Ինքնադատաստան Թեղուտում` անվտանգության ծառայությունն անվերահսկելի՞ է

Ինքնադատաստան Թեղուտում` անվտանգության ծառայությունն անվերահսկելի՞ է

ԷկոԼուր

Թեղուտում տեղի ունեցած պատահարը, երբ «Vallex Group» ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցները դաժանորեն ծեծել էին բնակիչներին, առաջացրել է հասարակության բողոքը: Բանը հասել է նրան, որ Թեղուտի բնակիչները փակել են ճանապարհը եւ պահանջել, որպեսզի մեղավորներին գյուղ բերեն:  Ի պատասխան «Vallex Group» ընկերությունը, մարզպետ Արթուր Նալբանդյանը, իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտարարել են, որ քննություն է գնում, որ մեղավորները կպատժվեն, եւ որ մարդիկ գնան տներով: Բնակիչներն այդպես էլ վարվել են:

Դիմենք փաստերին: Մեքենաներով մարդիկ են եկել գյուղ, ովքեր ոչ վկա էին, ոչ առաջին միջադեպի մասնակից, երբ անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկն իրեն տեղի բնակչի կողմից վիրավորված է համարել եւ հարվածել նրան: Նրանք ծեծել են նաեւ այլ մարդկանց, ովքեր առաջին միջադեպի մասնակիցը չէին: Դա նշանակում է, որ անվտանգության ծառայությունն ինքնադատաստան է տեսել Թեղուտ գյուղում: Հասկանալի է, որ մեկ այլ ինքնադատաստան տեղի բնակիչների կողմից անվտանգության ծառայության նկատմամբ չէր կարելի թույլ տալ: Բայց որտե՞ղ են ոստիկանության եւ դատախազության քայլերը: Մի՞թե գյուղի վրա գործնականում հարձակում գործած մարդիկ բերման են ենթարկել կամ անվտանգության ծառայության երկու աշխատակիցներին աշխատանքից հեռացնելը համարժե՞ք քայլ է տեղի ունեցածի համար: Ավելի շուտ դա նման է միջադեպի հարթեցման:

Մարտի 28-ին մեկ այլ հանքարդյունաբերական ընկերության` «Geopromining Gold»-ի անվտանգության ծառայությունը թույլ չտվեց կառավարական հանձնաժողովին, որը ստեղծվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ, Սոտքում նկարահանումներ իրականացնել: Արգելքը «Geopromining Gold»-ի անվտանգության ծառայության պետի կողմից էր, ով նույնիսկ չներկայացավ հանձնաժողովի անդամներին:

«ԷկոԼուր»-ից բացի հանձնաժողովի ոչ մի անդամ չբողոքեց` չնայած նրան, որ հանձնաժողովի գործառույթն էր հետաքննել Սոտքում ջարդող-տեսակավորող համալիրի կառուցման հանգամանքները` պարզելու այդ համալիրի օրինական կամ ոչ օրինական լինելը:

Ապրիլի 5-ին «Geopromining Gold»-ի անվտանգության ծառայության Արարատի բաժինը ոչ միայն «ԷկոԼուր»-ին արգելեց նկարահանումներ իրականացնել Արարատի հարեւանությամբ գտնվող ցիանային պոչամբարի մոտ, այլեւ ոստիկանություն կանչեց, ընդ որում պոչամբարի տարածքի սահմանները նշված չեն, այդ վտանգավոր օբյեկտ մտնելու ճանապարհը բաց է, բացակայում են  օբյեկտի վտանգավորության մասին զգուշացնող նշանները:

Եզրակացությունը հետեւյալն է, որ հանքարդյունաբերական ընկերությունների անտանգության ծառայությունները դարձել են պետություն պատության մեջ: Եւ դրանում նրանց աջակցում են պաշտոնական կառույցները` կառավարությունը, տեղական իշխանությունները, իրավապահ մարմինները:



16:14 Ապրիլ 18, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news