ԷկոԼուր
«ԱՏ-Մետալս» հանքարդյունաբերական ընկերությունը Հայաստանի մետաղների համաձուլվածքներից ստացել է երկու նոր նյութ` Ֆեմիր և Սպինկեր, որոնց կիրառմամբ չեզոքացվում է ռադիոակտիվ թափոնների վտանգը: Ընկերությունն այս մասին հայտարարեց դեկտեմբերի 17-ին` «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» տեխնոլոգիայի շնորհանդեսի ժամանակ:
«Նյութը ռադիոակտիվ չէ. այն սովորական բազմամետաղյա փոշի է՝ Ֆեմիր անունով: Հենց դա է խառնվում ռադիոակտիվ թափոնի հետ, որի ժամանակ մոլեկուլը ընդգրկվում է մեկ այլ մոլեկուլի մեջ և ստեղծվում է մատրիցա, որն ամեկայունն է ու ունի ամենապաշտպանիչ ուժը: Ստեղծված մատրիցայի շնորհիվ վերանում է նաև ճառագայթումը»,- ասաց «ԱՏ-Մետալս» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Մեժլումյանը:
«Այս հանքանյութը միլիոնավոր տարիներ գտնվել է բնության մեջ, նույնիսկ կվարցը փոշիացել է, բայց այն պահպանվել է: Այն բազմամետաղային օքսիդային հատուկ ստրուկտրորայով փոշի է, որը ստացվում է վերամշակումից, - ասաց ընկերության ինժեներ–տեխնոլոգ Վռամ Խաչատրյանը,- Մինչև այսօր գործող տեխնոլոգիաներով օգտագործվում էին տարբեր էկրաններ տարբեր նյութերից, սակայն բավական է վնասել այդ էկրանը, և ռադիոակտիվությունը կարող է նորից վնասակար լինել շրջակա միջավայրի համար: … Մենք էկրանն ու ռադիոակտիվ նյութը տարալուծում ենք ռադիոակտիվ մակարդակով ու միացնում ենք միմյանց քիմիական կապերով: Այն նույնպես թափոն է, բայց կարգը փոխված, միջին ակտիվությունից այն դառնում է թույլ ակտիվության, և նման կարգը անվնաս է բնական և տեխնածին աղետների նկատմամբ: Տվյալ պայմաններում նաև շատ հեշտ է ապահովել անվտանգությունը. խորքային թաղման փոխարեն, բավարար է այն դնել անգարային տարածքում. նույնիսկ դրանից մեկ մետր հետավորության վրա գտնվելը բացարձակ անվտանգ է»:
Ֆեմիր եւ Սպինկեր նյութերը ստացվել են Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու բազմամետաղային հանքավայրի մետաղներից:
Ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ իրենց մշակած նյութով Հայկական ատոմային էլեկտրակայանում անցկացված փորձարկումների արդյունքները դրական գնահատականի են արժանացել Միջազգային ատոմային էներգիայի կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) կողմից: «ՄԱԳԱՏԷ-ից ասացին, որ արդյունքը կարող է համարվել միջազգային գյուտ ու առաջարկեցին մեզ մասնակցել ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում կազմակերպված գիտական ֆորումին: Ֆորումի մասնակիցները, որոնք գիտնականներ էին ամբողջ աշխարհից, զարմացան ռադիոանկտիվ թափոնի չեզոքացման առումով ներկայացրած մեր նախագծից, որովհետև այն ավելի անվտանգ է, քան «ՄԱԳԱՏԷ»-ի կողմից սահմանված ստանդարտները: …Մեր նպատակն է Հայաստանում իսպառ վերացնել ռադիոակտիվ թափոնների արտանետումները, մենք այն առաջինը մեր մոտ կներդնենք, չնայած, որ առաջարկություններ կան շատ երկրներից, և հիմա մենք նրանց հետ բանակցությունների մեջ ենք»,- հայտարարեց «ԱՏ-Մետալս» ընկերության խմբի ղեկավար, ՀՀ վարչապետի խորհրդական և ԱՄՎ պատվավոր նախագահ Համլետ Հովսեփյանը:
Նշենք, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի ռադիոակտիվ թափոնների պահեստարանները լցված են: ՀԱԷԿ-ի հրապարակում` օժանդակ շինության տանիքին, 2003թ. կառուցվել է նոր ժամանակավոր պահեստարան 3000 աղային հալվածք պարունակող կոնտեյներների համար: Ժամանակավոր պահեստարանն այժմ ամբողջությամբ բեռնված է:
«Պետք է վերջնական անցնենք բոլոր սերտիֆիկացիոն պրոցեսները, որը արդեն համաձայնեցված է ՄԱԳԱՏէ- ի կողմից: Դա մի քանի ամսվա գործընթաց է , որի ընթացքում մենք պետք է վերջնական մշակենք նրա արդյունաբերական, տեխնոլոգիական կիրառման պրոցեսը, և արդեն իսկ կներդնենք այն»- ասաց Հայկ Մեժլումյանը:
Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ իրենց մշակած տեխնոլոգիական պրոցեսի շնորհիվ ստացված արդյունքը ամենաքիչը2-3 անգամ ավելի էժան է մյուս տեխնոլոգիաներից, քանի որ առաջարկվող տեխնոլոգիայում օգտագործվող նյութերի 85 տոկոսը` հանքանյութից ստացված մագնիսական փոշին, Հայաստանում կա մեծ քանակությամբ:
Դեկտեմբեր 18, 2015 at 17:35