Ինչ դժվարությունների առաջ կանգնեցրեց կորոնավիրուսը գյուղացուն

Ինչ դժվարությունների առաջ կանգնեցրեց կորոնավիրուսը գյուղացուն

ԷկոԼուր

Արդյո՞ք կարտահանվի Հայաստանում արտադրվող գյուղմթերքը: Ահա գլխավոր հարցը, որն այսօր մտահոգում է գյուղացուն: Թեպետ ՀՀ կառավարությունը տարբեր ծրագրեր է նախաձեռնել համավարակով պայմանավորված դժվարությունները հաղթահարելու, բայց կարևորագույն հարցերից արտահանման հարցը դեռ անորոշ է: «Նոր իրավիճակով պայմանավորված գյուղմթերքի արտահանումը դեպի Ռուսաստան ամբողջովին կանգ է առել, իսկ արժեքը կրկնակի ու եռակի ընկել է: Արտաքին շուկա չկա, ներքին շուկայում սպառումը քիչ է, գինը` անհամեմատ ցածր։ Մարդիկ ջերմոցները ջեռուցել են, վառել 1 միլիոն դրամի գազ։ Եթե նախորդ տարի վարունգի մեկ կիլոգրամը վաճառել է 500-700 դրամով, այս տարի վաճառում է 180-200 դրամով։ Հողի կաղամբը լիարժեք դուրս չի եկել, բայց կաղամբի գինն արդեն հասել է 30-50 դրամի կիլոգրամի համար»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Ապագա համայնքի ղեկավար Պետրոս Ավագյանը:

Մարզային «ԱԼՏ» հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանն էլ ասաց. «Հայաստանում արտադրվող ծիրանի ու կեռասի միայն 10 տոկոսն է իրացվում ներքին շուկայում։ Մեկ ամիս հետո կեռասի բերքահավաք է սկսվելու։ Այն հիմնականում վաճառվում է Ռուսաստանում։ Պետությունը որևէ բան անո՞ւմ է, որ վաճառվի այդ ապրանքը, ոչ մի տեղեկատվություն չկա»: Ըստ Խաչիկ Դանիելյանի՝ այս ոլորտում մեծ բաց է այս շրջանում վերամշակող կազմակերպություններին անտոկոս վարկի տրամադրումն ու միաժամանակ որևէ պարտավորություն չներկայացնելը․«Պետությունն անտոկոս վարկ է տալիս վերամշակող կազմակերպությանը, ասում՝ դու միայն մթերի։ Դու իրեն գումար ես տալիս, չես ասում, թե ինչ գնով ես մթերում։ Եթե այս տարի ծիրանը չարտահանվի, իր ինքարժեքի կիսով չափ էլ չեն կարող մթերել»,- ասաց նա։

Իր հերթին «ԱԼՏ» հեռուստաընկերության խմբագիր Անժելա Ստեփանյանը հավելցեց նաև պետության աջակցությամբ անտոկոս գյուղվարկերը ստանալու դժվարությունների մասին:

«Կառավարության աջակցությամբ պետք է 0 տոկոս տոկոսադրույքով գյուղվարկեր տրամադրեին։ Բայց մարդիկ շատ տարբեր դժգոհություններ ունեն՝ օնլայն պետք է լրացվեն այդ հայտերը։ Մի մասի մոտ դժգոհությունն այն է, որ համակարգը չի աշխատել, չեն կարողացել ներկայացնել, մի մասը լրացրել են, բայց մինչ օրս պատասխան չկա, մի մասին մերժել են, և որևէ մեկը չի պատասխանում, թե ինչ հիմքով է մերժվել։ Պատճառաբանություն կա, թե հայտերը շատ են, չեն հասցնում ստուգել։ ․․․Գյուղատնտեսական աշխատանքների բուռն սեզոնը Արմավիրում սկսում է փետրվարից։ Գյուղացին ստիպված է կրկնակի բուժում, կրկնակի խոտհունձ իրականացնել իր այգիներում անձրևների պատճառով։ Սածիլավորման աշխատանքներն են արդեն սկսում։ Դրանք տեխնիկական ծախսեր են։ Եթե այս սեզոնին չես կարողանում ապահովել մարդկանց անտոկոս վարկերով, ի՞նչ աջակցության մասին է խոսքը։ Հուլիսին, որ այդ վարկը ստանա, ինչի՞ համար պետք է ստանա։ Պիտի երաշխիք ունենա, որ մեկից պարտք վերցնի, հուլիսին այդ վարկը ստանալու է։ Այս խնդիրների ֆոնին եթե նույն բանկ մտնես տոկոսով գյուղվարկի համար, անմիջապես ձևակերպում են։ Որևէ տեխնիկական ծանրաբեռնվածություն ի հայտ չի գալիս»,- ասաց նա:

