«Տանում եք, որ ի՞նչ անեք». ակտիվիստը` ոստիկանին

«Տանում եք, որ ի՞նչ անեք». ակտիվիստը` ոստիկանին

ԷկոԼուր

Հոկտեմբերի 30-ին կառավարության շենքի մոտ անցկացվող խաղաղ հավաքի ժամանակ ոստիկանների կողմից բերման ենթակվեցին բնապահպան-ակտիվիստներ Գևորգ Սաֆարյանը և Տարոն Սարգսյանը: Նրանք փորձում էին բարձրաձայնել  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված բաց նամակը` կապված «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից Թեղուտի հանքավայրի շահագործման հետ: Ոստիկանությունը արգելեց նրանց բարձրախոսով ընթերցել նամակը` պատճառաբանելով, որ խանգարում են կառավարության աշխատանքը: Երբ ակտիվիստները փորձեցին չենթարկվել եւ ընթերցել նամակը, նրանց միանգամից բերման ենթարկեցին:

«Ես համարում եմ ձեր` ինձ բաժին տանելու պահանջը ապօրինի»,- ասաց Գևորգ Սաֆարյանը... «Սխալ եք համարում»,- պատասխանեց ոստիկանության ներկայացուցիչը...«Տանում եք, որ ի՞նչ անեք»,- հարցրեց Գեւորգ Սաֆարյանը...«Ուրիշ բան չմտածեք, վատ բան չենք անելու»,- պատասխանեց ոստիկանը:

«Գևորգ Սաֆարյանին բերման ենթարկեցին խաղաղ հավաքի ընթացքում խոսքի ազատության իրավունքի իրացման համար, երբ ոչ  մի հասարակական կարգ չի խախտվել: Բերման ենթարկեցին միայն այն պատճառով, որ անձը բարձրաձայն փորձում էր ներկայացնել բաց նամակի տեքստը, որը ուղղված է ՀՀ վարչապետին: Իսկ Տարոն Սարգսյանին բերման ենթարկեցին նրա համար, որ նա պաշտպանում էր իր սեփականության իրավունքը` կապված բարձրախոսի հետ»,- նշեց նախաձեռնության ակտիվիստը:

Ակտիվիստները ստիպված եղան առանց բարձրախոսի ընթերցել բաց նամակը, որում նշված է.

«Պարոն Սարգսյան,

Ձեր ուշադրությանն ենք ուզում հրավիրել այն բազմաթիվ խնդիրները, որոնք այսօր առկա են Լոռու մարզի Թեղուտ գյուղում և տալ այս ամենին ձեր զբաղեցրած պաշտոնին հարիր արձագանք: Թեղուտ ՓԲԸ հանքարդյունաբերող ընկերությունը վերջերս ի կատար է ածում անխնա անտառահատումներ և ըստ մեզ հասած՝ հավաստի աղբյուրներից տեղեկությունների, չի պատրաստվում այդ ամենի վրա կանգ առնել: Հարստացման ֆաբրիկայի էլեկտրամատակարարման լարերը անցկացնելու համար արդեն իսկ հատվել է 8000 քառ.մետր անտառածածկ, և մոտակա օրերը նախատեսված է ևս 30000քառ. մետր անտառածածկի անխնա վերացում, առանց որևէ ողջամիտ պատճառաբանության: Բարբարոսաբար և անհիմն կերպով վերացնում են մեր բնության ամենագեղեցիկ գոհարներից մեկը՝ Լոռվա (Թեղուտի) անտառները, որոնք հարուստ են Կարմիր գրքում ներառված ծառատեսակների բացառիկ նմուշներով(հացի, լորի, կաղնի, սոճի, բոխի, գերամասի, և այլն):

Հայտնի է, որ գյուղացին իր օրվա հացը վաստակում է անասուններին արածացնելով , որից ստանում է տարբեր կաթնամթերքներ, մսամթերք՝ թե՛ իր սեփական կարիքների համար և թե՛ վաճառքի համար: Ուստի վերջերս Թեղուտ ՓԲԸ-ն արգելել է գյուղացիներին արածացնել կովերին և ոչխարներին այն տարածքներում որոնք հենց նույն գյուղացիներից ժամանակին խաբեությամբ խլել է՝ փոխարենը խոստանալով տարբեր փոխհատուցումներ, որոնք այդպես էլ չեն իրագործվել: Հողերի մի մասն էլ օտարվել են համայնքից ըստ Կառավարության որոշման և ճանաչվել որպես հանրային գերակա շահ: Հարց է ծագում, Թեղուտ ՓԲԸ-ի ինչի՞ն է պետք այդ տարածքների խոտը : Եվ եթե կատարում ենք տրամաբանական եզրակացություն, ամեն բան արվում է , որ գյուղացին լքի իր տունը և արտագաղթի, քանի որ նրա ձեռքից խլում են իր միակ հաց վաստակելու միջոցը:

Տեղեկացնում ենք նաև ձեզ, որ գյուղի միայն մեկ տասերորդ մասը հանքում աշխատատեղ ունի, իսկ ի՞նչ պետք է անի մնացյալ բնակչությունը: Ի՞նչ է պատրաստվում անել երկրի վարչապետը , երբ նմանօրինակ անարդարություն է տիրում, այս անգամ արդեն Թեղուտ գյուղում: 

Ուշադրություն դարձրեք նաև այն հանգամանքին, որ հանքը գործելուն պես գյուղի բնակչության առողջությանը արդեն իսկ անդառնալի վնասներ կպատճառվեն, այլևս չեն գնվի այն մթերքները որոնք կարտադրվեն Թեղուտում, ուստի ո՞րն է գյուղացու օգուտը, նա զրկվում է ամեն ինչից:

Պարոն Սարգսյան քանի որ մենք ապրում ենք դեմոկրատական երկրում, իսկ դեմսկրատիան ենթադրում է պարբերաբար երկխոսություն երկրի կառավարության և քաղաքացիների միջև, ապա մեր ուղղած բաց նամակին խնդրում ենք արձագանքել նույքան բաց կերպով, եթե կարելիա ԶԼՄ –ների միջնորդությամբ:

Ակնկալում ենք Ձեր աչալուրջ և հետևողական միջամտությունը այս հարցում: Պահանջում ենք, որպեսզի Կառավարությունը վերահսկի «Թեղուտ» ՓԲԸ-ի գործողությունները և պարտավորեցնի կատարել իրենց կողմից բազմիցս հնչեցված բանաձևը, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի մինիմալ կորուստներ և վնասներ պատճառեն Թեղուտի անտառներին և ընդհանրապես շրջակա միջավայրին և բնակչությանը»:

15:19 Հոկտեմբեր 30, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news