«Վալլեքս» խմբի պատասխանը Թեղուտ և Շնող համայնքներում էկոլոգիական և սոցիալական խնդիրների վերաբերյալ ԷկոԼուրի հարցերին

«Վալլեքս» խմբի պատասխանը Թեղուտ և Շնող համայնքներում էկոլոգիական և սոցիալական խնդիրների վերաբերյալ  ԷկոԼուրի հարցերին

ԷկոԼուր

«Վալլեքս» խումբը պատասխանեց Թեղուտ և Շնող համայնքներում էկոլոգիական և սոցիալական խնդիրների վերաբերյալ ԷկոԼուրի հարցերին:

ԷկոԼուր.
- Ի՞նչ քայլեր է «Թեղուտ» ՓԲԸ-ն ձեռնարկում Շնող գետի աղտոտում թույլ չտալու համար:

«Վալլեքս» խումբ․
- Շնող գետի աղտոտումը պայմանավորված էր 2016թ. հունվար-փետրվար ամիսներին առատ տեղումներով և արագ ձնհալով, ինչի արդյունքում ավելի խոշոր վթարից խուսափելու նպատակով Ընկերությունն ստիպված էր պարզեցման ավազանից կատարել ջրի կառավարելի բացթողումներ: Հետագայում նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար շրջանառու ջրի պոմպակայանում պոմպերի թիվն ավելացվել է թվով մեկ ստացիոնար և մեկ պահեստային պոմպերով:

ԷկոԼուր.
-Ներկայումս քանի՞ մարդ է աշխատում «Թեղուտ» ՓԲԸ-ում Թեղուտ և Շնող համայնքներից և քանի՞սն են կրճատվել աշխատանքից և ի՞նչ պատճառով:

«Վալլեքս» խումբ․
- Այս պահի դրությամբ «Թեղուտ» ՓԲԸ-ն ունի 1180 աշխատակից՝ որոնցից 223-ը Շնող և 127-ը Թեղուտ համայնքից են:

Ազատված աշխատակիցների թիվը ս.թ. հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է. Շնողից՝ 131 մարդ, Թեղուտից՝ 75 մարդ: Ազատված աշխատակիցների մոտ 70 տոկոսը կրճատվել է խմբային կրճատումների ժամանակ (շինարարական-մոնտաժային աշխատանքների ավարտի հետ կապված): Իսկ մոտ 30 տոկոսը՝ դիմումի համաձայն: «Վալլեքս Տուր» ՓԲԸ տեղափոխվելու համար «Թեղուտ» ՓԲԸ-ից ազատվել են 22 թեղուտցի և 8 շնողցի աշխատակիցներ:

ԷկոԼուր․
-Թեղուտ համայնքի բնակիչ Վարդգես Սարգսյանի խոսքով՝ նա երկու տարի առաջ դատի է տվել «Թեղուտ» ՓԲԸ-ին՝ 12.5 միլիոն դրամի չափով իրեն պատճառած տնտեսական վնասը փոխհատուցելու պահանջով: Բնակչի խոսքով՝ տնտեսական վնասի չափը գնահատել է բնակչի կողմից ներգրավված փորձագետը: Հողամասը գտնվում է Շնող գետի ափին: Վարդգես Սարգսյանի խոսքով՝ ընկերությունն այդ տարածքով ճանապարհ է անցկացրել, գետի վրա երկու փոքր խողովակ է գցել, արդյունքում փոխվել է գետի հունը, և գարնան վարարումների ժամանակ գետի ջուրը հոսել է դեպի բնակչի հողատարածք և ողողել այն: Ըստ բնակչի՝ հողակտորը 1450 մ է, որտեղ նա ունեցել է մրգատու ծառեր և մշակել է բանջարեղեն: Վարդգես Սարգսյանը նաև հայտնեց, որ ընկերությունը ցանկապատել է իր հողատարածք տանող ճանապարհը, և ինքը միայն հատուկ թույլտվությամբ և ստորագրությամբ է կարողանում մուտք գործել այնտեղ:

Ընկերությունը որքա՞ն գումար է առաջարկել Վարդգես Սարգսյանի հողակտորին պատճառված վնասը փոխհատուցելու համար:

«Վալլեքս» խումբ․
-Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԼԴ /1266/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի Վարդգես Գառնիկի Սարգսյանի ներկայացուցիչ Ռոման Կոնինյանի ընդդեմ «Թեղուտ» ՓԲ ընկերության՝ պատճառված վնասի հատուցման և խոչընդոտը վերացնելու պահանջների մասին, որով հայցվորը դատարանից խնդրել է պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 12,730,000 դրամ, որից 5,388,000 դրամ որպես բաց թողնված օգուտ, 6,190,520 դրամ որպես հողամասն օգտագործելի դարձնելու համար անհրաժեշտ հողաշինարարական աշխատանքների կատարման ծախս և 1,157,852 դրամ որպես անհրաժեշտ և չնախատեսված այլ ծախսեր, ինչպես նաև 200,000 դրամ որպես փաստաբանական ծառայության և մասնագիտական եզրակացության համար վճարված գումարների հանրագումար: Հայցադիմումը դատարանում մուտք է եղել 15.05.2015 թ., իսկ գործով առաջին դատական նիստը նշանակվել է 29.07.2015 թ.։

