Արդյո՞ք Թեղուտում շեփորներին կփոխարինեն դատական գործընթացները

Արդյո՞ք Թեղուտում շեփորներին կփոխարինեն դատական գործընթացները

ԷկոԼուր

Դեկտեմբերի 20-ին Թեղուտում հանքահարստացուցիչ ֆաբրիկայի բացմանը նվիրված ճոխ միջոցառումը նշանավորվեց Հայաստանի և Արցախի բարձրաստիճան այրերի այցելությամբ: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամներ, ովքեր շնորհավորում էին «Վալլեքս» խմբի ընկերությունների սեփականատիրոջը և մենեջերներին հաջողության կապակցությամբ: Գործնականում մամուլում միաժամանակ տարածված էին երկու դիմումներ, որոնք կտրուկ տարբերվում էին Թեղուտի պաշտոնական շեփորային թեզիսներից:

Դրանցից մեկը Դանիայի կենսաթոշակային հիմնադրամին ուղղված Շնող և Թեղուտ գյուղի բնակիչների նամակն է, որով բնակիչները պահանջում են չեղյալ համարել վարկային պայմանագիրը Թեղուտի նախագծի ներդրող ռուսական ՎՏԲ բանկի հետ և չեղյալ համարել համաձայնագիրը «Թեղուտ ՓԲԸ-ի հետ: Նամակի տակ ստորագրել է 57 բնակիչ: Նրանց համար տոնի ժամանակ հայտարարված թվերը, օրինակ, տարեկան 7 միլիոն հանքաքարի մշակում, նշանակում է, որ իրենց գյուղերը կստանան հողն ու գետերը թունավորող տասնյակ անգամ ավելի թափոններ, որոնք պարունակում են  հանքաքարի տարրեր:

190 միլիոն դոլլարից, որի մեջ մտնում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տարեկան արժեքը, բնակիչները ոչինչ չեն ստանա, եթե հաշվի չառնենք այն բնակիչների չնչին աշխատավարձերը, ովքեր աշխատում են ընկերությունում և համայնքային հողերի վարձակալության դիմաց գումարները: Հիշեցնենք, որ հենց ամենասկզբում բնակիչների հողերը գնվել են ծիծաղելի գումարներով. 1 քմ հողի դիմաց վճարվել է 30-50 դրամ, 200-300 դոլլար` այգիների համար: Իսկ նրանց, ովքեր հրաժարվեցին վաճառել իրենց հողերը, ստիպեցին վաճառել հողերը դատարանի միջոցով, կառավարության որոշմամբ և «բացառիկ գերակա հանրային շահ» ձևակերպմամբ: Բնակիչների նամակում մանրակրկիտ նկարագրված են ոչ միայն ազգային օրենսդրության խախտումները, այլ նաև այն նորմերի և ստանդարտների խախտումները, որոնք ամրագրված են Դանիայի կենսաթոշակային հիմնադրամի գործունեության մեջ:

Հաջորդ դիմումը Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից է: Դիմումի մեջ, մասնավորապես ասված է.

«…Մենք այս պահին ունենք հսկայածավալ իրավական նյութ, որի հիման վրա առաջիկա ամիսներին նախաձեռնելու ենք դատական գործընթաց՝ հանքավայրի անօրինական շահագործումը դադարեցնելու և պատճառված վնասի փոխհատուցման հայցով, ինչպես նաև իրավական փաստերը ներկայացնելու ենք քրեական հետապնդման մարմիններին՝ փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով:

Չունենալով պատրանքներ, թե այսօր Հայաստանում առկա համակարգային կոռուպցիայի պայմաններում հնարավոր է իրավական ճանապարհով հասնել արդարադատության՝ մենք նաև համագործակցության առաջարկ ենք ներկայացնելու բոլոր քաղաքական միավորներին, միջազգային կառույցներին և անհատներին՝ Թեղուտի հիմնախնդիրը դարձնելով միջազգային ֆինանսական հոսքերը դադարեցնելու և կոռումպացված քաղաքական իշխանության տապալմանը նպաստելու հիմքերից մեկը…»:

ԷկոԼուրի կողմից. Թեղուտի նախագծի ֆինանսական շղթան ներառում է. «Թեղուտ» ՓԲԸ, բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «Թեղուտ Ինվեսթմենթս Լիմիթեդ» օֆշորային ընկերությանը, որը գրանցված է Կիպրոսում: Կիպրոսի ընկերության քվեարկող բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «ACP» ՓԲԸ-ին, որի սեփականատերն է Վալերի Մեժլումյանը:

16:39 Դեկտեմբեր 23, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news