Շնող համայնքում անհանգստացած են Թեղուտի պոչամբարի լցվելու արագ տեմպից

Շնող համայնքում անհանգստացած են Թեղուտի պոչամբարի լցվելու արագ տեմպից

ԷկոԼուր

Շնող համայնքում անհանգստացած են Թեղուտի պոչամբարի լցվելու արագ տեմպից:

«Ինչքան ես տեղյակ եմ, 50 տարով է պոչամբարի պայմանագիրը, բայց մի տարում լցվել է: Մենք հանդամասին ասում ենք բաղեր, այդ տարածքում է պոչամբարը, ահռելի պատնեշը կառուցեցին, դեռ երկու տարի չկա, պոչամբարն արդեն լցվել է: Ինչքա՞ն այդ պատնեշը պիտի բարձրացնեն… Շատ բարձր ռիսկ է դա: Մենք բնական աղետից ոչ մի անգամ ապահովագրված չենք: Երբ այստեղ, Աստված մի արասցե, խոշոր ցնցում լինի, ես ո՞նց համոզված լինեմ, որ դամբան կդիմանա: Կարող է՝ մի օր պատռվի, այս տարածաշրջանում կլինի լուրջ աղետ»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Շնողի նախկին համայնքապետ Հովհաննես Սահակյանը:

«Այդ պոչամբարն արագ բարձրանում է լեռնային գետի հունում: 10 օրվա մեջ այնքան է առաջ գնացած լինում, որ տեսողականով երևում է: Որ մի շատ լավ անձրևառատ տարի լինի, այդ ամբողջ պոչանքը բերելու է, լցնելու գյուղի մեջ»,- ասաց Շնողի բնակիչ Լևոն Ալիխանյանը:
ԷկոԼուրի հարցին, թե որն է պոչամբարի արագ բարձրանալու պատճառը, բնակիչներն ասացին, որ, իրենց հասած լուրերի համաձայն, հանքաքարում օգտակար հանածոներն ավելի քիչ են, քան հաշվարկվել էր նախագծով, այդ պատճառով թափոններն ավելի շատ են:

Թեղուտի պոչամբարի արագ լցվելու մասին նշված է նաև Համաշխարհային բանկի հանձնարարությամբ պատրաստված «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան» զեկույցում: Ըստ զեկույցի՝ սեյսմիկ գոտում գտնվող պոչամբարը միջազգայնորեն ընդունված բարձրացման արագությունից ավելի արագ է բարձրանում, ինչը հ պոչամբարի պատնեշի պատի անկայունության պատճառներից է: Զեկույցում նաև նշված է. «Թեղուտի պոչամբարի ներկայիս նախագիծը միջազգային չափանիշների համեմատությամբ անընդունելի է ֆիզիկական անկայունության առումով: … Այն համարժեք չէ թե՛ բնապահպանական, թե՛ ֆիզիկական կայունության առումով… հարկավոր էր լուծել վտանգված բնակչության և կյանքի կորստի պոտենցիալ խնդիրները, հատկապես՝ Շնող համայնքի դեպքում, որը գտնվում է փլուզման սցենարի ստորին գոտում»:

Զեկույցի վերաբերյալ ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Վալլեքս» խմբի ըներության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին տեղեկացրեց. ««Թեղուտ» ՓԲԸ պոչամբարը նախագծվել է «Վալլեքս» խմբի ընկերությունների «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ կողմից և համապատասխանում է ՀՀ գործող շինարարական և սեյսմիկ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին: Ինչ վերաբերում է դրա կայունությանը, ապա դեռևս 2015թ. հուլիսին այդ հարցը քննարկվել է Եվրոպական բանկի մասնագետների մասնակցությամբ և ձեռք է բերվել համաձայնություն/կայացվել է որոշում՝ շարունակել պոչամբարի շահագործումը՝ այդ ընթացքում կատարելով մոնիթորինգ՝ ճշտելու տեղադրված պոչերի ֆիլտրացիոն և ֆիզիկա-մեխանիկական հատկությունները: Ներկայումս այդ աշխատանքները շարունակվում են: Պոչամբարի պահող պրիզմայի մարմնում ֆիլտրացիոն ջրերի հորիզոնը հսկելու համար տեղադրված են 8 պիեզոմետրեր. յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ պոչամբարի ափից և լճակից վերցվում են նմուշներ՝ լաբորատոր պայմաններում դրանց ֆիզիկա-մեխանիկական հատկությունները որոշելու համար: Պոչերի հատկությունների վերաբերյալ բավարար տվյալներ ունենալու դեպքում դրանց մեծությունները կհամեմատվեն նախագծում ընդունված տվյալների հետ և հարկ եղած դեպքում կկատարվի պոչամբարի վերահաշվարկ: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր պոչամբարները նախագծվել են «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ կողմից և համապատասխանում են վերը նշված նորմատիվ փաստաթղթերի պահանջներին»:

Պոչամբարի հետ կապված մյուս խնդիրն էլ Շնող գետի աղտոտումն է: ԷկոԼուրի հարցմանը, թե ինչ քայլեր է ձեռնարկում ընկերությունը Շնող գետի աղտոտում թույլ չտալու համար, «Վալլեքս»-ը պատասխանել է. «Շնող գետի աղտոտումը պայմանավորված էր 2016թ. հունվար-փետրվար ամիսներին առատ տեղումներով և արագ ձնհալով, ինչի արդյունքում ավելի խոշոր վթարից խուսափելու նպատակով Ընկերությունն ստիպված էր պարզեցման ավազանից կատարել ջրի կառավարելի բացթողումներ: Հետագայում նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար շրջանառու ջրի պոմպակայանում պոմպերի թիվն ավելացվել է թվով մեկ ստացիոնար և մեկ պահեստային պոմպերով»:

Այս պատասխանից հետո էլ շնողցիները շարունակում են բողոքել գետի աղտոտվածությունից: «Գետը գնալով ավելի է աղտոտվում: Փաստացի գիշերները բաց են թողնում պոչամբարը: Եթե իրենք մաքրման կետ չունեն, ինչպե՞ս են մաքրելու: Երկու հատ ցուցադրական բասեին են սարքել, հենց դուք Երևանից դուրս եք գալիս, այդ բասեինի մեջ լցնում են, լցվում է, ու դրանից հետո էլի նույն վիճակը: Գյուղի մի հատվածը Շնող գետի ջրից են օգտվում, փաստացի ջրազրկված են մարդիկ… Տնտեսական վնաս են կրում մարդիկ: Մեկը ես, որ հեկտարներով տարածք ունեմ պոչամբարի ներքևը, չեմ ջրում, մի երկու ծառ եմ ջրում գյուղի խմելու ջրով: Այսինքն, ջրազրկված ենք»,- ասաց Լևոն Ալիխանյանը:

Թեղուտի պոչամբարը գտնվում է Խառատանոց գետի կիրճում: Ընդգրկում է շուրջ 110 հա տարածք: Թեղուտի պնձամոլիբդենային հանքավայրի ՇՄԱԳ-ի համաձայն՝ պոչամբարը նախատեսված է 173,6 միլիոն խմ պոչանքի համար, որոնք կկուտակվեն 28 տարվա ընթացքում տարեկան 7 միլիոն տոննա արտադրողականության դեպքում:

   

 



12:12 Դեկտեմբեր 06, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news