ԷկոԼուր
Այսօր՝ օգոստոսի 25-ին, Վարչական դատարանը դատավոր Սամվել Հովակիմյանի նախագահությամբ ընթացող դատական նիստի ժամանակ որոշեց կարճել Թեղուտի գործը՝ համարելով, որ վեճը, ըստ էության, սպառվել է և, հետևաբար, գործի վարույթը ենթակա է կարճման:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Շնող համայնքի բնակիչ Սուսաննա Շաղկյանը և «Էկոիրավունք» հասարակական կազմակերպությունը ներկայացրել էին հայց Վարչական դատարան ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության՝ պահանջով պարտավորեցնել նախարարությանը «Թեղուտ» ՓԲԸ- ում անցկացնել ստուգումներ։
«Դատարանի որոշումը բացարձակ անօրինական է: Դատարանը պահանջի կատարում է համարել բնապահպանության նախարարի կողմից տրված հանձնարարականը ստուգումներ անցկացնելու վերաբերյալ, մինչդեռ մեր հայցապահանջը չէր վերաբերում նախարարի հանձնարարականին, վերաբերում էր ստուգումներ անցկացնելուն: Դատարանը իրավունք չուներ այս գործը կարճել, որովհետև պահանջը չի կատարվել, և մենք այդ հիմքով մտնելու ենք Վերաքննիչ դատարան», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը:
Նա նշեց, որ բնապահպանության նախարարի հանձնարարականը դեռևս ներկայացված է եղել նախորդ դատական նիստի ընթացքում. «Այնտեղ նշված է՝ հունիսի 24-ից մինչև օգոստոսի 24-ը կատարել ստուգումներ: Ստուգումների ավարտին մնացել էր 3 օր, կառավարությունը որոշում է կայացնում կասեցնել ստուգումները: Որևէ հիմնավորում չկա կառավարության որոշման մեջ»:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը միայն նշեց՝ կառավարության որ որոշմամբ են կասեցվել ստուգումները: «839 որոշումը 2015 թ հուլիսի 30-ի», - ասաց բնապահպանության նախարարության ներկայացուցիչը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:
Օգոստոս 25, 2015 at 16:58