Սայաթ Նովա համայնքի բնակիչները ստորագրահավաք են անում ջրի նկատմամբ իրենց խախտված իրավունքը վերականգնելու համար

Սայաթ Նովա համայնքի բնակիչները ստորագրահավաք են անում ջրի նկատմամբ իրենց խախտված իրավունքը վերականգնելու համար

ԷկոԼուր

ՀՀ Արարատի մարզի Սայաթ Նովա համայնքի բնակիչները, ովքեր ունեն ոռոգման և խմելու ջրի մեծ խնդիր, ստորագրահավաք են սկսել, որպեսզի նամակով դիմեն ՀՀ կառավարությանը՝ ջրի նկատմամբ իրենց խախտված իրավունքը վերականգնելու պահանջով:

Նամակում մասնավորապես նշված է.

«Հարգելի պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ,

մենք՝ Սայաթ Նովա համայնքի բնակիչներս, դիմում ենք ջրի նկատմամբ մեր իրավունքների վերականգնման համար:

Մենք զրկվել ենք մեր հիմնարար՝ ջրի մատչելիության իրավունքից: Համայնքն ունի խմելու և ոռոգման ջրի հիմնախնդիր, ինչը պայմանավորված է Արարատյան ստորգետնյա արտեզյան ջրերի հաշվեկշիռի խախտման, մակերևութային ջրերի հոսքերի կրճատման, ջրային հորիզոնների նվազման, հողերի գերխոնավեցման, աղակալման, աղբյուրների չորացման, անապատացման երևույթների ակտիվացման և գյուղատնտեսության անկմամբ: Արդյունքում 1893 բնակիչներիս համար ստեղծվել է սոցիալական և էկոլոգիական առումով աղետալի վիճակ:

Խմելու ջրի խնդիր

Գյուղը չունի խմելու ջրի ներհամայնքային ցանց։ Համայնքը խմելու և կենցաղային նպատակներով օգտագործում է արտեզյան հորերի ջուրը, ինչը վերջին 10-15 տարում կորցրել է իր քանակական և որակական ցուցանիշները: Խմելու ջրի ներհամայնքային ցանցն ունի անհետաձգելի վերանորոգման անհրաժեշտություն։ Կեղտաջրերի ներթափանցումը խմելու ջրի ցանց կարող է դառնալ վարակիչ հիվանդությունների պատճառ։

Ներկայումս համայնքի ոչ բոլոր տներում է ծորակներից ջուր հոսում, խմելու ջուրը կամ բերում ենք Մասիսից, կամ ջուր ունեցող հարևաններից: Խմելու ջուրը ձեռք է բերել տհաճ համ, այն ամբողջովին չի ապահովում գյուղի կարիքները:

2017-2021թթ. համայնքի զարգացման ծրագրում ջրային ոլորտում նախատեսել ենք խմելու ջրագծերի կառուցման համար 300,0 մլն. դրամ նախագծային արժեքներով աշխատանքների իրականացում: Սակայն համայնքի սուղ բյուջեով հնարավոր չէ այդ աշխատանքներն իրականացնել:

Ոռոգման ջուր

Ձկնաբուծության համար անխնա ջրօգտագործման հետևանքով արտեզյան հորերի մակարդակն իջել է, ջրի ծավալը նվազել: Տնամերձ հողատարածքները ոռոգվում են հողատարածքներում առկա գրունտային ջրերով: Սայաթ-Նովա համայնքի 130 հա մշակովի հողատարածքներն ունեն ոռոգման ջրի խնդիր:

Համայնքի ոռոգման համակարգը հիմնականում սպասարկում է «Երևան» ՋՕԸ-ի Մասիսի տեղամասը` Հրազդան գետից կատարվող ջրառով: Հրազդան գետից մեխանիկական եղանակով ոռոգվող համայնքային հողերին հաճախ ջուր չի հասնում պոմպերի խափանման կամ հոսանքի անջատումների ժամանակ՝դրանց չաշխատելու պատճառով:
2018թ-ից ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ, «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) և «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրերի և Հայ Օգնության Ֆոնդի շնորհիվ մեր համայնքում լուծվեց 60 հա հողատարածքների ոռոգման խնդիրը։ Այն իրականացվեց «Մասիս-Ձուկ» ձկնաբուծարանի հետադարձ ջրերի օգտագործման տեխնոլոգիական ներդրման արդյունքում։ Այս աշխատանքների շրջանակներում կառուցվել է 1200մ խողովակաշար։ Ծախսված գումարը կազմել է 56 705 200 (հիսունվեց միլիոն յոթ հարյուր հինգ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ: Համայնքը, որպես ներդրում ծրագրին, իր միջոցների հաշվին ձեռք է բերել ենթակայան և իրականացրել է բոլոր հողային աշխատանքները: Համայնքի կողմից ծախսված գումարը կազմել է 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ: Սակայն ծրագրի սուղ գումարները հնարավորություն չեն տվել ամբողջովին լուծելու համայնքի ոռոգման ջրի խնդիրը։

Ջրագծի կառուցումն ավարտին հասցնելու համար ահրաժեշտ է ևս 400 մմ տրամաչափի 1200 մ երկարությամբ խողովակ, որի ձեռք բերման և տեղադրման ընդհանուր արժեքը կկազմի մոտ 25 000 000 (քսանհինգ միլիոն)։ Վերը նշված ծրագրի ամբողջությամբ իրականացման դեպքում կկանխվի համայնքի շուրջ 190 հա հողատարածքի դեգրադացիան, կստեղծվեն աշխատատեղեր, բոլոր հողօգտագործողները հնարավորություն կստանան տարբեր տեսակի մշակաբույսերի մշակման համար: Դրա հետ կապված հողային աշխատանքները պատրաստ ենք իրականացնել մեր ուժերով:
2017-2021թթ. համայնքի զարգացման ծրագրում ջրային ոլորտում նախատեսել ենք ոռոգման ցանցերի կիսախողովակների տեղադրման համար 20,0 մլն դրամ:
Դիմում ենք ՀՀ կառավարության և պետության աջակցությանը համայնքի ջրի խնդիրների լուծման հարցում պետական պահուստային ֆոնդից հատկացումների` միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում ներգրավման և օրենքով չարգելվող այլ աղբյուրներից հատկացումների տեսքով։

Միաժամանակ խնդրում ենք Ձեր հանձնարարականը ՀՀ կառավարության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ կատարելու համայնքում մատակարարվող խմելու ջրի որակի ուսումնասիրություն և արդյունքների մասին տեղյակ պահել համայնքի բնակիչներիս»:

Սույն նյութը պատրաստվել է «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որի ընթացքում արտահայտված տեսակետները կամ ներկայացված նյութերի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

13:59 Հուլիս 31, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news