Ալավերդիի աղբավայրում բռնկված հրդեհը գրեթե մարվել է. համայնքապետարանի աշխատակից

Ալավերդիի աղբավայրում բռնկված հրդեհը գրեթե մարվել է. համայնքապետարանի աշխատակից

ԷկոԼուր

Օգոստոսի 21-ին ԷկոԼուրն իր «Էկոահազանգ» էջում Ալավերդու բնակչից ահազանգ է ստացել Ալավերդու աղբավայրի այրվելու մասին:«Ժամանակ առ ժամանակ Ալավերդի քաղաքի աղբավայրում աղբի այրումից առաջացած ծուխը տարածվում է քաղաքով: Ըստ ահազանգերի` այսօր ևս աղբավայրում աղբ է այրվում, այդ թվում` պլաստիկը:
Ակնկալում ենք պատկան մարմինների արձագանքը և գործողությունները խնդրի կարգավորման ուղղությամբ»,- գրված է ահազանգի մեջ:

Խնդրի կապակցությամբ ԷկոԼուրի հետ զրույցում Ալավերդու համայնքապետարանի Կոմունալ ծառայության տնօրեն Սարգիս Կիրակոսյանն ասաց. «Այս պահին հրդեհը համարյա թե մարված է, ահագին ջուր ենք լցրել: Ջրի մեքենայով ենք փորձում մարել: Եթեհնարավոր չի լինում միայն մեր մեքենայով, օգնության ենք կանչում հրշեջ ծառայությանը»:

Կիրակոսյանը նշեց, որ հրդեհի բռնկման պատճառների մասին տեղեկություն չունեն: Նա նաև տեղեկացրեց, որ 15-20 օր առաջ Մ6 ավտոճանապարհի շինաշխատանքների արդյունքում կուտակված հողով բարձված 8 մեքենա է բերվել՝ աղբավայրը հողի շերտով ծածկելու նպատակով: «Ծածկել են մի փոքր՝ 50 մ տեղ: Աղբավայրի երկարությունը 200-300մ է»,- նշել է նա:

Նշենք, որ Ալավերդու համայնքի 2018-2022թթ. հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված է « Ալավերդի համայնքի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի ժամանակավոր լոկալիզացիա»: Այս ծրագրի բյուջեն սահմանվել է ՝ 15,00 մլն դրամ: Ծրագիրը պետք է մեկնարկեր 2018թ-ին:

 

00:13 Օգոստոս 23, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news