Խախտվել է ջրից օգտվելու իրավունքը, բողոքում են Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչները

Խախտվել է ջրից օգտվելու իրավունքը, բողոքում են Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչները

էկոԼուր 

Շնող գետի ջուրն աղտոտվում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի արտադրական ջրերի արտահոսքերից, ինչն առաջացնում է տեղի բնակիչների մեծ դժգոհությունը: Այս մասին Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչները բողոքեցին «Թեղուտ» ՓԲԸ-ի հուլիսին կազմակերպած հանդիպման ժամանակ:


Բնակիչների պնդմամբ՝ գետի ջրից անհնար է օգտվել ոռոգման նպատակով: «Հանքավայրը պարզարաններ չունի:  Ընդամենը մի քանի վաննաներ ունեն: Մենք տեսնում ենք, որ այդ մաքրման կետը չունեն, ջուրը գալիս ու թափվում է մեր գետը, և այդ ջրից օգտվել անհնար է: Քարերին որ նայեք, ամբողջը պատված են գունավոր փառով: Տարիներ անց էլ մաքրման կայան չեն սարքում…մենք չենք տեսել, որ մեր դրված պահանջներից որևէ մեկն իրագործվի»,- բողոքեցին Շնողի բնակիչները:  


«Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներն ընդունեցին, որ Շնող գետն աղտոտվում է հանքավայրի երկրորդային պարզեցման ավազանի վթարի հետևանքով տեղի ունեցած արտահոսքերից: Նրանք հայտնեցին, որ արդեն ձեռնամուխ են եղել խնդրի լուծմանը:


Բնակիչների հաջորդ բողոքը աշխատատեղերի կրճատումն է: «Իմ տղան 2 ամիս Թալիշում սահման է պահել: Պահել է, որ իր հորը հեռացնե՞ն աշխատանքից: Ի՞նչ անենք, արտագաղթե՞նք: Եթե պետք է արտագաղթենք, իմ տղան ինչո՞ւ էր այդ հողը պահում... Ես կրճատման տակ եմ: Ասում են՝ գործարանը ֆինանսական խնդիրներ ունի, դրա համար եմ անցել ռեզերվ: Եկել եմ, որ այդ հարցով բողոքեմ...», - ասացին բնակիչները:


Նրանց մյուս բողոքը կապված է ազատ տեղաշարժվելու իրենց իրավունքի սահմանափակման հետ: Բնակիչները չեն կարողանում հանքավայրի տարածքով ազատ տեղաշարժվել դեպի իրենց հուշահամալիր, սրբավայրեր և այլն:


«Դարպասով փակել են ճանապարհի մուտքը, և մենք մեր սրբավայր անգամ չենք կարողանում մտնել: Պետք է խնդրել, որ իրենք մեզ անցաթուղթ տան այնտեղ մուտք գործելու համար: Հետո այդ անցաթուղթը պետք է իրենց հետ տալ... Մի խոսքով, այնպես են անում, որ մարդ հոգնի ու չգնա այնտեղ…Ես այնտեղ 22 եղևնի ու 2 լացող ուռենի ունեի տնկած Հայրենական մեծ պատերազմում զոհված թեղուտցիների հիշատակին: Իրենք եկել, այդ եղևնիներից մի քանիսը և լացող ուռենիներից մեկը ծանր տեխնիկայով արմատախիլ են արել: Աղբյուր ունեմ կառուցած այնտեղ: Իրենք ջուրն անջատել էին: Ես պայքարեցի, և այդ ջրի մեկ քառորդը կարողացա վերցնել աղբյուրի համար: Իսկ հիմա Ճանապարհը փակել են, ու մենք չենք կարողանում մտնել անտառի տարածք»,- բողոքեցին բնակիչները:


14:12 Օգոստոս 03, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news