Սևանա լճի ափամերձ հանգստյան գոտիների տնտեսվարողները փակել էին Սևան-Երևան մայրուղին

Սևանա լճի ափամերձ հանգստյան գոտիների տնտեսվարողները փակել էին Սևան-Երևան մայրուղին

ԷկոԼուր

Այսօր վաղ առավոտից Սևանա լճի ափամերձ հանգստյան գոտիների տնտեսվարողները փակել էին Սևան-Երևան մայրուղին՝ պահանջելով պետական մակարդակով հայտարարել, որ Սևանա լճի ջրի որակը վտանգ չի սպառնում մարդկանց առողջությանը: Ըստ տնտեսվարողների՝ Սևանա լճի ջրի վատ որակի մասին հայտարարություններից հետո մարդիկ չեն գալիս Սևան հանգստանալու, տուժում են նրանց բիզնեսները:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ազատություն TV-ի հետ զրույցում նշեց, որ վիճակն ափերում գնալով լավացել է, ափերը մաքուր են, վտանգ չկա, մարդիկ կարող են լողալ լճում:

«Մեր հորդորներից հետո տեղափոխվեցինք ափեր, հանրային լողափի ափին ենք կանգնած, այստեղ ջրի որակը լավ է, այս հատվածներում վտանգ չկա, ամեն ինչ նորմալ է», - ասաց Գնել Սանոսյանը:

Տնտեսվարողները ճանապարհը բացել են պայմանով, որ մոտ օրերս պետական մակարդակով հայտարարություն լինի, որ Սևանա լճի ջուրը մաքուր է և վտանգ չի սպառնում մարդկանց առողջությանը:

«Պարբերաբար ջրի անալիզներ են արվում, և ամեն հաջորդ անալիզից ինչ-որ բան է պարզվում: Ի ուրախություն մեզ, նախորդ արդյունքների համեմատ ավելի լավացել է, և հիմա սպասում  ենք նոր արդյունքների: Մենք չենք կարող խնդիր ունենալ և ոչինչ չանել ու չասել, և հակառակը, եթե ջրի որակը գնալով կարգավորվում է, պետք է դրա մասին էլ ասել, որ մադիկ գան, իրենց հանգիստն անցկացնեն Սևանա լճում», - ասաց Գնել Սանոսյանը:

Այնուհետև ցուցարար տնտեսվարողները և մարզպետ Սանոսյանը լողացին լճում՝ ապացուցելու համար, որ լճի ջուրն անվտանգ է:

Նշենք, որ Սևանա լիճն այս տարի մաշտաբային ծաղկել է: Օրեր առաջ Առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հորդորելով քաղաքացիներին չլողալ Սևանա լճի ափամերձ այն տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում:

Սևանա լիճը փրկելու կոչեր են հնչեցնում բնապահպանները: Հուլիս 13-ին «SOS Սևան» նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նախաձեռնության անդամները, ներկայացնելով լճի վիճակի վերաբերյալ հավաքագրված փաստերը, գիտական հետազոտությունների, ուսումնասիրությունների արդյունքները, պետական և անկախ փորձագետների կողմից ստացված մոնիթորինգային տվյալների վերլուծությունները, պահանջում են կառավարությունից ամբողջ կազմով պատասխանատվություն ստանձնել Սևանա լճի փրկության համար:

Հուլիս 15, 2019 at 15:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր