գործում  են Վանաձորում և Գյումրիում, նախատեսվում է առաջիկայում նման կենտրոն հիմնել նաև Հրազդանում: Քաղաքները  ընկերության հետ պայմանագիր են կնքել, ըստ որի` առաջիկա 25 տարիներին քաղաքում կուտակված ողջ կենցաղային աղբը պետք է տրամադրվի այս տեսակավորող և վերամշակող ընկերությանը, որն էլ ամեն ամիս 3 մլն դրամ պետք է հատկացնի քաղաքային բյուջեին:

Աշխարհում առաջին անգամ աղբ, ավելի  ստույգ` թուղթ վերամշակել են 1031 թ. Ճապոնիայում: 1631-ին արդեն Ֆիլադելֆիայում թղթի վերամշակման գործարան է հիմնվել: Այսօր աշխահի շատ երկրներում աղբը գրեթե ամբողջությամբ վերամշակվում է` թուղթը, պլաստիկը, մետաղները, իսկ սննդային մնացորդներից էլ այրման միջոցով էլեկտրաէներգիա կամ մեթան են ստանում:

«Քլինլենդը» Հայաստանում առաջինն է, որ սկսել է աղբի տեսակավորման ու վերամշակման գործընթացը:

Բնապահպան Թամարա Գալստյանի կարծիքով` աղբն անպայման պետք է վերամշակել. այսպիսով աղբանոցներում կուտակված աղբն էլ չի աղտոտի բնությունը, բացի այդ,  դրանում առկա օգտակար նյութերը կվերամշակվեն ու նորից շրջանառության մեջ կդրվեն, ինչը կօգնի խնայելու առկա պաշարները:

Թե Հայաստանում տարեկան որքան աղբ է «արտադրվում», հայտնի չէ, սակայն, ըստ համացանցում առկա տվյալների, մարդը տարեկան միջինը «արտադրում»  է 250 կգ կենցաղային աղբ: Աղբամանի 25 տոկոսը կազմում են սննդային թափոնները, 5-10 տոկոսը` թուղթը և 50 տոկոսը` պոլիմերները, մնացածն էլ կազմում են ապակին, ռետինը, կտորեղենը և այլն:

Գալստյանը նշում է, որ աղբավայրերը այնպես, ինչպես առկա է Հայաստանում, շատ վնասակար են. մարզային բնակավայրերում մարդիկ հիմնականում աղբը նետում են մոտակա ձորակները, Երևանում էլ երկու բաց աղբավայր կա: Բացի այն, որ շոգ եղանակին աղբի ինքնայրում է տեղի ունենում, և մթնոլորտ են արտանետվում վնասակար գազեր, որոնք նպաստում են գլոբալ տաքացմանը,  անձրևաջրերը, իրենց մեջ կուտակելով աղբանոցի բոլոր թունավոր նյութերը, ծանր մետաղները, ներծծվում են հողում ու խառնվում գետերին, ոռոգման և խմելու  ջրերին` թունավորելով նաև սնունդն ու մարդկանց:

«Քլինլենդի» հիմնադիր նախագահ Տիգրան Գաբրիելյանը նշում է, որ ձեռնարկություն հիմնելու գաղափարը ծագել է մի քանի տարի առաջ,  շատ պատահական. այլ երկրներում նման ոլորտում աշխատող մարդկանց հետ է շփվել և հասկացել, որ «դա բիզնես է, որով պետք է զբաղվել, մանավանդ որ Հայաստանում դաշտը լրիվ ազատ է»:

«Քլինլենդը» տեսակավորման և մշակման միակ գործարանն է Հայաստանում. «Մենք այդքան տարածքներ չունենք, որ մեզ թույլ տանք հող հատկացնել աղբավայրերի համար, բացի այդ, աղբավայրում աղբը ինքնայրվում է, ինչը վնասակար է շրջակա միջավայրի համար»:

Գաբրիելյանը նշում է, որ Վանաձորում և Գյումրիում արդեն ստեղծել են 45-ական աշխատատեղեր, Հրազդանում էլ գործունեություն կծավալեն գարնանից: Ընկերությունը համագործակցում է նաև հաշմանդամների «Փյունիկ» միության հետ. «Քլինլենդում» հաշմանդամներին աշխատելու հնարավորություն է տրված:

Ընկերությունը պատրաստվում է զարգացնել նաև աղբը տեսակավորելու մշակույթը. հաջորդ տարի նախատեսում են դպրոցներում տեսակավորված աղբ հավաքելու համար տարբեր աղբամաններ տեղադրել: Հաղթող դպրոցին համակարգիչ կնվիրվի. «Սա  աղբի այն ծավալը չէ, որ մեր ընկերությանը պետք է, ուղղակի կարևորում ենք տեսակավորման մշակույթի ձևավորումը, որը հիմա չկա, քանի որ  պահանջված չի եղել»:

13:20 Հուլիս 26, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news