Մեղրն ընդդեմ հանքի. այլընտրանք հանքարդյունաբերությանը

Մեղրն ընդդեմ հանքի. այլընտրանք հանքարդյունաբերությանը

ԷկոԼուր

Հայաստանում հանքարդյունաբերությանը կողմ համայնքները որպես պատճառ մեջբերում են այլընտրանք չունենալու հանգամանքը: Այսօր այդ այլընտրանքն արդեն կա, և այն իրական է: 2013թ-ի սեպտեմբերի 7-ին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը Լոռու մարզի Շնող համայնքում անցկացրեց մեղրի և այլ բարիքների տոնավաճառ: Տոնավաճառի հիմնական նպատակն էր ցույց տալ, որ Թեղուտի իրական զարգացումը ոչ թե կապված է Թեղուտի անտառը ոչնչացնող հանքարդյունաբերական գործունեության, այլ գյուղատնտեսության կայուն զարգացման հետ, որը ճիշտ կազմակերպման դեպքում կապահովի ֆերմերներին: Նախաձեռնությունն այս տարի ևս կազմակերպեց մեղրի և այլ բարիքների տոնավաճառ՝ հնարավորություն ընձեռելով թեղուտցիներին և շնողցիներին վաճառել իրենց մեղրը և հողամասերից ստացված բարիքները: 

Այս տարի «Մեղրն ընդդեմ հանքի» ավանդույթը հասավ նաև Սյունիքի մարզի Լիճք համայնք: Նյու Յորքի համալսարանի ուսանողուհի Լիա Սուրենյանի նախաձեռնած և Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) աջակցությամբ իրականացված «Դեպի էկո համայնք» ծրագրի շրջանակներում այս տարվա մայիս ամսին Սյունիքի մարզի Լիճք համայնքին տրամադրվեց 42 մեղվաընտանիք: «7 ընտանիքներ ստացան 6-ական մեղվափեթակներ և մեղվապահությամբ զբաղվելու համար անհրաժեշտ պարագաներ: Այժմ գյուղացիներն արդեն ստացել են իրենց առաջին մեղրը, և կարող ենք ասել, որ մեր ծրագրի առաջին և կարևորագույն փուլն ավարտված է: Հմուտ մեղվապահի օգնությամբ և անմիջական վերահսկողությամբ այդ ընտանիքների մի մասն առաջին անգամ սկսեց զբաղվել մեղվապահությամբ և ձեռք բերեց անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները: Համաձայն «Դեպի էկո համայնք» ծրագրի պայմանների՝ մեղրաքամից հետո յուրաքանչյուր գյուղացի իր ստացած մեղրի 10 տոկոսը նվիրաբերում է ստեղծված համայնքային ֆոնդին, որից հետո որոշվում է՝ ինչպես տնօրինել ստացված գումարը: Չնայած տարին խիստ անբերանպաստ էր, և մեղրի քանակը սպասվածից շատ ավելի քիչ, ծրագրում ներգրավված գյուղացիները միաձայն կողմ քվեարկեցին իրենց ստացած մեղրի 10 տոկոսը հատկացնել համայնքային ֆոնդին: Քվեարկությամբ որոշվեց նաև, որ հավաքված գումարով դպրոցի երեխաների համար կգնվի մարզական գույք՝ գնդակներ, վոլեյբոլի ցանց, թենիս խաղալու պարագաներ և այլն», - տեղեկացնում է ՀԲՃ-ն:

ՀԲՃ-ն կարծում է, որ այսօրինակ ծրագրերը ոչ միայն կարող են գյուղացիներին վերադարձնել իրենց հող ու ջրի հետ աշխատանքին և ապահովել մշտական ու բավարար եկամուտ՝ առանց վնասելու շրջակա միջավայրը, այլև կարող են վերականգնել իրար օգնելու և միասին որոշումներ կայացնելու մշակույթը մեր գյուղական համայնքներում: Փորձը ցույց տվեց, որ արտադրված գյուղմթերքի սպառման խնդիրը, որին միշտ բախվում են հեռավոր գյուղերի բնակիչները՝ նույնպես լուծելի է:



18:32 Հոկտեմբեր 16, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news