Խաչիկ Դանիելյանը և Անժելա Ստեփանյանն անդրադարձան նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման հետ կապված խնդրին: Այս միջոցառումից օգտվում են անչափահաս երեխա ունեցող և աշխատանք չունեցող քաղաքացիները: «ԱԼՏ» հեռուստաընկերության անմիջապես հարևանությամբ «ՎՏԲ Հայաստան» բանկի հերթական մասնաճյուղն է։ Դանիելյանը մատնացույց անելով բանկի դիմաց հավաքված մարդկանց նշեց․ «Այս մարդիկ փող ստանալու համար չեն կանգնած։ Կարող է առավոտից մինչև երեկո կանգնի, հազիվ հերթը հասնի, մտնի, անուն-ազգանուն ասի, պատասխանեն՝ գումար չկա, հաջորդ առավոտյան կրկին գա: Քանի որ տրանսպորտը չի աշխատում, օրը 3000 դրամ տաքսու են տալիս, որպեսզի իմանան 26 հազար դրամ տալիս են, թե չէ»։ Անժելա Ստեփանյանի խոսքով էլ, իր ծանթներից մեկն արդեն 8000 հազար դրամ է ծախսել, որպեսզի այդ գումարը ստանա: «Տաքսի է բռնում, 1000 դրամ տալիս է, գալիս։ 1000 դրամ էլ տալիս՝ գնում է տուն։ Արդեն չորրոդ օրն է՝ իր գումարը չի ստացել, բայց իրեն հաղորդագրություն է եկել, որ հաստատվել է իր մասնակցությունը ծրագրին»,- ասաց նա։

Մարզում դժվարություններ կան նաև հեռավար կրթության կազմակերպման գործում:

Ըստ Անժելա Ստեփանյանի ու Խաչիկ Դանիելյանիր հիմնական խնդիրը դպրոցականների ու որոշ դեպքերում նաև մանկավարժների՝ հեռավար դասապրոցեսին մասնակցելու համար անհրաժեշտ սարքավորումների բացակայությունն է։ Դանիելյանի ներկայացմամբ, պաշտոնական տվյալներով հաղորդվում է Արմավիրի մարզում 2211 երեխայի՝ հեռավար դասերին չմասնակցելու մասին, սակայն հեռուստաընկերության տնօրենի մեկ այլ աղբյուրի համաձայն՝ այդ թիվը կրկնակի շատ է՝ 3000-4000 երեխա։ Մյուս խնդիրն ըստ նրա՝ համակարգչի կամ հեռախոսի առկայության պայմաններում դրանց տիրապետելու հմտությունների բացակայությունն է․ «Օրինակ՝ մի գյուղի մաթեմատիկայի ուսուցիչը չի իմանում՝ ինչ է համակարգիչը, իրենք մաթեմատիկա 6-րդ դասարանում չեն անցնում, պատմությունը՝ նույնկերպ»,- ասաց նա։ Ըստ Անժելա Ստեփանյանի, այս խնդրին հիմնականում բախվում են մեծ տարիքի ուսուցիչները։ «Հեռավոր համայնքների բնակիչները համացանցի խնդիր ունեն։ Իրենց երեխաները լիարժեք չեն մասնակցում։ Կամ կա մեկ հեռախոս, երկու երեխա և ժամերը չի համընկնում։ Ծնողները դժգոհում են, որ ծախսն է ավելացել։ Եթե նախկինում իրենց պետք չէ եղել հեռախոսում համացանց ունենալ, հիմա օրը 200-500 դրամով ակտիվացնում են։ Այդ ընտանիքների համար մեծ ճոխություն է։ Բայց գնում են դրան, որպեսզի իրենց երեխան հետ չմնա»,- ասաց նա։

Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Արմավիրի մարզին հատկացվել է 235 համակարգչային սարք։ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ ստացված տեխնիկան ժամանակավոր շահագործման է տրամադրվել բազմազավակ և սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքներին, մասնավորապես։ Մարզպետարանի կայքում հրապարակված մեկ այլ հայտարարությամբ էլ մարզի շինարարներին արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորության բացակայության պատճառով առաջարկ է արվում լրացնել հատուկ ձևաթուղթ՝ մարզում շինաշխատանքներին ներգրավվելու նպատակով։ Մեկ այլ աջակցություն էլ ցուցաբերվել է մարզային բուժհաստատություններին։ Մասնավորապես՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Արմավիրի մարզի ներկայացուցիչները մարզպետարանին են հանձնել իրենց կողմից եռաչափ տպիչներով պատրաստված 150 պաշտպանիչ դիմավահանները։

 

13:27 Մայիս 13, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news