ԷկոԼուր
«Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում շրջակա միջավայրին պատճառած վնասների ուսումնասիրման և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով «Թեղուտ» ՓԲԸ-ն ընդգրկվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2018 թ-ի ընթացքում իրականացվելիք ստուգումների տարեկան ծրագրում: Այս մասին նշված է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի պատասխան նամակում` ուղղված «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ին:
Հիշեցնենք, որ ԷկոԼուրը կարծիք էր ուղարկել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին` նշելով, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի Թեղուտի հանքավայրի ընդլայնման հայտին պետք է տրվի բացասական եզրակացություն:
«Այժմ իրականացվում է փորձաքննական գործընթացը, որից հետո շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը կտեղադրվի ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կիրականացվի հանրային իրազեկում և քննարկում (4-րդ փուլ):
«Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի (ներառյալ հանքավայր) մինչև 15 միլիոն տոննա/տարի ընդլայնում» նախնական գնահատման հայտի հանրային քննարկումների 2-րդ և 3-րդ փուլերի ընթացքում հանրությունը ևս իր մտահոգությունն էր հայտնել բարձրացված հարցադրումների վերաբերյալ, ինչը քննարկվում է և հնարավորինս հաշվի կառնվի փորձաքննության գործընթացում», - նշված է նախարարության պատասխան նամակում:
Թեղուտի հանքավայրի ընդլայնման հայտը մերժելու պահանջով Արծվիկ Մինասյանին դիմել են Շնող համայնքի բնակիչները: Արդեն երկու տարի է բնապահպաններն ու ազդակիր Թեղուտ և Շնող համայնքների բնակիչները պարբերաբար ահազանգում են Թեղուտի պոչամբարից Շնող գետ թափվող արտահոսքերի մասին: Թունավոր արտահոսքերը հասնում են գետի ջրով ոռոգվող հողատարածքները: Չորանում են բնակիչների ծառերն ու տարածքի բուսականությունը: Տեղացիների խոսքով` վերացել է անգամ գետի կենդանական աշխարհը: Սակայն բնապահպանական տեսչությունը «Թեղուտ» ՓԲԸ-ում ստուգումներ այդպես էլ չիրականացրեց: 2015 թ-ին բնապահպանական կազմակերպությունները դատական կարգով պահանջեցին բնապահպանության նախարարությունից ստուգումներ իրականացնել: Գործը կարճվեց ՀՀ կառավարության ընդունած որոշման հետևանքով, որով կասեցվեցին հանրապետության տարածքում բոլոր ստուգումները:
«Արդեն երեք տարի է Դեբեդ և Շնող գետերի եզերքի բնակիչները վնաս են կրում այդ պոչամբարի արտահոսքերի պատճառով, իսկ իրենք ժամանակ չեն գտնում` ստուգում անցկացնեն: Պարզ է, որ պաշտոնական մոնիթորինգ չի անցկացվելու, որովհետև նրանց (ԷկոԼուր` նկատի ունի «Թեղուտ» ՓԲԸ-ին) հովանավորում են ամենաբարձր մակարդակով, և մենք դա գիտենք: Նախարարությունը որ ցանկանա էլ, միևնույն է, ոչինչ անել չի կարող, ուղղակի չեն համարձակվի: Իսկ մեզ մնացել է միայն ճանապարհ փակել, ուրիշ տարբերակ չկա: Դատարաններին էլ չենք հավատում, որ դատարան դիմենք», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Շնող գյուղի բնակիչ Լևոն Ալիխանյանը:
Մինչ օրս պատկան մարմինները չունեն տեղեկատվություն «Թեղուտ» ՓԲԸ-ի անտառվերականգնման ծրագրի արդյունքների մասին: Նշենք, որ ընկերությունը պարտավորվել էր Լալվարի անտառում, որտեղ իրականացվում է Թեղուտի ծրագիրը, տնկել 714 հեկտար անտառ 357 հեկտարի փոխարեն, որը հատվեց Թեղուտի ծրագրի համար:
2016 թ-ի նոյեմբերին ԷկոԼուրն այցելել էր այն վայրերը, որտեղ «Թեղուտ» ՓԲԸ-ն պետք է անտառ տնկեր և արձանագրել, որ անտառտնկման ծրագիրը ձախողվել է:
«Անտառ, վարելահողեր, սևահողեր...ամբողջը մնացին հանքի ու պոչամբարի տակ: Ոչ մի փոխհատուցում մենք չենք տեսել: Ես` ինքս, էլ հող եմ կորցրել ու զրկվել մշտական եկամուտից: Հիմա էլ ընդլայնման նախագիծ են բերել: Մենք ասել ենք ու կասենք` մինչև եղած խնդիրները չլուծեն` աղտոտման, փոխհատուցման, ոչ մի նոր հարց չենք քննարկելու այդ ընկերության հետ», - նշեց Շնողի բնակիչ Լևոն Ալիխանյանը:
Դեկտեմբեր 21, 2017 at 17:40