Պատասխանող «Թե¬ղուտ» ՓԲ ընկերությունը ներկայացրել է հայցի պատասխան, որով հայցը չի ընդունել և առարկել է հայցվորի կողմից ներկայացված բոլոր պահանջների ու հիմնավորումների դեմ։ Պատասխանողը մասնավորապես նշել է, որ պատասխանողի կողմից հայցվորի գույքին վնաս պատճառելու վերաբերյալ բոլոր պնդումներն ամբողջությամբ մտացածին են։ Հայցվորին պատկանող հողամասը շրջապատված է պատասխանող ընկերությանը պատկանող հողամասերով, սակայն հայցվորի հողամասի վրա պատասխանողը չի գտնվել և որևէ աշխատանք չի կատարել, պատասխանողի կողմից՝ իրեն պատկանող տարածքում, իրականացված աշխատանքների արդյունքում Շնող գետի հունը՝ հայցվորին պատկանող հողամասի մոտով անցնող (հարող) հատվածում չի փոխվել, ուստի պատասխանողի գործողությունները չէին կարող հասցնել հայցվորի հողամասի գրունտի խախտման, վնասման կամ հողամասում նախկինում հնարավոր եղած բերքատու ծառերի արմատախիլ լինելու:

Հիշյալ գործով կայացած նախնական դատական նիստերի ընթացքում դատարանը կողմերի միջնորդությամբ՝ հնարավոր հաշտություն կնքելու համար բանակցություններ անցկացնելու համար ժամանակ տրամադրելու նպատակով, մի քանի անգամ հետաձգել է գործի քննությունը, որոնց շրջանակներում քննարկվել է նաև վեճի հիմքում ընկած հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը պատասխանողին փոխանցելու հարցը (առաջին հերթին հետագա հնարավոր վեճերը կանխելու նպատակով) և պատասխանողը գնային առաջարկ է կատարել միայն որպես այդ գույքի հնարավոր արժեք, սակայն կողմերը համաձայնության չեն եկել։

Հիշյալ քաղաքացիական գործով վերջին դատական նիստը կայացել է 14.03.2016 թ., որի ընթացքում դատարանը բավարարել է պատասխանող կողմի միջնորդությունը և համապատասխան որոշում է կայացրել համալիր դատատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու ու գործի վարույթը կասեցնելու մասին։

Դատարանի համապատասխան որոշման հիման վրա նշանակված փորձաքննություն իրականացնող մարմնի (ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ) փորձագետները համապատասխան տեղազննություն կատարելու և փորձաքննության համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով 21.04.2016թ. ժամը 18։30-ից մինչև 19։30-ը գտնվել են ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղում, սակայն հայցվորի կինը՝ Ա.Հովհաննիսյանը, հրաժարվել է հայցվորին պատկանող հողամասին վերաբերող փաստաթղթեր տրամադրել և չի թույլատրել մուտք գործել հողամաս ու կատարել դատարանի որոշման պահանջը, պատճառաբանելով, որ աշխատանքային օրվա ժամանակն ավարտվել է, բացի այդ տեղում չի գտնվում հայցվորի ներկայացուցիչ Ռ.Կոնինյանը, ով փորձագետների այցելության մասին տեղեկացվել է նույն օրը ժամը 15։00-15։30-ի սահմաններում։ Հայցվորի կինը՝ Ա.Հովհաննիսյանը, հրաժարվել է ստորագրել նաև փորձագետների կողմից կազմված՝ հայցվորի ներկայացուցչի կողմից փորձաքննության շրջանակներում համապատասխան աշխատանքները կատարել չթույլատրելու վերաբերյալ արձանագրությունը։

ԷկոԼուր․
-Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում Թեղուտ և Շնող համայնքների սոցիալական լարվածությունը և պատճառված վնասները մեղմելու համար և ի՞նչ փոխհատուցումներ են նախատեսված:

«Վալլեքս» խումբ․
- «Թեղուտ» ՓԲ Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է խստորեն հետևելով ՀՀ օրենսդրության պահանջներին: Այսպես, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված են այն ընկերությունների անունները, որոնց կողմից վճարվող բնապահպանական վճարներից մասհանումներ են կատարվում և առանձին տողով արտացոլվում այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: Ինչպես կարող եք համոզվել ինքներդ՝ այդ հոդվածում Ընկերության անունը նշված չէ, հետևաբար՝ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքը ներկայում որևէ առնչություն չունի Ընկերության գործունեության հետ: Ավելին՝ գիտակցելով Ընկերության դերը մարզի, հատկապես հարակից համայնքների տնտեսական և սոցիալական կյանքում, Ընկերությունը որդեգրել է միջազգային առավել բարձր չափանիշներին համապատասխանող գործունեության ցուցանիշներ ինչպես շրջակա միջավայրի պահպանության, այնպես էլ աշխատակիցների առողջության և անվտանգ գործունեության բնագավառներում:

