Թեղուտի պաշտպանների կոչը. միացեք պայքարին

Թեղուտի պաշտպանների կոչը. միացեք պայքարին

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Միացեք Թեղուտի պաշտպանության պայքարին` Հայաստանի բնական պաշարների, հանրային ունեցվածքի և իրավունքի պաշտպանությանը

Մենք` Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, համախմբում ենք ազատ և գիտակից մարդկանց Հայաստանում, սփյուռքում և ամբողջ աշխարհում, ովքեր հավատում և պայքարում են հանուն մարդու առողջ և արժանապատիվ կյանքի` ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը և քաղաքացիական համերաշխությունը (ՀՀ Սահմանադրության նախաբան):

Հավատարիմ լինելով համամարդկային արժեքներին և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, մեր մտահոգությունն ենք հայտնում առ այն, որ

  • մեր պետության մեջ ընթանում են շրջակա միջավայրի հետևողական ոչնչացման անվերականգնելի գործընթացներ` բնական պաշարների անխնա շահագործմամբ (խախտվում է ՀՀ Սահմանադրության 10 հոդվածը)
  • Հայաստանում խոշոր կապիտալի` անհատական և մասնավոր ընկերությունների սեփականության իրավունքը և դրա իրացումը վնասում է շրջակա միջավայրին, խախտում այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը (խախտվում է ՀՀ Սահմանադրության 31 հոդվածը)
  • մարդիկ զրկվում են իրենց առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքից (խախտվում է ՀՀ Սահմանադրության 33.2 հոդվածը)
  • պետությունը թերանում է իր պարտավորություններում և չի իրականացնում ներկա և ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականություն (խախտվում է ՀՀ Սահմանադրության 48 հոդվածը):

Վերը նշված մտահոգությունների պատճառը ՀՀ ներկա տնտեսական  քաղաքականությունն է,  որի  հիմքում դրված է բնական պաշարների վայրի շահագործումը` Հայաստանը դարձնելով առաջին աշխարհի երկրների հանքահումքային կցորդ: Հայաստանում հանքերը հիմնականում պատկանում են օտարերկրյա մասնավոր ընկերությունների, որոնք  անխնա շահագործում են ազգային հարստությունը, մսխում են ժողովրդի սերունդների ունեցվածքը, աղտոտում են շրջակա միջավայրը, զրկում են պետությանը կայուն զարգացման հնարավորությունից:

Այս տնտեսական քաղաքականությունը վերջնականպես արմատավորվել է 2007թ-ից, երբ ՀՀ Կառավարության կողմից անօրինական ձևով տրվել է Լոռու մարզում Թեղուտի պղնձամոլիբդնային հանքավայրի շահագործման թույլտվություն: Հայաստանի ընդերքը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը հաճախ գաղտնի են պահվում. վառ օրինակն է Թեղուտի հանքը շահագործող ACP ընկերությունը, որի 81% բաժնեմաս ունեցող Vallex ընկերությունը գրանցված է Լիխտենշտեյնում` օֆշորային գոտում (հարկային դրախտ), իսկ մնացած 19%-ի սեփականատերը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է:

Թեղուտի հանքավայրի շահագործումն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշորն է իր ծավալներով և շրջակա միջավայրին ու սերունդներին հասցվելիք վնասի չափով: Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը Հայաստանի հյուսիսում հանգեցնելու է հանքարդյունաբերական թափոններով թունավորված միջավայրի ստեղծման, որն այսօր առկա է հարավում` Քաջարանում, Կապանում, Ագարակում: Արդեն իսկ Լոռու և Տավուշի մարզերում տրված են մետաղական հանքերի հետախուզման և շահագործման բազմաթիվ լիցենզիաներ: Սա տնտեսական, բնապահպանական, առողջապահական, սոցիալական և ժողովրդագրական իմաստով ազգային անվտանգության խնդիր է և քայքայում է պետականաշինության հիմքերը:

Ընդերքը շահագործելուց հետո, մասնավոր ընկերությունները լքելու են Հայաստանը` մեզ թողնելով թունավորված, կյանքի համար ոչ պիտանի դարձած տարածք:

Թեղուտի պայքարը շրջակա միջավայրի պահպանությունն է` հանուն մարդու առողջ և բարեկեցիկ կյանքի: Մարդը չպետք է ստորադասվի կապիտալին: Աղտոտված շրջակա միջավայրը աղքատության ամենաակնառու ցուցանիշներից է: Որակյալ կրթության, առողջապահության և մշակութային կյանքին մասնակցելու անմատչելիությունը, աշխատանքի ստրկատիրական պայմանները, անբուժելի հիվանդությունների սպառնալիքը, հանգեցնում են հարատև աղքատության,  անարժանապատիվ կյանքի և մարդկային դժբախտության: 

Մենք պահանջում ենք` դադարեցնել Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը, վերականգնել բնությանը, մարդկանց և մշակութային հուշարձաններին հասցված վնասը, բարեփոխել ՀՀ համապատասխան օրենսդրությունը` բարձր հարկերի, բնապահպանական վճարների և պետական կարգավորման մեխանիզմների միջոցով ապահովելով շրջակա միջավայրի և բնական պաշարների պաշտպանությունը:

Մենք, գործելով ինքնուրույն և կամավոր սկզբունքերով, նախանձախնդիր և պահանջատեր ենք, որ մեր պետությունը որդեգրի մարդակենտրոն քաղաքականություն, ստանձնի ներկա և ապագա սերունդներին առողջ և բարեկեցիկ շրջակա միջավայր ապահովելու ու փոխանցելու իր հիմնական պարտավորությունը:

Մենք իրականացնում ենք ՀՀ Սահմանադրության պատգամն առ այն, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը (ՀՀ Սահմանադրության 33.2 հոդված):

Երևան, փետրվարի 22, 2012 թ.

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Միացեք մեզ Facebook-ում` Փրկենք Թեղուտը – Save Teghut

[email protected]

17:29 Փետրվար 23, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news