ԷկոԼուր
Ներկայումս ընթանում է Դալմայի այգիները ոչնչացնելու մի նոր ալիք: Դալմայի այգիների տարածքում իրականացվող շինարարության հետևանքով օրեր առաջ քանդվել է պատմամշակութային արժեք ներկայացնող 18-19 դարերին վերագրվող հնձան: Մինչ այդ էլ ավիրվել է կանաչ գոտին՝ իր ավելի քան քսան տարվա մրգատու ծառերով: Այս մասին ահազանգ են հնչեցրել «Դալմա-Սոնա» հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Ղազարյանը և «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն»-ի ղեկավար Մարի Չաքրյանը:
«Դալմա մոլի հարևանությամբ՝ Ծիծեռնակաբերդի խճուղու հարող տարածքում, «բուլդեզերով» ավիրվում է կանաչ զանգված, 20 տարվա հսկայական ծառեր»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարի Չաքրյանը: ԷկոԼուրի հետ զրույցում նա նշեց, որ տարածքում իրականացվում է համատարած կառուցապատում: «Քաղաքապետարան հարցումներ ենք ուղարկել Դալմայի այգիների հետ կապված, այդ թվում՝ թե կառուցապատման և կանաչապատման ինչ նախագծեր կան: Պատասխանել են, որ չեն տիրապետում տեղեկատվության: Իսկ հիմա էլ ասում են սեփական տարածք է: Բայց հարցն այն է, որ այս տարածքն ապօրինաբար է ձեռք բերվել: Ծառերը տնկվել, խնամվել և շարունակվում են խնամվել նախկին վարձակալի կողմից: Ոչ մի հաշվարկ, գույքագրում չի արվել, թե այդտեղ որքան ծառ կա»,- ասաց նա: Նրա խոսքով ահազանգել են նաև Երևանի քաղաքապետարան, քաղաքապետարանից ոչինչ չեն պատասխանել:
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ԷկոԼուրի հետ զրույցում հաստատեց, որ այդ տարածքն ունի սեփականատեր, իսկ հայաստանյան օրենսդրության համաձայն՝ սեփականատերը իրավունք ունի իր տարածքի բուսականության հետ վարվել այնպես, ինչպես ուզում է. «Տարածքի սեփականատերը մտադիր է այդտեղ բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ կառուցապատում իրականացնել: Շինթույլտվություն դեռ չունի, բայց ունի նախագծանախահաշվային առաջադրանք: Եվ ունի նախնական էսքիզ, թե ինչ է մտադիր այդտեղ կառուցել: Ըստ այդ էսքիզի՝ տարածքի առնվազն 60 %-ը կանաչապատվելու է, ստեղծվելու է ընդարձակ այգի»,- ասաց Կարապետյանը:
Հակոբ Կարապետյանի կողմից տրամադրված էսքիզի լուսանկարը
Ինչ վերաբերում է ավիրված հնձանին, Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի (ԿԳՄՍ) նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ այն ընդգրկված չի եղել «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ սահմանված ցանկում: Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. «Նախարարության մասնագետները նոյեմբերի 16-ի առավոտյան այցելել են Դալմայի այգիների ավերված շինության տարածք, տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ ոլորտի մասնագետների և կառուցապատող կազմակերպության ներկայացուցիչների միջև, ուսումնասիրել են պատմամշակութային հնարավոր արժեք ներկայացնող այլ շինություններ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է հրատապ կարգով ստեղծել արշավախումբ՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու, պատմամշակության արժեք ներկայացնող առկա շինություններն արձանագրելու և իր գործառույթների շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար: Կառուցապատողը պատրաստակամություն է հայտնել համագործակցել սույն հարցով պատկան մարմինների հետ, տրամադրվել են անհրաժեշտ փաստաթղթերը: Արշավախմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացվի հավելյալ տեղեկատվություն»:
Լուսանկարները՝ Մարի Չաքրյանի
Նոյեմբեր 18, 2019 at 12:48