Թեղուտի բնակիչների կյանքի որակը վատթարացել է

Թեղուտի բնակիչների կյանքի որակը վատթարացել է

ԷկոԼուր

Թեղուտի բնակիչների կյանքի որակը վատթարացել է: Այս մասին են վկայում «Սոցիոսկոպ» ՀԿ-ի կողմից իրականացված սոցիոլոգիական ուսումնասիրությունները: «Ուսումնասիրությունների արդյունքում նկատվում է համայնքի բնակչության ոգևորության անկում: Եթե նրանք սկզբից ոգևորված էին, որ կլինեն աշխատատեղեր, կունենան աշխատանք, հիմա նրանց մոտ այդ ոգևորությունը նվազում է»,- սեպտեմբերի 5-ին«ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնության անդամ Էվելինա Գյուլխադանյանը: Նա նշեց, որ բնակիչները սկսում են իրենց վրա զգալ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի գործունեության վատ ազդեցությունը. աղտոտվում է ջուրը, և Թեղուտի և Շնողի համայնքներն ամբողջովին պատված են փոշով: 

«Մենք երբեք չենք անտեսել աշխատանք ունենալու կարևորությունը, բայց մենք չենք հավատում, որ Հայաստանում ունենք այնպիսի օրինակներ, որ հանքավայրում աշխատող մարդը երբևէ կարողանա ապահովել անվտանգ և ապահով կացություն իր տարածքում: Այդպիսի օրինակներ կան, և չեմ ուզում, որ Թեղուտն այդ օրինակների շարքում լինի»,- ասաց  «Թեղուտի պաշտպանության»  քաղաքացիական նախաձեռնության անդամ Լենա Նազարյանը:

Սույն թվականի սեպտեմբերի 7-ին Լոռու մարզի Թեղուտ գյուղի շուկայում նախաձեռնությունը կազմակերպում է տոնավաճառ: Տոնավաճառի ժամանակ կներկայացվեն մեղրը, անտառային բարիքները, էկոլոգիապես մաքուր մրգերը` որպես այլընտրանք Թեղուտի հանքավայրից ստացվելիք պղնձի և մոլիբդենի:

Հիշեցնենք, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործում է «Վալեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն:

Մանրամասները` տեսանյութում:



18:22 Սեպտեմբեր 06, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news