Կազատվի՞ Մեծամորը գարշահոտությունից վարկային գումարների հաշվին

Կազատվի՞ Մեծամորը գարշահոտությունից  վարկային գումարների հաշվին

ԷկոԼուր

Մեծամորի բնակիչներն արդեն շուրջ 20 տարի գարշահոտություն են շնչում, չեն կարողանում օդափոխել տները, կամ պարզապես զբոսնել: Պատճառը մաքրման կայանի չգործելն է:
Արմավիրի մարզ կատարած ԷկոԼուրի այցի ժամանակ խնդիրը բարձաձայնեց տեղի «ԱԼՏ» հեռուստաընկերությունը:

«Զարթոնք գյուղի մոտ կար մաքրման կայան: Արավիրի, Մեծամորի, հարակից գյուղերի կոյուղիները գնում էին այդ մաքրման կայան: Խորհրդային Միության փլուզման տարիներին Մեծամորի մոտ կոլեկտորը վնասվեց, ու սկսեց այդ ջուրը լցվել Սև ջուր գետը: Հիմա, փաստորեն, Սև ջուր գետը ցամաքեց, Սև ջուր-Ախթամար խորքային հորերը ցամաքեցին, այժմ գետ է դարձել այդ ջուրը, որը գնում, հասնում է «Սև ջուր- Ախթամար» ՋՕԸ, որի հիմնական պոմպը աշխատում է այդ կոյուղաջրերի վրա: Այդ կոյուղաջրերը պոմպով քաշում են, տալիս են գյուղացիներին ոռոգման համար»,- խնդիրը ներկայացրեց «ԱԼՏ» հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանը:
Այս խնդրի լուծման համար կառավարությունը նախատեսել է տրամադրել զգալի վարկային միջոցներ:

2014թ-ի մայիսի 14 ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ստորագրվեց «Համայնքային ենթակառուցվածքների Ծրագիր II-Փուլ 3 (ԵՄ ՀՆԳ-ի բաղկացուցիչ)-Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի համաձայնագիրը 73 միլիոն եվրո ընդհանուր արժեքով՝ 30միլիոն եվրո վարկ` KFW բանկից, 2.5միլիոն եվրո դրամաշնորհ` KFW-ից, 25.5միլիոն եվրո վարկ` Եվրոպական ներդրումային բանկից և 15միլիոն եվրո դրամաշնորհ` ԵՄ ՀՆԳ-ից:

Եվրոպական ներդրումային բանկի վարկով, մասնավորապես, պետք է «Նոր Ակունք» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում կեղտաջրերի մաքրման կայան կառուցվեր, կոյուղու պոմպակայանը, կոլեկտորը, կոյուղու ցանցը վերականգնվեր, ինչով ապահովվելու էր Արմավիր և Մեծամոր քաղաքներից հեռացվող կեղտաջրերի մաքրումը: Ծրագրի իրականացման ժամանակահատվածը նախանշվել էր 2014-2018թթ.:

«Նոր Ակունք» ՓԲԸ-ի կայքում՝ «Վարկային ծրագրեր» բաժնում գրված է. «Վերականգնվել է Արմավիր-Մեծամոր կոյուղու գլխավոր կոլեկտորը և Մեծամորի կոյուղու պոմպակայանը: Մասնակի վերականգնվել է Արմավիր քաղաքի ջրահեռացման ներքին ցանցը»

Ինչպես ԷկոԼուրին հայտնեցին արմավիրցիները, նոր մաքրման կայան չի կառուցվել:

2015թ-ին կառավարությունը որոշեց Հայաստանի ջրամատակարարումը հանձնել մեկ օպերատորի՝ «Veolia Group» ընկերությանը: «Նոր Ակունք» ՓԲԸ-ն դադարելու է գործել 2016թ-ի վերջից: Լինելու է մեկ միասնական օպերատոր, որը մրցույթի արդյունքում դարձել է «Veolia Group»-ընկերությունը: Այս ընկերությանը 15 տարի ժամկետով վարձակալության է հանձնվելու մնացած ջրամատակարարման օպերատորների գյույքը, այդ թվում՝ «Նոր Ակունքի»:

Հարց է առաջանում՝ ինչ արդյունքներ ունի «Նոր Ակունքի» հետ ստորագրված վարկային ծրագիրը, ինչքան գումար է ծախսվել ծրագրի իրականացման համար և այս ծրագրի վերաբերյալ ինչ պարտավորություններ են անցնում «Նոր Ակունք»-ից «Veolia Group»-ին:

ԷկոԼուրն այս կապակցությամբ հարցում է ուղարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ պարոն Արսեն Հարությունյանին, ով մինչ Կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելը «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն էր: «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ն ընդգրկված է «Էմ-Վի-Վի Դեկոն», «Էմ-Վի-Վի էներջի» և «Սաուռ» ընկերությունների կոնսորցիումում, որը 2014թ-ից կառավարում էր «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ները:

Լուսանկարը վերցված է www.jam-news.net կայքից:

17:22 Նոյեմբեր 24, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news