Արդյո՞ք կշահագործվի Թեղուտի հանքը և ի՞նչ պայմանների կատարման դեպքում, ֆիլմի ցուցադրություն և քննարկում Երևանում

Արդյո՞ք կշահագործվի Թեղուտի հանքը և ի՞նչ պայմանների կատարման դեպքում, ֆիլմի ցուցադրություն և քննարկում Երևանում

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը պետք է պահանջ դնի «Թեղուտ» ՓԲԸ-ի առջև, որ ընկերությունը վերականգնի իր պատճառած բոլոր վնասները, վերականգնի բոլոր խախտված տարածքները, վնասների համարժեք փոխհատուցում տրամադրի: Այդ բանից հետո միայն կարելի է խոսել, թե ինչ պայմաններով ընկերությունը պետք է շարունակի իր աշխատանքը: Այս մասին ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը սույն թվականի հուլիսի 26-ին ՍիվիլՆեթի նկարահանած «Թեղուտ՝ 10 տարի անց. դբա լա՞վը» վավերագրական տեսաֆիլմի հանրային ցուցադրությանը հաջորդած քննարկման ժամանակ:
«Մենք 10 տարի առաջ Թեղուտում ունեցել ենք մաքուր գետ, ունեցել ենք անտառ, մաքուր տարածքներ, էկոլոգիապես մաքուր արտադրություն զարգացնելու հնարավորություն: 10 տարուց հետո վիճակը կտրուկ փոխվեց, և մենք ակնհայտ տեսնում ենք, որ ունենք այնտեղ տնտեսական, ֆինանսական, սոցիալական և բնապահպանական մի շարք լուրջ վնասներ, որոնք դեռ գնահատված չեն պետության կողմից, պատասխանատվություն ոչ ոք չի կրել մինչև հիմա: Ավելին, 2015թ-ին Հովիկ Աբրահամյանի հրամանով տեսչական ստուգումները դադարեցված էին բոլոր հանքավայրերում, տնտեսական օբյեկտներում և նաև «Թեղուտ»-ում: Եվ «Թեղուտ»-ը 3 տարի աշխատել է առանց վերահսկողության: Պետք է գնահատվի, թե ինչ է եղել այնտեղ, ինչքան են նրանք արտահանել հանքանյութ: Շնողի բնակչությունը հստակ համարում է դա էկոլոգիական հանցագործություն, և մենք լիովին համաձայն ենք այդ սահմանման հետ»,- ասաց Ինգա Զարաֆյանը:

Քննարկման մյուս բանախոսը` տնտեսագետ Ալեքսանդր Գրիգորյանը, նշեց, որ անհրաժեշտ է այլևս դադարել հանքարդյունաբերությունը Հայաստանում ընկալել որպես տնտեսության շարժիչ ուժ:
«2008, 2010, 2012թթ-ին` ճգնաժամի ժամանակահատվածում, հանքարդյունաբերությունն ընկալվում էր որպես տնտեսության զարգացման առաջնային շարժիչ: Նոր ինստիտուտների պայմաններում հանքարդյունաբերությունը պարզապես չի կարող համարվել տնտեսության զարգացման կամ արտահանման հիմնական ճյուղ կամ շարժիչ, որովհետև այսօրվա ինստիտուտները չեն կարող աջակցել այսօրվա տեխնոլոգիաներին և այսօրվա հանքերին: Այսինքն, այստեղ կա մեծ անհամատեղելիություն. մենք ունենք ինստիտուտների կտրուկ բարելավում, սակայն այդ բարելավումը ենթադրում է մեծ ծախսեր, որպեսզի հանքարդյունաբերության ոլորտը համադրելի լինի այդ ինստիտուտների գոյության հետ: Մենք պետք է արտահայտենք մեր քաղաքական կամքը, որ հանքարդյունաբերությունը դադարի ընկալվել որպես մեր տնտեսության շարժիչ ուժը կամ արտահանման հիմնական գործոնը»,- ասաց Ալեքսանդր Գրիգորյանը:
Միջոցառման բանախոս, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը նշեց, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրն գտնվել է մի տարածքում, որտեղ հանքի շահագործումը լավագույն լուծումը չէր տվյալ տարածքում սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծելու համար և նաև պետության հարկային եկամուտների տեսանկյունից: Եվ անցած 10 տարիների ընթացքում տեղի սոցիալ-տնտեսական վիճակը չի լավացել: Նա նշեց, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը 28 մետաղական հանքերում պետք է ուսումնասիրի հանքերում իրականացվող գործունեությունը: Բացի այդ, զուգահեռաբար ընթանում են տեսչական ստուգումներ:

«Կառավարության կազմում մեր կառույցի ֆունկցիան է բնապահպանությունը: Մենք պատասխանատու ենք բնապահպանության համար և այլ տնտեսական գործունեությունն ի հաշիվ կայուն բնապահպանական վնասի չի իրականացնելու»,- ասաց Արթուր Գրիգորյանը:

Ստորև ներկայացնում ենք Սիվիլնեթի տեսանյութը «Թեղուտ՝ 10 տարի անց. դբա լա՞վը» վավերագրական տեսաֆիլմի հանրային ցուցադրության և քննարկման վերբերյալ:



19:35 Հուլիս 26, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news