Հաշվի առնելով վերոհիշյալը, Ընկերության գործունեության՝ ձեր հարցադրման մեջ արտացոլված գնահատականը չի համապատասխանում իրականությանը:

Միաժամանակ «Թեղուտ» ՓԲ Ընկերությունը հանդիսանում է Լոռու մարզի, ինչպես նաև ՀՀ խոշոր գործատուներից մեկը: Սոցիալական լարվածություն ծնող հիմնական պատճառը գործազրկությունն է, այդ պատճառով «Թեղուտ» ՓԲ Ընկերության գործունեությունն էապես մեղմացրել է հատկապես հարակից համայնքներում սոցիալական լարվածությունը՝ Թեղուտ, Շնող, Այրում և Ալավերդի համայնքների բնակիչների ապահովելով հարյուրավոր աշխատատեղերով: Ընկերության թողած դրական ազդեցության ամենախոսուն ցուցանիշներից են ինչպես հարակից համայնքների բյուջեները, այնպես էլ այդ համայնքների դեմոգրաֆիական վիճակը:

ԷկոԼուր․
- Արդյո՞ք աշխատանքներ տարվում են «Ստոկս» ընկերության բացթողումները լրացնելու և անտառ տնկելու ուղղությամբ:

«Վալլեքս» խումբ․
-«Ստոկս» ընկերության բացթողումները լրացնելու նպատակով «Թեղուտ» ՓԲ ընկերությունը պայմանագիր է կնքել «Ռամիկ» ՍՊԸ հետ, որի միջոցով 2015թ. ընթացքում Շնող համայնքում տնկվել է 5 հա անտառ, որի կպչողականությունը կազմում է 70%: 2016թ. անտառպատման արդյունքները համաձայն Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագրի 19-րդ կետի կամփոփվեն և պետական մարմիններին կներկայացվեն դեկտեմբեր ամսին:

ԷկոԼուր․
- Թեղուտի ծրագրի մեկնարկի օրվանից առ այսօր որքա՞ն հետկար անտառ է հատվել, որքան անտառ է տնկվել և քանի տոկոս է կազմում տնկիների կպչողականությունը:

«Վալլեքս» խումբ․
- 31.12.2015թ. դրությամբ անտառային ծածկույթի հատումներ են իրականացվել 197.1 հա ընդհանուր մակերեսով տարածքներում, անտառպատման աշխատանքներ՝ 464.9 հա ընդհանուր մակերեսով տարածքներում: 2015թ. գույքագրման արդյունքներով տնկիների կպչողականությունը կազմում է՝
• «Հայանտառ» ՊՈԱԿ-ի թվով 6 տեղամասերում 60-65%:
• Լեռնահովիտ համայնքի հողերում՝ 48%:
• Արջուտ համայնքի հողերում՝ 49%:
• Շնող համայնքի հողերում՝ 70%:
• Օձուն համայնքի հողերում 60%:

ԷկոԼուր․
- Որքա՞ն հեկտար այգի եք նախատեսում տնկել Թեղուտ և Շնող համայնքներում և որքա՞ն հեկտար այգի է արդեն տնկված:

«Վալլեքս» խումբ․
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2015թ. օգոստոսի 4-ի թիվ 182-Ա ու ՀՀ բնապահպանության նախարարի 2015թ. օգոստոսի 7-ի թիվ 228-Ա համատեղ հրամանով համապատասխան փոփոխություններ են կատարվել «Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2008թ. օգոստոսի 22-ի № 295-Ա և ՀՀ բնապահպանության նախարարի 2008թ. օգոստոսի 14-ի № 151-Ա համատեղ հրամանով հաստատված համանուն ծրագրում (այսուհետ՝ Անտառապատման ծրագիր), որոնց արդյունքում սահմանվել է որպես Անտառապատման ծրագրի համաձայն անտառապատման ենթակա ընդհանուր մակերեսով 714 հա տարածքի մաս հանդիսացող՝ Լոռու մարզի Շնող և Թեղուտ համայնքների վարչական սահմաններում մինչև 180 հա տարածքում պտղատու այգիների հիմնման աշխատանքների կատարման հնարավորությունը՝ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան ծրագրի հիման վրա: 2015 թվականի վերջին մեկնարկել է պտղատու այգիների հիմնման առաջին ծրագիրը, որի համաձայն «Թեղուտ» ՓԲ ընկերությունը ֆինանսավորում է Շնող համայնքում՝ սեփականության իրավունքով համայնքի բնակիչներին պատկանող ընդհանուր 10 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերում պտղատու այգիների հիմնումը: 2016 թվականի ընթացքում կատարված այգետունկի արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն դեկտեմբեր ամսին՝ Անտառապատման ծրագրի 19-րդ կետով սահմանված կարգով ու պայմաններով։

Շարունակելի

13:24 Նոյեմբեր 16, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news