Քաղցրաշենցիները կառավարությունից ոռոգման ջուր են պահանջում

Քաղցրաշենցիները կառավարությունից ոռոգման ջուր են պահանջում

ԷկոԼուր

Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները ս.թ. հուլիսի 16-ին ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել, ոռոգման ջուր էին պահանջում:

Ցուցարարների խոսքով՝ արդեն մի քանի շաբաթ է` չեն կարողանում ոռոգել իրենց հողատարածքները: Քաղցրաշենում ջրամատակարարման համար պատասխանատու «Արտաշատ» ՋՕԸ-ն ջրատարnերի մաքրման աշխատանքներ է իրականացնում:

«Իրանք ասում են՝ ի վիճակի չենք, կանալի ջուրը կեղտոտ է, «Ջրառն»  է մեղավոր, պետք է Երևանի կողմից մաքրելով գան, մաքրում են Արարատի կողմից, գալիս են դեպի Երևան, որ էդ տիղմը էլի գա, լցվի», - «Ազատության» հետ զրույցում ասել է ցուցարարներից մեկը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցարարներին լսելու է եկել ՋՕԸ աջակցող թիմի համակարգող Կարեն Դադոյանը: Նա հայտնել է, որ բողոքող քաղաքացիների մի մասը ՋՕԸ-ի հետ չունի կնքված պայմանագի րև չի կարող ջուր ստանալ: Ի պատասխան ակցիայի մասնակիցները ցույց են տվել իրենց ջրիվարձի վճարների կտրոնները՝ շեշտելով, եթե ջուր ստանալու իրավունք չունեն, ապա ինչո՞ւ են իրենցից վճարում ընդունել:

Ցուցարարները փորձել են փակել Տիգրան Մեծ պողոտան, սակայն ոստիկանները թույլ չեն տվել:

Մի քանի ժամ տևած ակցիայի արդյունքում ցուցարարները խորհրդատվություն են անցկացրել Ջրային կոմիտեի ղեկավարության հետ։ «Մենք պայմանավորվեցինք տեղում ուսումնասիրել իրավիճակն ու ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` կանոնավոր ջրամակատարարումը վերսկսելու համար», - «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը։

Նշենք, որ Քաղցրաշեն համայնքը գտնվում է Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ: Բացի այդ, համայնքն ընդգրկված է Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրում, սակայն Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգից ջուր դեռ չի ստանում: Ջրային կոմիտեի հանրային կապերի բաժնից ԷկոԼուրին հայտնեցին, որ ինքնահոս ոռոգման համակարգի շինարարության փուլն ավարտվել է, Քաղցրաշենի ինքնահոս գիծն արդեն կառուցվել է և ներկայում փորձարկման փուլում է գտնվում:

«Դժվար է ասել, երբ կսկի գործել, բավական բարդ կառույց է, փուլերով իրականացվել է, պետք է ճնշումային տարբեր փորձարկումներ արվեն, որպեսզի տեսնենք, որ կտորը ինչպես է աշխատում: Ինքը ներքևից գալիս, բարձրանում է, հետո իջնում է, աշխարհագրական շատ բարդ տեղանքում է իրականացվել: Ըստ տեղանքների փուլերով արվում է փորձարկումը: Հենց գործի, բավական կթեթևացնի այդ շրջանի ջրի հոգսը», - փոխանցեցին Ջրային կոմիտեից:

Լուսանկարը՝ www.photolure.am

18:13 Հուլիս 17, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news