Թեղուտի հանքավայրը դեռ չշահագործած` Շնող գետն աղետալի վիճակում է

Թեղուտի հանքավայրը դեռ չշահագործած` Շնող գետն աղետալի վիճակում է

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով` ՀՀ Լոռու մարզի Շնող գետի աղտոտվածության վիճակը պատկանում է 5-րդ դասի, ինչը նշանակում է, որ գետը գտնվում է աղետալի վիճակում:  Շնող գետի աղտոտվածության նման աստիճան մինչ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման աշխատանքները սկսելը չի գրանցվել:

«Շնող և Թեղուտ գյուղերի բնակչության ջրի կարիքները հիմնականում ապահովում է Շնող գետը: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը դեռ նոր են պատրաստվում շահագործել, բայց արդեն Շնող գետը հայտնվեց ամենավատ կատեգորիայի ցուցակում: Գետի աղտոտվածությունը պայմանավորված է հենց մոլիբդենով», - «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը՝ նշելով, որ Հայաստանի հանքավայրերի 90 տոկոսը գտնվում է մեր ջրհավաք ավազանների վրա:

«Շտապ միջոցառումներ է պետք ձեռնարկել և ստիպել, որ մարդիկ պատասխանեն իրենց կողմից շրջակա միջավայրին հասցված վնասի համար, քանի որ վնասն արդեն իսկ ակնհայտ է», - նշեց Ինգա Զարաֆյանը:

Վերջինիս խոսքով՝ եթե նախկինում մենք ունեինք ջրային ավազանների կետային աղտոտվածություն, այժմ աղտոտվածությունը դարձել է համատարած: 

Ըստ Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի` «Եթե Հայաստանի Հանրապետությունում լիներ գլխավոր դատախազ, նա միանգամից Թեղուտի հանքավայրի շահագործումը կկասեցներ: Եթե հաշվարկում ենք թափոնները և օգուտները, տեսնում ենք հետևյալ. ըստ նախագծի՝ Թեղուտի հանքավայրի 25 տարվա շահագործումից հետո ընկերությունը կունենա 406 միլիոն դոլլար մաքուր շահույթ և Հայաստանի բյուջե կմուծի 101 միլիոն դոլար շահութահարկ 25 տարվա ընթացքում: Բայց միայն երկու թափոնների գծով հաշվարկել եմ, որ ընկերությունը պետք է պետությանը վճարի 25 միլիարդ դոլլար հարկ»:



15:27 Սեպտեմբեր 17, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news