Վարկային ծրագիրը մեկ տարուց կավարտվի, սակայն Արմավիր և Մեծամոր քաղաքների համար մաքրման կայան դեռ չի կառուցվել

Վարկային ծրագիրը մեկ տարուց կավարտվի, սակայն Արմավիր և Մեծամոր քաղաքների համար մաքրման կայան դեռ չի կառուցվել

ԷկոԼուր

«Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք» վարկային ծրագիրը պետք է ավարտվի 2018թ-ին: Սակայն Արմավիր և Մեծամոր քաղաքների համար, որոնք ծրագրի շահառուներն են, դեռ նոր մաքրման կայան չի կառուցվել: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական ներդրումային բանկը 25.5 միլիոն եվրոյի չափով:

Ծրագրով Արմավիրի մարզում մասնավորապես նախատեսվում է «Նոր Ակունք» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում, կոյուղու պոմպակայանի, կոլեկտորի, կոյուղու ցանցի վերականգնում՝ ապահովելու Արմավիր և Մեծամոր քաղաքներից հեռացվող կեղտաջրերի մաքրումը: Ծրագրի իրականացման ժամանակահատվածը նախանշվված է 2014-2018թթ.: Արմավիր կատարած այցի ժամանակ տեղի բնակիչները ԷկոԼուրին հայտնեցին, որ ոչ մի մաքրման կայան չի կառուցվել և կոյուղաջրերը լցվում են Սև ջուր գետը, որի ջրով ոռոգվում են դաշտերը, Մեծամոր համայնքում տարածվում է գարշահոտություն:

Ի պատասխան ԷկոԼուրի հարցմանը, թե ինչ արդյունքներ ունի «Նոր Ակունքի» հետ ստորագրված վարկային ծրագիրը, ինչքան գումար է ծախսվել ծրագրի իրականացման համար և այս ծրագրի վերաբերյալ ինչ պարտավորություններ են անցնում «Նոր Ակունք»-ից «Veolia Group»-ին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն պատասխանել է.

«Փուլ 3-ի շրջանակներում «Նոր Ակունք» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով միջազգային մրցույթի արդյունքում ներգրավվել է նախագծային և տեխնիկական վերահսկողության համար պատասխանատու խորհրդատվական ընկերություն SRP Scheneider&Partner Ingenier-Consult GmbH (Գերմանիա), Կովկասյան Խորհրդատվական Խումբ AM ՍՊԸ (Հայաստան) հետ՝ որպես ենթախորհրդատու: Հիշյալ ընկերության հետ պայմանագիրը կնքվել է 28.04.2016թ.: Նախագծման աշխատանքներն ընթանում են՝ համաձայն պայմանագրով սահմանված ժամանակացույցի: Ծրագրի շրջանակներում դեռևս գումար չի ծախսվել: (Նախագծային աշխատանքների կատարման համար խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է կանխավճարի պահանջագիր, որը ներկայումս ներկայացվել է ՀՀ ֆինանսների նախարարություն)»:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանում «Նոր Ակունք»-ից «Veolia Group»-ին փոխանցվելիք պարտավորությունների մասին նշված չէ:

Լուսանկարը վերցված է www.jam-news.net կայքից:

17:35 Դեկտեմբեր 01, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news