Խախտվել են Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի հորիզոնները

Խախտվել են Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի հորիզոնները

ԷկոԼուր

Արարատյան արտեզյան ավազանում առանձնացվում են 3 ջրատար շերտ, որոնք միմյանցից մեկուսացված են որոշակի երկրաբանական պայմաններով: Ամենախորը՝ երրորդ հորիզոնն է, որն ընկած է 90-400 մետր խորության վրա: Երկրորդ հորիզոնն ընկած է 30-70 մետր խորության վրա, իսկ առաջինը՝ 20-30 մետր խորության վրա: Առաջին և երկրորդ հորիզոնների ջրերն ամենավատ քիմիական կազմ, բարձր հանքայնացում և բարձր կոշտություն ունեցող ջրերն են, որոնք պիտանի չեն խմելու համար:

Պիտանի է միայն  երրորդ հորիզոնի ջուրը, որն էլ վերցվում ձկնային տնտեսության համար: ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը «Հայաստանում բնական՝ հանքային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու բնապահպանական կառավարումը. խնդիրներ և լուծման ուղիներ» թեմայով աշխատաժողովի ժամանակ նշեց, որ ջրերի հանքայնացումը մեծացել է հատկապես 2000 թվականից հետո, երբ սկսեց ակտիվ զարգանալ ձկնային տնտեսությունը:

«Նրանք ամենախորը հորիզոններից վերցնում են ամենամաքուր ջուրը, որը կարելի է  միանգամից օգտագործել բնակչության համար որպես խմելու ջուր: Այդ մաքուր ջուրը, որը տարեկան կազմում է 1 միլիարդ խմ, դուրս է մղվում երկրի մակերես, լցվում է շրջակա տարածքում կամ էլ գետերը և անիմաստ կորչում: Եթե հաշվենք, թե այդ 1 միլիարդ խ/մ մաքուր խմելու ջուրն ինչ կարժենա, եթե մենք կարողանանք այն իրացնել, եթե ոչ այսօր, ապա վաղը, մյուս օրը, և ինչ եկամուտ է բերում ձկնային տնտեսությունը, կտեսնենք, որ չնչին է ձկնային տնտեսության բերած եկամուտը, չնչին, ուղղակի այդ հարստությունը չարժե կորցնել», - նշեց ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:

«Աշխարհում չկա մեկ օրինակ, երբ մեր նման ջրային ռեսուրս ունեցող երկրում մաքուր ջրային ավազանի հիման վրա կկազմակերպվի ձկնային տնտեսություն: Ձկնային տնտեսությունը կարելի է զարգացնել արհեստական լճերում, բնական լճերում, որտեղ կա հնարավորություն, որն ավելի անվտանգ է, բայց արտեզյան ավազանի մաքուր ջրի հիման վրա կազմակերպել ձկնային տնտեսություն՝ անթույլատրելի է, ուղղակի անտրամաբանական», - հավելեց մասնագետը:

Աշխատաժողովին ներկա էր նաև ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: ԷկոԼուրը նախարարից հետաքրքրվեց՝ համաձայն է նա արդյոք մասնագետի հնչեցրած այս կարծիքի հետ: Ի պատասխան Արամայիս Գրիգորյանն ասաց. «Այսօր մենք չենք կարող ձկնաբուծությունը վերացնել, տնտեսությանը դա անհրաժեշտ է, բայց վատնել ավելի մեծ քանակությամբ ջուր մենք նույնպես չենք ուզում: Այո, եթե գերօգտագործում լինի, իհարկե, հետագայում մենք խնդիրներ կունենաք, բայց մենք փորձում ենք այդ գերօգտագործում ասած հասկացողությունը իսպառ վերացնել: Մենք փորձում ենք օգտագործել շրջանառու փակ ցիկլի համակարգը, որով ջրի մեծ խնայողություն կլինի: Հանրապետության նախագահի հրահանգով մենք շատ հորեր լուծարեցինք, կոնսերվացրեցինք, այսօր նորմալ վիճակի ենք բերել, և աշխատանքները շարունակվում են: Որոշ ժամանակ անց Դուք կտեսնեք էլ ավելի մեծ փոփոխություններ»:

«Եթե նույնիսկ մենք փակենք, արգելենք այդ խորը հորիզոններից ջուր վերցնելը, միևնույն է, մենք չենք վերադառնա նախկին հանքայնացման մակարդակին: Դա անշրջելի է, դարերի ընթացքում է այդ ջուրը մաքրվել, ֆիլտրվել և կուտակվել: Հիմա գոնե պետք է ձգտել պահպանել այս վիճակը: Դրա համար այդ հորիզոններից ջուր վերցնելն արդյունաբերական նպատակով անթույլատրելի է, դա պետք է վերցնել միայն և միայն բնակչությանն որպես խմելու ջուր մատակարարելու համար», - ԷկոԼուրին ասաց Մարատ Գրիգորյանը: Նա նշեց, որ կառավարությանը ներկայացվել է առաջարկություն՝ դադարեցնել ջրառն  Արարատյան արտեզյան ավազանի երրորդ ջրատար հորիզոնից ձկնատնտեսության նպատակով:

«Գուցե կարճաժամկետ առումով դա երկրի տնտեսությանը բավականին վնաս բերի, բայց լավագույն մեթոդը սա է: Եթե օգտագործման գինն ավելի թանկ է նստում մեզ վրա, քան օգտագործման շահույթը, պետք է հրաժարվենք նման օգտագործումից», - ասաց ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:

Աշխատաժողովը կազմակերպվել էր Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Կայուն զարգացման կենտրոնի համագործակցության շրջանակներում:

17:05 Նոյեմբեր 11, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news