Թեղուտի պոչամբարի արտահոսքերի պատճառով Շնող գետը և դրանով ոռոգվող հողատարածքները աղտոտվել են. տեղի բնակիչներն ահազանգում են (Լուսանկարներ)

Թեղուտի պոչամբարի արտահոսքերի պատճառով Շնող գետը և դրանով ոռոգվող հողատարածքները աղտոտվել են. տեղի բնակիչներն ահազանգում են (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Թեղուտի պոչամբարի արտահոսքերի պատճառով Շնող գետը և դրանով ոռոգվող հողատարածքները աղտոտվել են. ահազանգում են Թողուտ և Շնող համայնքների բնակիչները: ԷկոԼուրը ներկայացնում է օգոստոսի 24-ին Թեղուտ համայնքում կայացած հանրային լսումների այն հատվածը, որը վերաբերվում է բնակիչների բողոքներին և պահանջներին:

Շնողի բնակիչ Արայիկ Բաբայան.
- Ջուրը լրիվ պղտոր է, մեր ծառերը չորանում են: Եկեք, գնանք, ցույց տամ: Դուք ծավալ եք մեծացնում (հանքանյութի արտադրության), իսկ այդ դեպքում ինքնըստինքյան վտանգն էլ է շատանում:

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի Շրջակա միջավայրի պահպանության բաժնի վարիչ Հովիկ Նիկողոսյան.
-Ըստ տեխնոլոգիայի` արտադրական ջրերի արտահոսք կոմբինատից չպետք է լինի:

«Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Կարապետյան.
- Դա այդքան էլ այդպես չէ: Որքան դամբայի պատնեշի մակարդակը ցածր է, այդքան ավելի քիչ հեղուկ է այնտեղ տեղավորվում և դամբայի մակերեսի ավելացումից, լճի ավելացումից ջրի մակարդակը նույնպես ավելանում է և դրանից պոչամբարը ավելի կայուն է դառնում:

Շնողի բնակիչ Լևոն Ալիխանյան.
- Տեղացիներից ո՞վ կարող է ասել, որ իր այգին այդ ջրից չի չորանում: Ասացիք, որ համաշխարհային առաջավոր փորձով, նոր տեխնոլոգիաներով Հայաստանում եզակի պոչամբար եք ստեղծել: Ձեր պոչամբարը երբեք չի լցվելու, որովհետև ամեն գիշեր բաց եք թողնում: Ձեր նախկին ծրագրերում չկար, որ Շնող գետը պետք է այդքան պղտորվի, կամ արտահոսք լինի:



«Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Կարապետյան.
- Վթարային արտահոսքերը, որի մասին մենք խոսել ենք, եղել են պարզեցման լճից: Ենթադրվում է փոփոխություն. պոմպակայանների տեղաբաշխումը լինելու է պարզեցման լճից բարձր` պոչամբարի ջրի մակարդակի վրա, լողացող տեսակով, որպեսզի այնտեղից անմիջապես ուղարկվի ֆաբրիկա: Պղտորման հարցը մենք կքննարկենք:

Շնողի բնակիչ Լևոն Ալիխանյան.
- Քանի դեռ նախկին վնասների փոխհատուցումը չեք տվել մարդկանց, ծավալները մեծացնելու մասին մի մտածեք: Պարզ չի՞, որ պոչհանքն ավելի է շատանալու: Ցանկացած ծրագրային շեղում վնաս է շրջակա միջավայրին:

«Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Կարապետյան.
- Մենք ունենք խնդիր` ձեզ պատճառված վնասների փոխհատուցման: Ես հասկանում եմ ձեր վրդովմունքը, բայց դա կապ չունի այսօրվա հարցի հետ:

Շնողի բնակիչ Աշոտ.
- Անցած քննարկմանը դուք էլ ասացիք, որ այս հարցին ընթացք կտաք: Ոչ մի վնաս չի հատուցվել: Առաջ սա կքննարկենք, հետո նոր մեծացնելը:

«Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Կարապետյան.
- «Թեղուտ» ՓԲԸ-ն կփոխհատուցի:

Շնողի բնակիչ Գևորգ Պապյան.
- Ես ապրում եմ գետի ափին արդեն 60 տարի և ամեն օր գետը տեսնում եմ: Ձեր ասած վթարայինի ժամանակ ընդհանրապես չեք համարձակվի մատ դնել ջրի վրա, իսկ մնացած օրերին, միևնույն է, պղտոր է: Ես նույնպես այն կարծիքին եմ, որ սկզբից մեր ասած հարցերը քննարկենք, հետո ընդլայնման հարցը:

Թեղուտի բնակիչ Ալյոշա.
- Առափնյա հողերի մշակման ժամանակ սեփականատերերը ոռոգման ջուրը վերցնում են ձեր վարչական շենքի մոտից: Այդ ջուրը շաբաթվա մեջ 2-3 անգամ լրիվ պղտորվում է. կավաջուր է գալիս: Ջրելուց հետո նստվածք է տալիս, ոչ թե տիղմ, այլ ինչ-որ նյութ է` շագանակագույն: Արդեն 2 տարի է` այդպես է, դրա համար մեր փոքրիկ լճակում, որտեղ առաջ գորտերը ձայն էին հանում, հիմա գորտ չկա, օձ էլ չկա: Ինչի՞ն վերագրել կենդանական աշխարհի բացակայությունը հանձինս գորտերի և օձերի:

«Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Կարապետյան.
- Նմուշ կվերցնենք, որ հասկանանք, մեզ հետ կապ ունի, թե` ոչ: Այն հողատերերը, ովքեր ունեն հողամասեր այդ ազդեցության տակ եղած տարածքներում, թող մեզ ասեն, ցուցակ կազմենք, և համապատասխան մարմնի կողմից մեզ տրվող տեխնիկական առաջադրանքում արձանագրվի ձեզանից յուրաքանչյուրի տվյալները, նշվի յուրաքանչյուրիդ հողում համապատասխան նմուշարկում կատարելու պահանջը, ձեր ներկայությամբ կատարվի նմուշարկում և այդ արդյունքները ներկայացվի լիազոր մարմնին, որպեսզի նրանք կարողանան դրա հիման վրա որոշումներ կայացնել:

Շնողի բնակիչ Վարդան Վարդանյան.
- Ես առաջարկում եմ` այդ բոլոր հարցերը մի փաթեթով քննարկվի, բոլոր խնդիրները վերցավի, նոր առաջ շարժվենք: Ձեր գործողությունները բերելու է առողջապահական խնդիրների:






17:40 Օգոստոս 31, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news