Թեղուտի պաշտպանները դիմել են ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դիվանագիտական հաստատություններին

Թեղուտի պաշտպանները դիմել են ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դիվանագիտական հաստատություններին

ԷկոԼուր

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներին՝ ՀՀ-ում այդ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից հանքարդյունաբերական մասնավոր գործընթացներին միջամտությունները դադարեցնելու և նրանց գործողությունների օրինականությունը հետաքննելու կոչով: Ինչպես հաղորդում են քաղաքացիական նախաձեռնության մամուլի ծառայությունից, խնդիրը, մասնավորապես, վերաբերում է Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտում գրանցված «Լիդիան Ինթերնեշընըլ» մասնավոր ընկերության հանքարդյունաբերական բիզնես շահերը սպասարկելու նպատակով կառավարական օղակների վրա ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանների  շարունակական ճնշումներին: Ինչպես նշում է նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանը՝ դեսպանների գործողությունները հակասում են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածով սահմանված դիվանագիտական նորմերին և էթիկայի կանոններին և ողջամիտ կասկածներ են հարուցում, որ դեսպանները հավանաբար Հայաստանում զբաղվում են նույն Կոնվենցիայի 42-րդ հոդվածով արգելված՝ անձնական շահ հետապնդող առևտրային գործունեությամբ:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի մշտական փոխքարտուղար ու դիվանագիտական ծառայության ղեկավար Սայմոն Ֆրեյզերին հղված նամակում նշված են դեսպանների կողմից դիվանագիտական նորմերին և էթիկայի կանոններին հակասող կոնկրետ դեպքերը, ոսկու հանք շահագործելու մտադրություններ ունեցող «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերության հանքարդյունաբերական ծրագրի հակասությունները ազգային օրենսդրությանը և դրա բնապահպանական ու սոցիալական վտանգները:

Նախաձեռնությունը ընդգծում է, որ 2013 թ. հուլիսի 18-ին կառավարության 1787-Ն որոշման հավելվածով հաստատվել է «Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը», որով, ըստ էության, վերջ է դրվում Ամուլսարի շահագործման պրոյեկտին, քանի որ Ամուլսարի գրեթե ողջ տարածքն ընդգրկվում է Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը համարում է, որ որևէ տնտեսական ծրագրում օտարերկրյա ներդրողների որոշ ակտիվների առկայությունը չի կարող բավարար հիմք լինել այդ երկրների դիվանագիտական ծառայության կողմից կոնֆլիկտային ծրագրին կոպիտ միջամտություն կատարելու համար: Իրավական տեսանկյունից խիստ խոցելի և հանրային դժգոհության լայն ալիք բարձրացրած նախագծին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցչության կողմից ցուցաբերվող աջակցությունը բացասական հետագիծ է թողնում այդ երկրների կողմից հռչակված՝ ժողովրդավարության, իրավունքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի սկզբունքներին և նպատակներին:

Նախաձեռնությունը ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներից ակնկալում է սկսել անհապաղ հետաքննություն` պարզելու դեսպաններ Ջոն Հեֆերնի, Քեթրին Լիչի, Ջոնաթան Էյվզի գործողությունների օրինականությունը՝ դիվանագիտական նորմերի և էթիկայի կանոնների պահպանման հարցերի համատեքստում:

Բաց նամակների ամբողջական տեքստերը հրապարակված են նախաձեռնության teghut.am կայքում:
Հարցերի համար դիմել Արթուր Գրիգորյանին՝ [email protected], [email protected] էլ. հասցեով:

12:42 Հոկտեմբեր 21, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news